Պաշտոնյաների կանխամտածված վրիպակները` ոճրագործություն սեփական ժողովրդի հանդեպ
(Ժողովրդի արժանապատվության ոտնահարում, սննանկացում, արտագաղթ, աշխատատեղերի դիտավոր կերպով կրճատում)
Համաձայն 2008թ. կնքված թիվ ԱՇՁԲ 08/591 գնման պայմանագրի` «Հանքավան» հանքային ջրերի գործարան ԲԲԸ-ն (այսուհետ` Ընկերություն) ստանձնեց կատարել պայմանագով նախատեսված իր վրա դրված պարտավորությունները, սակայն քաղաքաշինության նախարարության կողմից կազմված և տրամադրված ծավալաթերթերում առկա բազմաթիվ սխալները (աշխատանքները կատարելու հերթականությունը, ծավալների անհամապատասխանությունը) աշխատանքների ավարտին հանգեցրին կազմելու և պատվիրատուի հետ ստորագրելու կատարված աշխատանքների ծավալների համադրումների տեղեկանք, որտեղ արդեն իսկ ակնհայտ երևում էր սահմանված կարգով թույլատրելի 20%-ը գերազանցող փոփոխությունների ծավալ, որն անցնում էր 40%-ը:
Պայմանագրով նախատեսված ժամանակահատվածում ընկերությունը, ավարտելով աշխատանքները, սահմանված կարգով ներկայացրեց պատվիրատուին 23.10.2008թ. կատարողական ակտը և ընդունման-հանձնման արձանագրությունը` համադրման տեղեկանքի հետ, սակայն պատվիրատուն, համադրման տոկոսի խախտման հետևանքով, պայմանագրով նախատեսված ժամկետներում կատարված աշխատանքների դիմաց չիրականացրեց վճարում` հետաձգելով մինչև տարվա վերջ:
Պատվիրատուն կեղծեց հանձնման-ընդունման արձանագրությունը` փոխելով ամսաթվերը և պայմանագրով նախատեսված 0.5% տույժի փոխարեն վճարեց 267000 (երկու հարյուր վաթսունյոթ հազար) ՀՀ դրամ պակաս` որպես աշխատանքները ժամանակին չավարտելու հետևանք: Ցանկանալով չսրել հարաբերությունները և հաշվի առնելով, որ 2009թ. N 112 դպրոցի շինարարական աշխատանքները դարձյալ կատարելու էր Ընկերությունը` վերջինս համապատասխան միջոցներ չձեռնարկեց:
Սակայն 2009թ. պատկերը կրկնվեց. կնքված թիվ ԱՇՁԲ-08/591 25.02.2009թ. պայմանագրի և նրան կից ծավալաթերթերի սխալ կազմված լինելու հետևանքով, Ընկերությունը, դպրոցը աշակերտներին վերանորոգված տեսքով հանձնելու համար, գրավ դրեց իր գույքը, վերցրեց վարկ և, կատարելով կրկնակի ու լրացուցիչ աշխատանքներ` 9.9 մլն ՀՀ դրամի չափով, ավարտին հասցրեց դպրոցի վերանորոգումը:
Ընկերության կողմից քաղաքաշինության նախարարությանն ուղղված նամակները արժանացան միայն անտարբեր վերաբերմունքի ու անպատասխանատու հայտարարությունների: 2009թ. իրենց իսկ կողմից կեղծված փաստաթղթերրի հիման վրա քաղաքաշինության նախարարության կողմից նշանակված պետական գնումների ՊՈԱԿ կազմակերպված մրցույթների հանձնաժողովը` հանձինս նախագահ Ս. Բաղինյանի, անդամ Գ. Քամալյանի և այլոց, մերժեց թիվ ՊԳԳԱՇՁԲ N149, 150, 151 հայտերը, որտեղ ընկերությունը հօգուտ պետությանը տնտեսում էր 112.000.000 (հարյուր տասներկու միլիոն) ՀՀ դրամ` հաղթող ճանաչելով իրենց պատկանող ընկերություններին (արձանագրությունը կցվում է):
Ավելացնեմ, որ հաղթող ճանաչված մասնակիցների հետևում պարզ երևում են նախարարության պատասխանատու աշխատողները: Չբավարարվելով կատարվածով, հանձնաժողովի նախաձեռնությամբ և Ֆինանսների նախարարության անպատասխանատու և անբարեխիղճ աշխատողների մատուցմամբ` Ֆինանսների նախարարի հրամանով Ընկերությունը ներառվեց մրցույթներին մասնակցելու իրավունք չունեցողների ցանկում:
Դիմելով վարչական դատարան` Ընկերությունը 2009թ.սեպտեմբերից մինչև 2010թ. դատական լսումների արդյունքում կարողացավ բերած փաստարկների միջոցով ապացուցել դատարանին ֆինանսների նախարարության արձակած հրամանի սխալ լինելը: ՀՀ Վարչական դատարանի թիվ ՎԴ/4763/05/07 վճռով ընկերության իրավունքները վերականգնվեցին, իսկ Ֆինանսների նախարարության կողմից բերված 01.01.2010 վճռաբեկ բողոքըՎճռաբեկ դատարանի կողմից վերադարձվեց:
2010թ. սեպտեմբերից մինչև 2011թ. 19.06 Ֆինանսների նախարարության աշխատողները պատասխանատվություն կրելուց խուսափելով` չէին կատարում դատարանի կողմից Արձակված վճիռը: Միայն N40 19.06.2011թ. ՀՀ Նախագահին ուղղված նամակից հետո Ֆինանսների նախարարությունը 17.06.2011 N11/97/80372 գրությամբ տեղեկացրեց, որ ՀՀ Ֆինանսների նախարարի հրամանով տեղի է ունեցել 23.09 N881-Ն հրամանի փոփոխություն և 11.02.2005թ. թիվ 1166-Ն հրամանով հաստատված ցանկից հանվել է 21 կետը: Վերը նշված գրության մեջ չի ասվում, թե որ համարի տակ է գրանցված այդ հրամանը, որի իրականությունը կասկածի տեղիք է տալիս, քանի որ մինչ օրս 21 կետը չի հանվել 1166-Ն հրամանի ցանկից:
N40 19.06.2011թ. գրությամբ Ընկերությունը համապատասխան դիմումով առաջարկել է Ֆինանսների նախարարությանը հարուցել վարչական վարույթ, հատուցել կրած վնասները և բաց թողնված օգուտները` կից ներկայացնելով հաշվարկը, վերականգնել Ընկերության քրտնաջան աշխատանքով ձեռք բերած բարի համբավը:
Ի պատասխան Ֆինանսների նախարարությունը ներկայացրած N40 19.06.2011թ. նամակին կից հաշվարկին` Ֆինանսների նախարարությունը արձակում է հրաման, որով ժխտում է ընկերության կողմից կրած վնասները և ակնկալիք շահույթները, միաժամանակ առաջարկում է 310.000 ՀՀ դրամ, որի` Ընկերության կողմից ընդունելու դեպքում Ընկերությունը կհրաժարվի իր պահանջներից, այն է` հրաժարվել 182.000.000 ՀՀ դրամից: Այս ամենին եթե ավելացվի այն հանգամանքը, որ Ընկերությունը անպատասխանատու պաշտոնյաների կարգադրությամբ կատարել է ՀՀ Ոստիկանության զորքերի 1032 և 1031 զորամասերի վերանորոգման աշխատանքները, որտեղ Ընկերությանը տրամադրված նախագծերի սխալ լինելու հետևանքով 2008թ. 11.4 մլն ՀՀ դրամ լրացուցիչ աշխատանքներ:
2009թ. հանրապետությունում տիրող ճգնաժամի պատճառով ՀՀ վարչապետի կարգադրությամբ պայմանագրերը կնքվեցին նախահաշվային գնից 10% պակաս: 69 մլն նախահաշվային արժեքով օբյեկտի պայմանագիրը կնքվեց 61 մլն ՀՀ դրամ արժեքով, որը իրականացնելու ժամանակ պարզվեց, որ նախագիծը սխալ է, և ավելացան ևս 11 մլն ՀՀ դրամի աշխատանքներ: ՀՀ ոստիկանությունը սխալները շտկելու համար փոխեց նախագիծը` խոստանալով ավելացված աշխատանքների ծավալների դիմաց (որը կազմեց 11.4 մլն ՀՀ դրամ) վճարել:
2009թ. վերցված վարկի մի մասն էլ ուղղվեց այս կառույցը ավարտին հասցնելուն: Ընկերությունն իր աշխատանքի լրացուցիչ ծավալների դիմաց այդպես էլ չվարձատրվեց: Բազմաթիվ գրավոր նամակները` ուղղված ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներին, մնացել են անպատասխան:
Այսօր Ընկերության գործունեությունը կասեցված է: Ստեղծված 150-160 աշխատատեղերը փակվել են, շնորհալի մասնագետները լքել են Հայաստանի Հանրապետությունը, գոյացել են բազմաթիվ պարտքեր, որոնց հետևանքով կայացվել են բազմաթիվ դատական վճիռներ և ԴԱՀԿ վարույթներ: Հարկային մարմինները իրավասու չեն ընդունում կատարված ծախսերը, որի հետևանքով արձանագրում են հարկերի վճարների պակաս: Չունենալով ֆինանսական միջոցներ` Ընկերության խնդրանքով կարճվել է ընդեմ ՀՀ ոստիկանության դատական վարույթը:
Հարգանքներով
«Հանքավան» ՀՋԳ ԲԲԸ տնօրեն`
Լ. Հակոբյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել