HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նա ազգանունը չի փոխել եւ իրավաբանից դարձել է կոշկակար (վիդեո)

Հատուկ կոշիկ կարելու իր «Զինգեր» մեքենայով է հպարտանում կոշկակար Էդիկ Համբարյանը. «Սրանից Քոբուլեթում չկա: 180 տարեկան է»,- ասում է նա: 

46-ամյա Էդիկ Համբարյանն արդեն 20 տարի է` կոշիկ է կարում Աջարիայի ծովափնյա Քոբուլեթ քաղաքում: Ոտնամանի վերին մասը իր «Զինգեր»-ով է կարում, իսկ գետնին հպվող հատվածը` ձեռքով, որ կոշիկը դիմացկուն լինի: Կոշկակարի գաղտնիքները չի բացում, ասում է, որ դրանք փոխանցել հնարավոր չէ, պետք է տեսնել ու հասկանալ:

Էդիկ Համբարյանը մենակ չի աշխատում, նրա գործընկերը եւս հայ է` Ռոբերտ Հակոբյանը: Կոշիկների վերանորոգման ոչ այնքան շքեղ կրպակի հարեւանությամբ նրանց արհեստանոցն է: Ձմռանն այնտեղ են աշխատում, իսկ ամռանը վրացի ընկերներից վերցնում են փոքրիկ կրպակը եւ օգտագործում նաեւ որպես կոշիկների վերանորոգման տաղավար:

«Ով աշխատում է, ջանք է թափում, նա միշտ էլ կուշտ է լինում,- ասում է Էդիկ Համբարյանն ու անկեղծանում,- կոշկակարները բոլորն էլ լավ են ապրում Քոբուլեթում, լավ տներ ու մեքենաներ ունեն: Կյանքից չենք բողոքում, կոշկակարությունը եկամտաբեր արհեստ է»:

Արհեստավարժ վարպետն ասում է, որ մեկ օրում որակյալ երկու զույգից  ավելին չես կարող կարել: Այդ դեպքում կոշիկի մեկ զույգը կարժենա 200-300 դոլար, իսկ եթե կապրոնից կարես, ապա կոշիկի զույգի գումարը կկազմի 40-50 լարի (մոտ 10 հազար դրամ):

Էդիկ Համբարյանն ու գործընկերը իրենց կոշիկների հումքը ներկրում են Թուրքիայից, Թբիլիսիից եւ Երեւանից: Երեւանից հիմնականում բերում են կոշկատակ, կաշի եւ սոսինձ: Հայաստանցի հայերը Էդիկ Համբարյանի կարած կոշիկները շատ քիչ են գնում: Վարպետը դա բացատրում է Հայաստանում եղած առավել որակյալ կոշիկներով:

«Այնտեղ հումքն էլ Ռուսաստանից են բերում, կոշիկներն ավելի որակյալ են: Եվ ընդհանրապես Հայաստանն ավելի զարգացած երկիր է, քան Վրաստանը: Այ եթե այստեղ հայեր ապրեին, Վրաստանը վերածնունդ կապրեր: Իսկ երբ պետության գլխում կանգնած է մի նախագահ, որին տարբեր ազգություններ են ընտրում, դա արդեն պետություն չէ»,- բացատրում է կոշկակարը:

Էդիկ Համբարյանը հիշում է  կոշկակարությամբ զբաղվելու  պատճառները: Կոշիկներ սկսել է կարել ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, իսկ մինչ այդ սովորել եւ բարձրագույն կրթություն է ստացել Խարկովում: Վերադառնալուց հետո որակավորված իրավաբանն աշխատանք չի կարողացել գտնել, ստիպված սկսել է ինչ-որ արհեստում հմտանալ: «Այս պետության մեջ մասնագիտությամբ աշխատել հնարավոր չէ»,- համոզված է նա:

Կոշկակարի հետ մեր զրույցը երկլեզու էր` հայերեն հարցադրումներին նա ռուսերեն էր պատասխանում: «Հայերեն ամեն ինչ հասկանում եմ, բայց խոսել չեմ կարողանում, մի նախադասությունից հետո անցնում եմ ռուսերենի,- խոստովանում է կոշկակարը,- երբ ամբողջ տարի հայերեն չես խոսում, հետո Հայաստանից հյուրեր են գալիս, կամաց-կամաց  «աբարոտ ենք հավաքում»: Իսկ այստեղ ու՞մ հետ հայերեն խոսենք. տուն ենք գնում ռուսերեն ու վրացերեն ենք խոսում»: Հարցին, թե հայերենով նույնիսկ ընտանիքի անդամների հետ չեն հաղորդակցվում, պատասխանում է, որ ավելի հաճախ վրացերեն ու ռուսերեն են խոսում, իսկ հայերեն միայն այն դեպքում, երբ հայերով հավաքվում են մեկ ուրիշ հայի տանը, ասենք, երբ հյուր են գնում նրանց տուն:

 Է. Համբարյանի երեխաները նույնպես հայերեն հասկանում են, բայց չեն խոսում: Աղջիկը Թբիլիսիի բժշկական համալսարանի ուսանող է, իսկ կրտսեր դուստրը դպրոցի ավարտական դասարանում է: Է. Համբարյանն ասում է, որ Քոբուլեթում բժշկի համար գործ կա, բայց շատ դժվար է աշխատանքի ընդունվել: «Պետք է ազգանունը փոխել, բայց ես չեմ փոխում, ես հայ եմ,- ասում է նա եւ հավելում,- շատ դժվար է աշխատանքի անցնել հայկական ազգանունով: Կամ էլ` փող ունես, աշխատանք կլինի, ամեն տեղ է այդպես»: Դիտարկմանը, թե նախագահ Սահակաշվիլին խիստ կրճատել է կոռուպցիան երկրում, պատասխանում է. «Միեւնույն է, կոռուպցիան կա»:

Արդեն երեկոյանում է: Էդիկ համբարյանը կոշիկի վերանորոգման վերջին պատվերն է կատարում: Վրացուհու կոշիկն է պոկվել, նա նստած սպասում է, որ վարպետը հաշված րոպեներում այն վերանորոգի, հագնի ու գնա:

Հայերը Քոբուլեթում հայտնի կոշկակարներ են

Էդիկ Համբարյանը Քոբուլեթում ապրող հայերի ճշգրիտ թիվը չգիտի, ասում է` մոտ 100 ընտանիք կա, իսկ նախկինում ավելի շատ են եղել: Զգալի մասը մեկնել է Հայաստան, Ռուսաստան, մնացածն էլ` եվրոպական երկրներ: Կոշկակարն ասում է, որ հայերը Քոբուլեթում ավելի շատ առեւտուր են անում կամ հմուտ արհեստավորներ են` ներկարար, սալիկապատող, կահույքագործ եւ այլն:

Քոբուլեթի շուկայում հայ կոշկակարները 4 տաղավար ունեն: Եվս երկուսը` շուկայից քիչ ավելի հեռու: Էդիկ Համբարյանը ցույց է տալիս ուղղահայաց փողոցը` այնտեղ իր հորեղբայրն է` 50 տարվա կոշկակար:

Քոբուլեթում նրան ճանաչում են որպես վարպետ Դաթո:  Շուկայի երեւելի նորակառույց շենքերից մեկում Դաթոն, նույն ինքը` Դավիթ Համբարյանը, տաղավար ունի, որտեղ եւ պատրաստի ցուցադրած կոշիկներ կան, եւ վերանորոգման ու նոր կոշիկի պատվեր են ընդունում:

Հայերեն «բարեւ»-ին Դավիթ Համբարյանը հայերենով էլ պատասխանում է, իսկ մի քանի րոպե անց նրա վարժ հայերեն խոսքում գերակշռում է ջավախքյան բարբառին հատուկ հնչերանգը: Դավիթ Համբարյանը ախալքալաքցի է: Համբարյանների ընտանիքը 1945 թվականին է տեղափոխվել Քոբուլեթ, եւ այն ժամանակվանից Դավիթ Համբարյանը կոշիկ է կարում: Նրա երկու որդիներն էլ են կոշկակար: Մեկն այժմ Մոսկվայում է, այլ գործով է զբաղվում, իսկ մյուսն իր հետ է աշխատում:

Համբարյանները պատմում են, որ տարվա այս ժամանակահատվածում կոշիկների պատվերը եւ վաճառքը նվազում է, իսկ ձմռանն առեւտուրը թեժանում է, երբ սկսում են կարել ձմռան ճտքավոր կոշիկները: Որակյալ կաշվե կոշիկների պատվերը հայր եւ որդի Համբարյանների մոտ 80-100 լարի արժե (16-20 հազար դրամ): Բայց հայաստանցիները նրանց կոշիկներն էլ չեն գնում, այլ ոճ են նախընտրում: Նրանց հիմնական գնորդները վրացիներ են:

«Հայկական կոշիկները քթները սուր են: Մեր կոշիկներն իրենք չեն առնե, հայկական կոշիկներ կառնեն»,- ասում է կրտսեր Համբարյանը եւ շտապում հաճախորդի մոտ: Համբարյանները զբաղված են, պատվեր ունեն: Վրացի հաճախորդը կաշվից ոտնաման է պատվիրում, երկրորդը եկել է վերանորոգած կոշիկը վերցնելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter