Փոխըմբռնման եռակողմ հուշագիր հանրակրթության մասին
Այսօր Կրթության եւ գիտության նախարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Կրթության ազգային ինստիտուտի միջև ստորագրվեց հանրակրթության ոլորտում հանդուրժողականության ուսուցման և խթանման մասին փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին տեղեկացնում է նախարարության մամլո ծառայությունը:«Մշակույթների և քաղաքակրթությունների խաչմերուկում ապրող մեր ժողովրդին հանդուրժողականության արժեհամակարգը բնորոշ է։ Սա մեր համար նորություն չէ, ու ժամանակակից աշխարհում որպես նույն մշակույթների և քաղաքակրթությունների երկխոսությունն ապահովող ազգ, ինչի մասին հաճախ ենք սիրում կրկնել, անհրաժեշտ է պահպանել և «վերարտադրել» մեզ հատուկ այդ արժեհամակարգը։ Այն կարևորվում է նաև նոր իրողությունների՝ քաղաքացիական հասարկության կայացման տեսանկյունից»,- հուշագրի ստորագրման կապակցությամբ ասել է ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը։
«ՄԱԿ-ը ձգտել է մշտապես խթանել հանդուրժողականությունն ուսուցման միջոցով, քանզի ապագա սերունդը, որը դաստիարակվում է դպրոցում, պետք է ունենա համագործակցելու, հասարկության մեջ տարբեր մոտեցումներով մարդկանց հետ բաց հաղորդակցվելու վերաբերմունքը»,- նշել է ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը։
Իսկ Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը տեղեկացրել է, որ հուշագրի շրջանակում իրականացվելիք քայլերը «կլրացնեն հանրակրթական համակարգում դաստիարակչական աշխատանքների բաղադրիչը»։ Կազմակերպվելիք վերապատրաստումները, որտեղ շեշտը կդրվի հանդուրժողականության ուսուցման և դաստիարակության մեթոդաբանության վրա, հիմնականում կուղղվեն դասղեկական համակազմին։ Համապատասխան մեթոդաբանությունը կկիրառվի նաև 12-ամյա հանրակրթական դպրոցի առարկայական չափորոշիչների, ծրագրերի և դասագրքերի լրամշակման ընթացքում։ «Առանձին դասաժամ կամ առարկա այս առումով չի ներմուծվելու, պարզապես նշված ուղղությամբ աշխատանքն առավել կկանոնավորվի»,- ասալ է Ն. Ղուկասյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել