«Հայոց լեզուն տունն է հայուն»
Նոյեմբերի 20-ից այս խորագիրը կրող 10-օրյա ստուգայցեր կանցկացվեն Լեզվի պետական տեսչության կողմից: 10-օրյակի ընթացքում կգործի «Թեժ գիծ» 266860 հեռախոսահամարով, որով քաղաքացիները կարող են զանգահարել եւ հայտնել, թե որտեղ ինչ խախտումներ կան, միեւնույն ժամանակ տեսչության խմբերը կշրջեն ամբողջ հանրապետությունում եւ տուգանքներ ու ակտեր կսահմանեն օրենքը խախտողների նկատմամբ:
«Այսօր հրապարակային լեզուն գտնվում է անմխիթար վիճակում, եւ մենք բոլորս պետք է աշխատենք վերացնել բոլոր թերությունները»,- ասաց տեսչության պետ Լավրենտի Միրզոյանը:
Լրագրողներից մեկը նշեց, որ պարոն Միրզոյանը ամեն տարի նույն բանն է նշում, սակայն որեւէ էական տեղաշարժ չի գրանցվում այս ոլորտում, ինչին ի պատասխան՝ տեսչության պետն ասաց. «Երբ մենք հայտնաբերում ենք, որ այսինչ կազմակերպությունը խախտում է արել, նրան եռօրյա ժամկետ է տրվում սխալը շտկելու համար: Երեք օրից, երբ մենք վերադառնում ենք, հիմնականում ցուցանակը հանված է լինում: Մեր հեռանալուց հետո այդ ցուցանակը կրկին հայտնվում է իր տեղում, քանի որ Լեզվի պետական տեսչությունը միեւնույն կազմակերպությանը իրավունք ունի տուգանել տարին մեկ անգամ»:
Տուգանքի չափը 100 հազար դրամ է, ինչն էլ իր հերթին մեկ այլ խնդիր է առաջացնում, քանի որ կան կազմակերպություններ, որոնք տարվա ընթացքում այնպիսի հսկայական շահույթ ունեն, որ այդ կազմակերպության համար տարեկան 100 հազար դրամ վճարելը ոչ մի խնդիր չէ. «ՎիվաՍել»-ի, «Բիլայնի», «Նոյ»-ի համար 100 հազար դրամը ի՞նչ է,- վրդովվում է Լավրենտի Միրզոյանը,- անհրաժեշտ է տուգանքի գինը մի քանի անգամ ավելացնել»: Այս եւ մի քանի այլ հարցերով տեսչությունը դիմել է ԱԺ, եւ այդ թեմայով լսումները տեղի կունենան դեկտեմբերին:
Այս տարի Լեզվի պետական տեսչությունը գրանցել է մոտ 200 խախտում, որը 2 անգամ ավելին է, քան 2007 թ.:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել