Էջմիածինը ուշադրություն չի դարձնում Վրաստանում հայկական եկեղեցիների պղծման փաստին
Վրաց Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների կողմից հերթական ոտնձգությունը Թբիլիսիի հայկական Սուրբ Նորաշեն եկեղեցու վրա ուշադրության չի արժանանում Էջմիածնի հոգևոր շրջանակներում: Այս մասին իր մահոգությունը հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը այսօր «Փաստարկ» ակումբում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ: «Հայ Առաքելական եկեղեցու պահվածքը ես պասիվ եմ համարում, որովհետև Վրաստանի հոգևոր թեւը անընդհատ բողոքներ է ներկայացնում ոտնձգությունների համար, մինչդեռ Էջմիածինը որևէ կոշտ դիրքորոշում այդ հարցի կապակցությամբ չի դրսևորել»,- ասաց պատգամավորը:
Վրաստանում հայոց եկեղեցին գործում է ապօրինի, քանի որ Հայ Առաքելական եկեղեցու կարգավիճակը Վրաստանում չի հստակեցված: Հայ Առաքելական եկեղեցին գործում է Վրաստանում միայն փաստացի, իսկ դե յուրե այն որևէ ձևակերպում չունի: Վիրահայոց թեմի կարգավիճակի խնդիրը մշտապես քննարկման թեմա է, սակայն համաձայնության դրսևորումներ դեռևս չկան: Շիրակ Թորոսյանը նշում է, որ քաղաքական մասով համաձայնությունը եղել է դեռ այն ժամանակ, երբ երկու երկրների վարչապետները Պետերբուրգում հանդիպել էին: Վրաստանի վարչապետը խոստացել էր խնդրին լուծում տալ: Թբիլիսիի քաղաքապետարանն էլ որոշում էր ընդունել, որ հայր Տարիելի կողմից ձեռնարկված ցանկապատումը անօրինական է ու պետք է դադարեցվի: «Բայց, իրականում, նրանք որևէ ռեալ քայլ չկատարեցին, չեն կարողանում ազդել հայր Տարիելի վրա, քանի որ նա մի քիչ շեղումներ ունի»,-նշեց բանախոսը:
Արդեն մի քանի տարի է, ինչ հայ և վրաց հոգևոր առաջնորդները որոշել էին ստեղծել հանձնաժողով, որը կգույքագրի եկեղեցիները և կորոշի դրանց պատկանելությունը: «Սակայն, ոչինչ էլ չստեղծվեց: Փոխարենը վրացիները սկսեցին հավակնություններ ներկայացնել Լոռու մարզի հայկական եկեղեցիների մասով այն դեպքում, երբ այդ տարածքում ոչ մի վրացի չի ապրում»,- դժգոհում է Շիրակ Թորոսյանը:
Ի դեպ, պատգամավորը հաստատեց այն տեղեկատվությունը, որ վիրահայ հոգևոր թեմը ուզում է բաժանվել երկու մասի, այսինքն`Ջավախքի թեմը ուզում է առանձնանալ: Բայց Մայր Աթոռ Ս. Էջմիածինը չի գնում այդ քայլին և չի ստեղծում Ջավախքի թեմը, այն դեպքում, երբ Ջավախքում կա 450 հազարանոց բնակչություն և բազմաթիվ հայկական եկեղեցիներ: Շիրակ Թորոսյանը դժգոհությամբ նշեց, որ 1905 թվականից ի վեր որևէ կաթողիկոս չի այցելել Ջավախք: Վերջինը եղել է Խրիմյան Հայրիկը, այն էլ՝ Բաթում գնալու ճանապարհին: «Չգիտեմ, թե ինչու է Մայր Աթոռը այսպիսի անուշադրության մատնում Ջավախքի հոգևոր կյանքը: Կարծես թե ադեկվատ է Մայր Աթոռի և մեր պետական իշխանությունների վերաբերմունքը ջավախքահայության նկատմամբ, որը ես գնահատում եմ պասիվ: Դա քիչ է Ջավախքի հայապահպանության խնդիրը լուծելու համար, պետք է մի քիչ ավելին անել»,- գտնում է «Ջավախք» հայրենակցական միության նախագահը:
«Նորաշենի» հարցի լուծման համար Շիրակ Թորոսյանը հակաքայլերի երեք ուղղություն մատնանշեց` հայկական իշխանությունները պետք է պահանջեն վրացական իշխանություններից դադարեցնել նման վերաբերմունքը հայկական մշակութային արժեքների նկատմամբ, Մայր Աթոռը նույնպես պետք է նման դիրքորոշում ցուցաբերի վրացական հոգևոր թեմի նկատմամբ, և վերջապես` ժողովրդական ցասումը: Ըստ նրա՝ հենց ժողովրդական ցասման արդյունքն էր, երբ նոյեմբերի 16-ի «Նորաշենի» դեպքի պահին 50-ից ավելի վիրահայեր են հավաքվել Ս. Նորաշենի տարածքում և ստիպել հայր Տարիելին կրկին իրենց տեղերում տեղավորել շիրմաքարերը: «Այս տխրահռչակ անձնավորությունն է, որ գլխավորում է այդ կեղտոտ գործողությունները» ,-ամփոփեց Շիրակ Թորոսյանը՝ Հայր Տարիելի գործողությունները որակելով ապօրինի: «Հայ Տարիելը վեր է Վրաստանի սահմանադրությունից»,-կատակեցին լրագրողները` միաժամանակ առաջարկելով հայր Տարիելին ամուսնացնել մի «լաչառ» կնոջ հետ, և գործը կավարտվի:
Հավելենք, որ Ս. Նորաշենի վերջին դեպքերի հետ կապված՝ այսօր Ասիական Զարգացման բանկի բացման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է ուղարկելու Վրաստանի նույնանում մարմնին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել