HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրագրողները թերագնահատում են վտանգը. երեկվա բողոքի ակցիային նրանք սակավաթիվ էին

Երեկ` նոյեմբերի 19-ին, Հետքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի վրա կատարված հարձակման առիթով կազմակերպված բողոքի ակցիային` ի պաշտպանություն լրագրողների անվտանգության եւ ազատ մամուլի, զարմանալիորեն սակավ թվով լրագրողներ կային: Մոտ 50 հոգանոց ակցիային ու երթին ներկա էր հազիվ մեկ տասնյակ լրագրող: Իրենց իսկ իրավունքների պաշտպանությանը նվիրված ակցիայի նկատմամբ լիարժեք անտարբերություն էին դրսեւորել հատկապես հեռուստաընկերությունները, որոնք, սակայն, շատ ակտիվ էին տուժած լրագրողին տեսակցության գնացած վարչապետի այցը լուսաբանելիս: «Ինչո՞վ եք բացատրում լրագրողների սակավությունը» Հետքի հարցին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը պատասխանեց. «Լրագրողները թերագնահատում են վտանգը, եւ իզուր: Քանի դեռ նրանք առանձին-առանձին են լուծում իրենց հարցերը, վտանգը մեծանալու է: Կարծում եմ, որ կգա համախմբման ժամանակը: Իսկ այսօր լրատվամիջոցներն այնպես են ճամբարների բաժանված, որ չեմ բացառում` որոշները գուցե ներքուստ կուրախանան: Բայց այս անգամ բռնությունն ավելի հանդուգն է, որովհետեւ այլ բան է սովորական լրագրողի նկատմամբ ոտնձգությունը, մեկ այլ բան Էդիկ Բաղդասարյանի նման հայտնի եւ բոլորի կողմից հարգված հետաքննող լրագրողի: Թեեւ, մենք դատապարտում ենք ցանկացած ոտնձգություն ցանկացած լրագրողի նկատմամբ»: Գործընկերների պասիվությունից դժգոհ էր նաեւ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը. «Սա բողոքի ակցիա է, և շատ կարևոր է համախմբվել և ուժ ցույց տալ, որ մենք միասնական ենք, ինչը, ցավոք սրտի, չի ստացվում: Ինչպես մենք այստեղ տեսանք, միայն ընդդիմադիր մամուլի ներկայացուցիչներն են, ում որ հիմնականում ծեծում են, սա որերորդ դեպքն է, որ լրագրողին ծեծի են ենթարկում, և իշխանության ներկայացուցչի` վարչապետի արձագանքը ոչ մի հույս չի ներշնչում, որ գործը կարող է բացվել: Յոթերորդ դեպքին նոր արձագանքեցին: Եթե իշխանությունը արձագանքում է, ապա պետք է բոլոր դեպքերին արձագանքի և բացահայտի: Երբ մամուլի դաշտը կհավաքվեր միասնական այստեղ, իշխանամետ մամուլի ներկայացուցիչները նույնպես կգային ու կհասկանային, որ իրենց հետ էլ նույնը կարող է պատահել, այ, այդ ժամանակ միասնականությունը ինչ-որ բան կնշանակեր»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter