Շիրակի մշակույթը «անգլուխ է»
Արդեն մեկ ամիս է` թափուր են մնացել ինչպես Շիրակի մարզպետարանի, այնպես էլ Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի բաժինների պետերի պաշտոնները: ՏԻՄ ընտրություններից մեկ օր առաջ` հոկտեմբերի 25- ին, կենսաթոշակի անցնելու պատճառով պաշտոնից ազատվեց քաղծառայող, Շիրակի մարզպետարանի մշակույթի բաժնի երկարամյա պետ Հասմիկ Կիրակոսյանը, ով անմիջապես մարզպետի խորհրդական նշանակվեց: Գրեթե նույն ժամանակահատվածում Գյումրիի քաղաքապետը, լավ չաշխատելու պատրվակով, աշխատանքից ազատեց նաև քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արա Պապանյանին: Այսօր Հետքի Շիրակի մարզի թղթակիցը մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանից հետաքրքրվեց, թե երբ են բաժնի պետ նշանակելու, և միթե ղեկավար չունենալը չի ազդում մարզի մշակութային ծրագրերի իրագործման վրա: «Բոլորովին, ըստ կանոնակարգի` բաժնի պետին փոխարինող կա, նա էլ աշխատանքները կկարգավորի, իսկ պետի հարցերը կլուծվեն առաջիկայում քաղծառայության մրցույթ հայտարարելով»,- տեղեկացրեց պաշտոնյան: Մեր տեղեկություններով` մոտ օրերս կլուծվի նաև քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետի հարցը: Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երդման արարողությունից հետո պատրաստվում է հին բաժնի պետերից մի քանիսին ևս պաշտոնանկ անել ու նրանց փոխարեն ՕԵԿ-ականների նշանակել: Պատճառն այն է, որ քաղաքապետն այս միջոցով ուզում է «երախտապարտ» լինել ՏԻՄ ընտրություններին իրեն սատարած Արթուր Բաղդասարյանին:
Կադրային փոփոխությունների մասին Ղուկասյանը հայտարարել էր նաև մեկ ամիս առաջ հրավիրած մամուլի ասուլիսում: «Այն պաշտոնյաները, որոնք լավ չեն աշխատի, կտանեն-կբերեն ժողովրդին, անպայման կազատեմ աշխատանքից»,- ասել էր Ղուկասյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել