HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Այսօր խոսքի ազատության պաշտպանության համար ենք եկել»

Երեկվա բողոքի ակցիային արձագանքել էին տարբեր մասնագիտություններ եւ հետաքրքրություններ ունեցող անձինք: Սակայն նրանց միավորել էր խոսքի ազատության եւ լրագրողի, ՀՀ քաղաքացու անվտանգության մտահոգությունը: Ստորեւ ներկայացնում ենք ակցիայի մասնակիցների կարծիքները, որոնք գրի է առել Հետքի թղթակիցը: Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ «ՄԵնք համարում ենք, որ ճնշումները, որոնք նախորդ տարիներից ակնհայտ են եղել, այսօր հասել են գագաթնակետին և, մանավանդ օգսստոսի իրադարձություններից հետո, երբ լրագրողներին ծեծում էին, ճնշումներ գործադրում, սա արդեն չափից ավելի հանդուգն քայլ էր, որովհետև նրանք ձեռք են բարձրացրել բոլորի կողմից ճանաչված և շատ հարգված լրագրողի վրա: Կարծում եմ, որ եթե այս անգամ էլ չպատժվեն լրագրողները, ապա այդ տիպի ոճրագործները ավելի սանձարձակ կգործեն»: Թամարա Գրիգորյան, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ «Կարծում ենք, որ սա մեզ համար էլ է շատ կարևոր, մենք պետք է համոզված լինենք, որ, ի վերջո, մեր երկրում տեղեկատվության անվտանգությունը ոչ թե միայն խոսք է լինելու, այլև իրականություն: Այսինքն` վաղը մենք լրագրողներ ենք դառնալու, և մեզ հետ են նման կերպ վարվելու: Արդեն ինչ-որ հուսահատություն է է ծնվում, որ երևի էլ լրագրող չդառնանք»: Մերուժան Հարությունյան, ազատամարտիկ «Պահանջում եմ ազատ մամուլ, պահանջում եմ պատժել մեղավորներին»: Ավետիք Իշխանյան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ «Ես համոզված եմ, որ այս դեպքը կապված է Էդիկ Բաղդասարյանի մասնագիտական գործունեության հետ: Դա իշխանության կողմից է արված, թե ոչ: Ես այսպես պատասխան կտամ` որովհետև մինչև հիմա ինչքան այդպիսի դեպքեր եղել են` լրագրողների դեմ կատարված բռնություններ, բռնություններ քաղաքական ակտիվիստների նկատմամբ, ըստ էության, որևէ պատիժ գործնականում չի եղել: Իսկ եթե գործնականում որևէ պատիժ չի եղել, ապա այդտեղ երկու հետևություն կարելի է անել. կամ Հայաստանի իրավապահ մարմինների պրոֆեսիոնալիզմը զրոյից ցածր է, կամ, եթե նույնիսկ իրենք չեն արել, ապա պետությունը պարտավոր է կանխարգելել նման դեպքերը: Եթե մինչ հիմա որևէ կանխարգելում չի եղել, ապա տվյալ դեպքում, անկախ այն բանից, թե պատվերն իջեցված է իշխանության որևէ օղակի կողմից, թե այլ օղակից, միևնույն է, պատասխանատուն կրկին իշխանությունն է, որովհետև կանխարգելիչ միջոցներ չի ձեռնարկում: Դա գայթակղություն է առաջացնում մյուսների մոտ, որովհետև գիտեն, որ իշխանության կողմից պատժի չեն արժանանա»: Նատալյա Մարտիրոսյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտե «Ի՞նչ արդյունք ենք սպասում այս ակցիայից: Այն, որ մենք միասին ենք, որ չենք հանդուրժում, որ մենք ունենք կարծիք և փորձում ենք մեր ոտնահարված իրավունքները վերականգնել: Սա է հիմնական նպատակը ցանկացած ակցիայի: Ինձ համար դա կարևոր է»: Ինգա Զարաֆյան, «Էկոլուր» տեղեկատվական կազմակերպության նախագահ «Ես չգիտեմ, անձամբ ինձ համար դա Էդիկ Բաղդասարյանի աջակցության ակցիա էր, որովհետև մենք, իհարկե, պահանջում ենք մամուլի ազատություն, բայց, իմ կարծիքով, շատ հեշտ է ամեն մեկին այդպես ծեծել և շարքից դուրս հանել, իսկ մենք ուզում ենք ասել, որ դա չի ստացվի»: Ամերիկահայ քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյան «Այս փակ սիստեմի մեջ եթե որևէ մեկը ուզում է պրոֆեսինալ ժուռնալիստ դառնալ, շատ անվստահություն կա, քանի որ այս տեսակ ավազակություն կարող է ընթանալ: Որևէ պրոֆեսիոնալ մարդ չի կարող մենակ գործել, այլ պետք է միասին պայքարել ժողովրդավարության հաստատման համար»: Ամալյա Կոստանյան, «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության նախագահ «Եթե իշխանությունը ունի ժողովրդի վստահությունը, նա չպետքէ վախենա ո՛չ քննադատությունից, ո՛չ էլ առավել ևս հետաքննություից, իսկ եթե վախենում են, ուրեմն վախենալու ու թաքցնելու բան ունեն: Վստահություն չունեմ, որ կբացահայտվեն Էդիկ Բաղդասարյանի նկատմամբ բռնություն կատարողները, բայց համոզված եմ, որ պարտավոր ենք պահանջել, պարտավոր ենք պայքարել դրա համար: Եթե մենք ընդունենք, որ այս պետության մեջ միայն վախն ու բռնությունն է աշխատում, ապա մենք արդեն չենք կարողանա ժողովուրդ անվանվել և կլինենք զուտ ստրուկներ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter