
Ի՞նչ է արել Կարեն Կարապետյանը Պեկինում
Պեկինի քաղաքապետ Գո Ցզինլունի հրավերով հուլիսի 26-30-ը պաշտոնական այցով Չինաստանի մայրաքաղաքում էր գտնվում Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը:
Հուլիսի 29-ին՝ Կարեն Կարապետյանի և Պեկինի քաղաքապետ Գո Ցզինլունի պաշտոնական հանդիպման ժամանակ, կողմերը անհրաժեշտ են համարել աշխուժացնել և ընդլայնել երկու մայրաքաղաքների հարաբերությունները:
Իր գործընկերոջը ներկայացնելով Երևանի զարգացման հեռանկարներն ու իրականացվող ծրագրերը՝ Կարեն Կարապետյանը չինական կողմին առաջարկել է մասնակցել փոխադարձ հետաքրքրություն ունեցող ներդրումային ծրագրերում: Կարեն Կարապետյանը նշել է, որ Երևանը պատրաստ է Պեկինի գործարար շրջանակներին ներկայացնել ներդրումային մի շարք առաջարկներ, ինչպես նաև կազմակերպել չին գործարարների այցը Երևան:
Երևանի քաղաքապետը նշել է նաև, որ Երևանն այսօր բարենպաստ պայմաններ է ապահովում չինական կապիտալի երկարաժամկետ և երաշխավորված ներդրումային ծրագրերի համար:
Կարեն Կարապետյանը չին գորընկերոջն առաջարկել է դիտարկել Երևանում Պեկինի և Պեկինում Երևանի տներ հիմնելու հնարավորությունը:
Գո Ցզինլուն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ըստ ամենայնի օժանդակել երկու մայրաքաղաքների միջև գործակցային հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը:
Հանդիպման ավարտին կողմերը հուշագիր են ստորագրել Երևանի և Պեկինի քաղաքապետարանների միջև համագործակցության վերաբերյալ:
«Պեկինի քաղաքապետի հետ ստորագրած համաձայնագիրը երկու մայրաքաղաքների միջև շարունակական հարաբերությունների սկիզբ է դնում: Իմ գործընկերոջը հրավիրել եմ աշխատանքային փոխադարձ այցով գալ Երևան, իսկ մինչ այդ, պայմանավորվածության համաձայն, աշխատանքային խումբ կստեղծվի»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Գո Ցզինլուն սիրով ընդունել է պաշտոնական այցով Երևան այցելելու հրավերը:
Այցի շրջանակում Երևանի քաղաքապետը հանդիպում է ունեցել նաև ինովացիոն և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի աշխարհում հանրահռչակ ընկերություններից մեկի՝ «Հուայվեյ տեքնոլոջի» ընկերության նախագահի հետ:
Քննարկվել են Երևանում «Հուայվեյ թեքնոլոջի»-ի կենտրոն հիմնելու, ինչպես նաև ոլորտում հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր: Ստորագրվել է համագործակցության հուշագիր' ոլորտում համատեղ աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ:
Ավտոբուս արտադրող չինական խոշորագույն ընկերություններից մեկի ղեկավարության հետ պատվիրակությունը քննարկել է վարկային միջոցներով շուրջ 400 ավտոբուս Երևան ներկրելու հարցը:
Երևանի պատվիրակությունը աշխատանքային հանդիպում է ունեցել Պեկինի տրանսպորտի կոմիտեում, ծանոթացել ոլոտում վարվող քաղաքականությանը, Պեկինի տրանսպորտի կառավարման սկզբունքներին ու մոտեցումներին:
Հայկական կողմը, ներկայացնելով Երևանում տրանսպորտի ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու ներդրումային հնարավորությունները, չին գործընկերներին առաջարկել է մասնակցել ներդրումային ծրագրերին: Չինական կողմն իր պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել առաջարկությունները և անհրաժեշտության դեպքում աջակցել փորձի փոխանակման առումով:
Պեկինի գործարարության կոմիտեում աշխատանքային հանդիպման ժամանակ, որին մասնակցել են Պեկինի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ, ներկայացվել է Երևանում նախատեսվող ներդրումային 6 խոշոր ծրագիր: Չինական կողմը խոստացել է ուսումնասիրել ծրագրերը:
Հայկական պատվիրակությունը աշխատանքային հանդիպում է ունեցել նաև կանաչապատման և արտաքին ձևավորման կոմիտեներում:
Պեկինի քաղաքաշինության թանգարանում Երևանի պատվիրակությունը ծանոթացել է Չինաստանի մայրաքաղաքի քաղաքաշինության պատմությանն ու արդի նվաճումներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ այցի ընթացքում Երևանի պատվիրակությունը եղել է նաև Պեկինի զբոսաշրջային կենտրոնում, ծանոթացել ոլորտի ուղղություններին ու ժամանակակից պահանջներին:
Մեկնաբանել