Ջավախքում սեպարատիզմ չկա
Այսօր «Փաստարկ» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ “Հզոր հայրենիք” կուսակցության փոխնախագահ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը հայտարարեց, որ Հայաստանը անելիք ունի Հայաստան-Վրաստան Բավրայի սահմանային ռեժիմի պարզեցման գործում: Հայ-վրացական Բավրայի սահմանակետը միշտ անցման լիբերալ հնարավորություն է տվել ջավախքցիներին, սակայն հայ սահմանապահները արդեն բազմիցս հայտարարել են, որ հունվարի 1-ից այն խստացվում է: Եթե նախկինում բոլոր ջավախքցիները կարողանում էին սահմանն անցնել միայն ներքին վրացական անձնագրով, ապա այժմ պարտադիր պետք է ունենան նաև միջազգայինը: Ջավախքցիներից շատերը դեռևս միջազգային անձնագրեր չունեն: Հիվանդների տեղափոխման կամ շտապ Գյումրիի կամ Երևանի հիվանդանոցների կարիքն ունեցող և բարդ վիրահատությունների ենթակա անձանց փոխադրումը այս պարագայում մեծ դժվարություններ է առաջացնում: «Ե՛վ տխրության, և՛ ուախության, և՛ հարազատների այցելման հապճեպ պահանջների դեպքում ջավախքահայերը սահմանում միշտ խնդիրներ են ունենում»,-ասաց բանախոսը:
Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նոյեմբերի 1-ի Վրաստան կատարած այցելությանը` պատգամավորը այն արդյունավետ համարեց: Շիրակ Թորոսյանը նշեց, որ Միխաիլ Սահակաշվիլու հետ բանակցությունների ընթացքում բարձրացվել է երկու հարց, որոնք ուղղակիորեն առնչվում են ջավախքահայերին: Առաջինը հենց ջավախքահայերի՝ սահմանը հատելու ռեժիմի պարզեցմանն էր վերաբերում: Երկրորդը`Երևան-Բաթումի ճանապարհի վերաբացմանը: Երևան-Բաթումի ճանապարհի վերակառուցումը մոտ 300- 400 կմ-ով կկարճացնի Երևան-Ախալցխա-Բորժոմի-Բաթումի այսօրվա հիմնական ճանապարհի երկարությունը: Սակայն, ըստ Շիրակ Թորոսյանի, բանավոր համաձայնությունից հետո Վրաստանում լայնածավալ քննարկումներ են սկսվել: Այժմ այն կարծիքն է ձևավորվում, որ այդ ճանապարհի վերակառուցումը հակասում է Վրաստանի ազգային անվտանգության շահերին` պատճառաբանելով, որ այդ ճանապարհը ռուսական զորքերի Վրաստան ներխուժման մեկ այլ հնարավորություն է:
Մեկ այլ հիմնավորումն էլ այն է, որ եթե այդ ճանապարհը անցնի Ջավախքի տարածքով, ապա Ջավախքում կաշխուժանան անջատողական շարժումները: «Այս երկու ձևակերպումներն էլ անհեթեթե են, քանի որ Ջավախքում սեպարատիզմ չկա, կա ինքնավարության լայն շարժում, և ակնհայտ է այն հանգամանքը, որ եթե այդ ճանապարհը անցնի Ջավախքից, տարածաշրջանը տնտեսապես կշահի, կնկատվի կենսամակարդակի աճ և կնպաստի ինքնավարության պահանջների նվազեցմանը»,- հավելեց «Ջավախք» հայրենակցական միության նախագահը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել