Ս. Շաքարյանց. «Մայենդորֆյան հռչակագիրը հայտարարություն է ցանկությունների մասին»
Այսօր «Հայացք ակումբում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը մայենդորֆյան փաստաթուղթը գնահատեց «ցանկությունների մասին հայտարարություն»:
Ըստ նրա՝ հռչակագիրն ամենևին չի երաշխավորում, որ Ադրբեջանը պատերազմ չի վերսկսի: Միևնույն ժամանակ Ս. Շաքարյանցը համաձայն է այն գործիչների հետ, ովքեր կարծում են, որ հռչակագիրը նախադրյալ է պատերազմի չվերսկսման մասին համաձայնագիր կնքելու ճանապարհին:Ս. Շաքարյանցը կարծում է, որ պարտադիր չէր Ղարաբաղի նախագահի ստորագրության առկայությունը այդ փաստաթղթի տակ, բայց անհրաժեշտ էր Ղարաբաղի նախագահի ներկայությունը հռչակագիրը ստորագրելիս: Նա հիշեցնում է մեկ այլ ցանկությունների փաստաթղթի` Բիշկեքի արձանագրության տակ Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհրդի նախագահի ստորագրությունը. «Պատկերացրեք, թե ինչքան բարձր էր իր կարգավիճակով այդ միջոցառումը մեզ համար, եթե չճանաչված պետության խորհրդարանի նախագահը հրավիրված էր այնտեղ և իրավահավասար կարգավիճակով նստած էր դահլիճում»:
Հետքի այն հարցին , թե ում ցանկություններն են արտահայտված հռչակագրում, Շաքարյանը կարծիք հայտնեց, որ այնտեղ արտահայտված են բոլորի ցանկություններն էլ: Ըստ նրա՝ Հայաստանի համար կարևորը այն է, որ պատերազմ չլինի, իսկ Ադրբեջանին առավել ձեռնտու է տարածաշրջանում ամեն ինչ ստանալ առանց պատերազմի: Խոսելով Ռուսաստանի մասին՝ Ս. Շաքարյանցն ընդգծեց, որ Ռուսաստանին ձեռնտու չէ իր զինված ուժերը օգտագործել Կովկասում, նա իր զորքերը պատրաստում է ըննդեմ ՆԱՏՕ-ի: Ըստ նրա՝ պատերազմները ձեռնտու չեն նաև Արևմուտքին, քանի որ նրանք մեծ կորուստներ են կրում, և նրանց շահերը թուլանում են տարածաշրջանում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել