HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Պետք է իրատես լինել

Անցած շաբաթ հայտնի դարձան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մրցակիցները աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլում: Հիշեցնենք, որ իրենց վարկանիշներին համապատասխան՝ թիմերը բաժանվել էին 6 զամբյուղների, որոնցից յուրաքանչյուրում (բացի ամենաթույլ՝ 6-րդ զամբյուղից, որտեղ 8 թիմ կար) ընդգրկվել էր 9-ական թիմ: Մեր ընտրանին ընդգրկվել էր 5-րդում, որտեղ առաջինն էր: Վիճակահանության արդյունքում կազմվեց ընտրական 9 խումբ (A-I): Խմբերում լավագույն արդյունք ցույց տված թիմերը միանգամից ձեռք կբերեն Բրազիլիայում անցկացվելիք աշխարհի 2014 թ. առաջնության ուղեգիր, իսկ երկրորդը ճանաչված լավագույն 8 թիմերը փլեյ-օֆ-ում 4 զույգով կվիճարկեն եւս 4 ուղեգիր: Հայաստանը հայտնվեց 2-րդ կամ B խմբում: Այն ունի հետեւյալ տեսքը. Իտալիա, Դանիա, Չեխիա, Բուլղարիա, Հայաստան, Մալթա:

Չի կարելի ասել, թե սա «մահվան» խումբ է. ըստ էության, այդպիսին է 9-րդ կամ I խումբը, որում կմրցեն Իսպանիան, Ֆրանսիան, Բելառուսը, Վրաստանը, Ֆինլանդիան: Ամեն դեպքում, մեր խումբը նույնպես բավականին բարդ է. աշխարհի քառակի չեմպիոն իտալացիները, բնականաբար, խմբի ֆավորիտն են, սակայն միանշանակ չի կարելի ասել, որ հենց նրանք կգրավեն առաջին տեղը: Դանիացիները նույնպես լավ թիմ ունեն, սակայն աշխարհի 2010 թ. առաջնությունում նրանք էլ իտալացիների նման ձախողվեցին՝ չկարողանալով դուրս գալ 1/8-րդ եզրափակիչ: Դե իսկ չեխերի չմասնակցելը աշխարհի նախորդ առաջնության եզրափակիչ փուլին մեծ անակնկալ էր, քանի որ այս երկրի հավաքականը միշտ էլ աչքի է ընկել իր ուժեղ խաղով: Իսկ բուլղարացիները, չնայած աշխարհի առաջնություններին վերջին անգամ մասնակցել են 1998-ին, այնուամենայնիվ, միջին կարգի բավականին ամուր թիմ ունեն: Վերջին մրցակիցը՝ Մալթան, խմբի ակնհայտ հետնապահն է, բայց դա չի նշանակում, թե կղզեաբնակները չեն կարող միավորներ կորզել մրցակիցներից՝ տհաճ անակնկալ մատուցելով նրանց:

Մեր թիմը նախկինում չի հանդիպել իտալացիներին եւ բուլղարացիներին: «Եվրո-1996»-ի ընտրական փուլում հայ ֆուտբոլիստները 0-2 եւ 1-3 հաշիվներով զիջել են դանիացիներին, որոնք այդ ժամանակ Եվրոպայի գործող չեմպիոններն էին: Ավելի խոշոր հաշիվներ են գրանցվել չեխերի հետ հանդիպումներում, որոնք կայացել են աշխարհի 2006 թ. առաջնության ընտրական փուլում՝ 0-3 եւ 1-4: Դե իսկ մալթացիները այս թիմերից միակն են, ում հետ խաղերում մերոնք ունեն դրական հաշվեկշիռ. իր պատմության մեջ Հայաստանի ազգային ընտրանին առաջին հաղթանակը տարել է հենց մալթացիների նկատմամբ՝ 1-0: Նույն հաշվով են ավարտվել 2007-ին կայացած ընկերական հանդիպումն ու 2008-ին եւս մեկ խաղ Մալթայի մրցաշարի շրջանակներում:

Ընտրական հանդիպումները տեղի կունենան 2012-2013 թթ.:

Չնայած խմբի կազմը չէ, որ պետք է որոշիչ դառնա հավաքականի առջեւ դրվելիք նպատակների համար, սակայն, այնուամենայնիվ, մեր հավաքականի այսօրվա ներուժի եւ գալիք մրցակիցների հնարավորությունների համադրության պարագայում պետք է փաստել, որ մեզ համար գերնպատակը պետք է լինի բոլոր ուժերի ներդրմամբ լավագույն խաղ ցույց տալն ու հնարավորինս բարձր տեղ գրավելը: Եզրափակիչ փուլ անցնելու մասին մտածել, իհարկե, պետք է, սակայն միաժամանակ պիտի լինենք իրատես ու մեր թիմից պահանջենք այն առավելագույնը, որին այսօր նա ունակ է հասնել: Միայն մի քանի ընտրական փուլ անընդմեջ կայուն եւ որակյալ խաղ ցույց տալուց հետո կարելի է Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունների եզրափակիչ մտնելու լուրջ ակնկալիքներ ունենալ եւ համապատասխան նպատակներ առաջադրել թիմին: Այսօր Հայաստանի հավաքականը դեռեւս կայունանալու ճանապարհին է:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter