Դերասանուհիները դժգոհ են Մշակույթի նախարարության եւ իրենց գործընկերների անտարբերությունից
Հրաչյա Ղափլանյանի դուստրը` Տաթեւիկ Ղափլանյանը, իր որդու մահից մեկ տարի հետո 2006 թ. նոյեմբերին բեմադրեց "Իմ անուշ տղա" ներկայացումը, որը ազատամարտիկների եւ նրանց մայրերի մասին է: "Երբ վիշտը ցնցում է մարդուն, նա կամ փակվում է իր վշտի մեջ, կամ էլ բացվում է եւ իր վիշտը արտահայտում արվեստի միջոցով: Ինձ մոտ 2-րդը տեղի ունեցավ",- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տաթեւիկ Ղափլանյանը:
Ներկայացումը մեծ արձագանք է ունեցել ԱՄՆ-ում, որտեղ արդեն 15 տարի շարունակ ապրում եւ ստեղծագործում է դերասանուհին:
Ներկայացումը այս տարի բեմադրվեց նաեւ Երեւանում. "Ես շատ էի ուզում, որ ներկայացումը բեմադրվի Արցախում, որպեսզի որդիներին կորցրած մեր մայրերը տեսնեին այն, սակայն 1000 տեղ դիմելով` ոչ մի պատասխան չստացա": Նեղսրտած դերասանուհին նշում է, որ Մշակույթի նախարարությունը շատ անտարբեր դիրք է ընդունել իր եւ Վիոլետա Գեւորգյանի նկատմամբ, նույնիսկ ներկայացման պրեմիերային ոչ մի հրավիրված պաշտոնոկան անձ չներկայացավ:
Տաթեւիկ Ղափլանյանի հոր անունը կրող Դրամատիկական թատրոնն էլ իր անտարբերությամբ անուշադրության է մատնել թատրոնի հիմնադիրներից Վիոլետ Գեւորգյանին եւ Տաթեւիկ Ղափլանյանին: "Ինձ 1988 թվականին ասացին, որ ես մոտակա 5 տարիները Դրամատիկականում ոչ մի դեր չունեմ խաղալու, այլեւս ինչ պիտի անեի, հեռացա, եւ մինչեւ հիմա հրավիրող չկա",-ասում է Վիոլետ Գեւորգյանը:
"Շատերին թվում է, թե հեռացել ենք, ուրեմն հայրենասեր չենք: Բայց մենք այնտեղ ավելի շատ գործ ենք անում, մենք այնտեղ հայությանը հայ ենք պահում ներկայացումներով, պարերով: 15 տարի ես ներկայացումներ եմ բեմադրել, սակայն այստեղ ով գիտի դրա մասին",- ասաց Տ. Ղափլանյանը:
Վերջինս Հայաստանից հեռանալուց հետո ԱՄՆ-ում հանդես է գալիս Հայաստանի Դրամատիկական թատրոնի անունից, որտեղ հյուր են լինում Երեւանի Դրամատիկական թատրոնի դերասանները:
Նշենք նաեւ, որ "Իմ անուշ տղա" ներկայացումը բեմադրվել է Սունդուկյանի անվան թատրոնում:
Թեեւ երկու դերասանուհիները նեղսրտած են իրենց հայրենակից գործընկերների վերաբերմունքից, սակայն չարացած չէին եւ շատ հումորով էին խոսում խնդիրների մասին: Լրագրողների խնդրանքով Վիոլետ Գեւորգյանը վերջում բոլորին հուզեց "Աշնան արեւ" ներկայացման Աղունի մենախոսությամբ: Երկար տարիների ընթացքում դերասանուհին ոչ միայն չէր կորցրել, այլեւ կրկնապատկել էր իր հմայքը ու հանդիսատեսին գրավելու կարողությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել