Հայաստանում բացվեց Ասիական զարգացման բանկի մասնաճյուղը
Բացման արարողությանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Հարուհիկո Կուրոդան, Հայաստանում Ամերիկայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:
ԱԶԲ նախագահ Հարուհիկո Կուրոդան իր բացման խոսքում ասաց, որ այս քայլով գործունեության նոր գլուխ է բացվում Հայաստանի եւ ԱԶԲ-ի միջեւ: Հայաստանը երեք տարի առաջ է անդամակցել ԱԶԲ-ին, կնքվել է 83 մլն դրամ արժողությամբ ծրագրեր: Պարոն Կուրոդան նշեց, որ վերջին տարիներին Հայաստանի կառավարությունը ողջամիտ կառավարում է իրականացրել, որը նպաստել է տնտեսության զարգացմանը, սակայն որոշակի մարտահրավերներ են ծառանում Հայաստանի առջեւ, ուստի դրանք պետք է հաղթահարել: ԱԶԲ-ն գտնում է, որ պետք է աջակցել Հայաստանին եւ գալիք 2 տարիների ընթացքում պատրաստ են 140 մլն դոլարի արտոնյալ վարկային ռեսուրսներ տրամադրել կարճաժամկետ ծրագրեր իրականացնելու համար` տարածաշրջանային տրանսպորտային միջանցքի ստեղծում, քաղաքային ծառայությունների եւ հասարակական ոլորտի բարեփոխումներ: «ԱԶԲ-ի» մշտական ներկայացուցչության առկայությունը Հայաստանում փաստում է, որ մենք պատրաստ ենք շարունակել մեր գործունեությունը Հայաստանում: Գրասենյակը նաեւ կնպաստի օպերատիվ ռազմավարությունների մշակմանը, բիզնես ծրագրերի մշակմանը, գործարքների իրականացմանը: Մեր նպատակն է զարգացնել տնտեսությունը ամբողջ Հայաստանում»:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը գտնում է, որ ճիշտ պահին է բացվում ԱԶԲ-ի մասնաճյուղը: Ըստ վարչապետի` բանկը կօժանդակի Հայաստանին բարձրացնել տնտեսության դիմադրողականությունը: Վարչապետը կարեւորեց ոչ միայն ֆինանսական միջոցները, որ կներդնի ԱԶԲ-ն, այլ նաեւ ծրագրերը, տեխնիկական օժանդակությունը, փորձն ու գիտելիքները: ՀՀ վարչապետի եւ ԱԶԲ-ի նախագահի նախօրոք կայացած հանդիպման ժամանակ հստակեցվեցին հիմնական ծրագրերը, մշակվեց ռազմավարությունը: 2009 թ., ըստ վարչապետի, կստեղծվեն ավելի բարենպաստ պայմաններ թե՛ բիզնեսի համար, թե՛ համախառն ներքին արդյունքի խթանման համար. «Գյուղական ճանապարհների շինարարությունը եւս էական նշանակություն ունի Հայաստանի տնտեսական պոտենցիալը բացահայտելու համար, ջրամատակարարման ծրագրերը, էլեկտրոնային կառավարումը, բիզնես միջավայրի ստեղծումը»,- ավելացրեց վարչապետը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել