Հարձակում լրագրողի վրա. մանրամասնում է դատախազությունը
2008թ. նոյեմբերի 17-ին՝ ժամը 20-ի սահմաններում, ՀՀ գլխավոր դատախազությունում ահազանգ է ստացվել, որ Երեւանի Փ.Բուզանդի փողոցում անհայտ անձինք ծեծել են «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահ, լրագրող Էդիկ Բաղդասարյանին: Ահազանգի հիման վրա հանձնարարվել է Կենտրոն համայնքի ոստիկանությանը՝ դեպքի վայր ուղարկել օպերատիվ-քննչական խումբ:Դեպք վայր ժամանած շտապօգնության բժիշկները, ցուցաբերելով առաջին բուժօգնությունը, Է. Բաղդասարյանին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ գանգուղեղային վնասվածք, գագաթ-ծոծրակային շրջանի սալջարդ վերքեր ախտորոշմամբ։
Դեպքի կապակցությամբ նույն օրը Է. Բաղղասարյանը բացատրություն է տվել, որ 17.11.2008թ.՝ ժամը 19:50-ի սահմաններում, երբ ցանկացել է աշխատավայրից (Երևան, Փ.Բուզանդի թիվ 1/3 շ.) գնալ տուն, երեք անհայտ անձինք, մոտենալով իրեն, սեռական բնույթի հայհոյանքներ են տվել իր հասցեին և հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին։ Այդ ընթացքում Է.Բաղդասարյանը գետնին է գցել իր մոտ գտնվող ֆոտոխցիկը և իր բջջային հեռախոսով հարվածել իրեն ծեծի ենթարկող անձանցից մեկին։ Ապա՝ հանցագործներից մեկը թիկունքից քարով հարվածել է գլխին, որի հետևանքով Է.Բաղդասարյանը ուշաթափվել է և ուշքի եկել միայն հարձակվողներից մեկի կողմից ոտքով իրեն հարվածելուց հետո։
Լրագրողի բացատրության համաձայն՝ այդ ընթացքում լսվել է կրակոցի ձայն, որից հետո հանցագործները դիմել են փախուստի, իսկ իրեն շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Մինչ հիվանդանոց տեղափոխվելը, ըստ Է.Բաղդասարյանի, իրեն է մոտեցել մոտ 30 տարեկան մի անձ, ներկայացել որպես ոստիկան և հայտնել, որ ինքն է կրակել գազային ատրճանակից՝ հանցագործներին սաստելու նպատակով:
Հանցագործները Է.Բաղդասարյանին ծեծելու ընթացքում, վերջինիս բացատրության համաձայն, որեւէ պահանջ չեն ներկայացրել:
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում 17.11.08թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի, 3-րդ կետի հատկանիշներով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, հանցանք կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել