Է. Շարմազանով. «Նախագահի նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը տվել է որոշակի դրական լուծումներ»
Այսօր Ուրբաթ ակումբում ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին այցի մասին, նշեց, որ «այցով բավականին լուրջ մեխեր խփվեցին»: Է. Շարմազանովը կարևորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեի այն միտքը, որ իրենց այցելությունները և բանակցությունները Լեռնային Ղարաբաղի «քաղաքական» իշխանությունների հետ խոսում են այն մասին, որ անուղղակիորեն Լեռնային Ղաևաբաղը բանակցությունների կողմ է. «Մեզ համար ավելի կլիներ, եթե Մայենդորֆյան հռչակագրի տակ ստորագրեր նաև ղարաբաղյան կողմը, սակայն հրավիրողը համանախագահ երկրներից մեկն էր, հայկական կողմը կամ պետք է մասնակցեր նման ձևաչափով, կամ պետք է բոյկոտեր»:
Բոյկոտը, ըստ նրա, կնշանակեր, որ Հայաստանը դեմ է խաղաղ բանակցություններին: Շարմազանովը կարևորեց նաև հայտարարությունները այն մասին, որևէ պայմանագիր առանց Ղարաբաղի ժողովրդի մասնակցության և վստահության՝ չի կնքվի. «Սա խոսում էր այն մասին, որ այս ամիսների ընթացքում նախագահ Սարգսյանի նախաձեռնող արտաքին քաղաքականությունը տվել է որոշակի դրական լուծումներ»:
Սակայն Շարմազանովը համամիտ չէ նրանց հետ, ովքեր մոտ ժամանակներում կանխատեսում են պայմանագրի կնքում, քանի որ նմանատիպ բանակցությունները շատ երկարատև են և միանգամից հնարավոր չէ բոլոր հարցերի շուրջ միանգամից համաձայնության գալ:
Ի դեպ, նա համոզված է, որ երեկ շփման գոտում տեղի ունեցած բախումը պատահական չէր, և դա Ադրբեջանի խաղի ոճն է, դրա համար էլ, ըստ նրա, մենք միշտ պետք է զգոն լինենք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել