HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները մեծ ցավ են ապրում լրագրողի նկատմամբ բռնարարքի առիթով

«Ինչպես ցանկացած ոստիկանի, այնպես էլ ցանկացած լրագրողի նկատմամբ կատարված բռնությունը մենք մեծ ցավով ենք տանում: Մենք եւ դուք (լրագրողները) պայքարում ենք հասարակությունում տեղ գտած արատավոր երեւույթների դեմ, եւ մեզանից որեւէ մեկի նկատմամբ բռնությունը շատ ցավով ենք տանում: Ինչո՞ւ եմ սա երկու անգամ կրկնում, որովհետեւ կուզենայի, որպեսզի լրագրողներն էլ նույն ցավով տանեին մեր նկատմամբ կատարվող բռնությունները եւ փորձեին այդ հարցում մեզ աջակցել»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ Աշոտ Միրիջանյանը նոյեմբերի 17-ի երեկոյան «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանի նկատմամբ կատարված բռնարարքին անդրադառնալիս:«Հետքի» այն հարցին, որ եթե «ցավը» նույնն է, ինչու՞ են ոստիկանների նկատմամբ կատարված բռնարարքները գրեթե միշտ բացահայտվում, իսկ լրագրողների դեպքում, որպես կանոն, մնում չբացահայտված, Ա. Միրիջանյանը պատասխանեց. «Որովհետեւ ոստիկանին ով կպնում է, նա մինչեւ վերջ պայքարում է, իսկ լրագրողները սովորաբար փախչում են»: Հիշեցնենք, որ Էդիկ Բաղդասարյանը դիմադրել է եւ հարվածել իր վրա հարձակվողներին: Ա. Միրիջանյանի ներքին ձայնը եւ փորձառությունը հուշում են, որ Բաղդասարյանի հետ կատարվածն «ավելի շուտ նման է այն գործերին, որը կարող է շատ արագ բացահայտվել»: «Փաստերի հիման վրա չէ, որ սա ասում եմ, ուղղակի ներքին համոզմունք ունեմ: Հետո, եթե մեզ չեն օգնում տուժողները, շատ դժվար է լինում բացահայտել: Ես, չգիտեմ ինչու, բայց համոզված եմ, որ Էդիկ Բաղդասարյանը մեզ կօգնի ու կաջակցի»,- ասաց Ա. Ամիրջանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter