Ճանապարհաշինարարական աշխատանքներ կսկսվեն ԼՂՀ մի քանի բնակավայրերում
Ղարաբաղի միջհամայնքային եւ գյուղամիջյան ճանապարհների վատթար վիճակի մասին խոսվում է համարյա ամեն մի հանդիպման ժամանակ, երբ ներկա են լինում նաեւ համայնքի ներկայացուցիչներ:
Վերջերս տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների եւ ԼՂՀ նախագահի հանդիպման ժամանակ Շահումյանի շրջանի ներկայացուցիչը նշել է, որ ճանապարհների վատթար վիճակը լուրջ խոչընդոտ է դառնում շրջանի զարգացման համար: Նա որպես օրինակ մատնանշեց Թարթառ գետի վերջին վարարումների արդյունքում ստեղծված վիճակը, երբ շրջանը լրիվությամբ կտրվեց մայրաքաղաքի հետ ցամաքային կապից: Նա իշխանությունների ուշադրությունը հրավիրեց գետի ափի ամրացման, ճանապարհների բարեկարգման եւ շրջանից դեպի Ստեփանակերտ եւ ՀՀ Վարդենիս քաղաք ավտոբուսային երթուղու ապահովման անհրաժեշտության վրա: Վերջինս նշեց, որ «նշված երթուղիներում աշխատում են ՈՒԱԶ մակնիշի միկրոավտոբուսներ, որոնք չեն կարողանում ապահովել բնակչության նորմալ տեղաշարժը»:
Հիշեցնենք, որ Շահումյանի եւ Քաշաթաղի շրջանների բնակավայրեր հասնող ճանապարհների հիմնական մասը դժվարանցանելի է, ինչի պատճառով էլ այնտեղ երթուղային կապ չկա:
Ի պատասխան՝ նախագահ Բակո Սահակյանն ընդգծեց, որ ճանապարհների հարցը կառավարությանը հուզող կարեւորագույն խնդիրներից մեկն է: «Այդ իսկ նպատակով վերջերս ստեղծվել է «Արցախուղի» ընկերությունը, որի աշխատանքներն առաջին հերթին ուղղված են լինելու շրջաններում ճանապարհների բարեկարգմանը: Ընկերությունը բոլոր շրջաններում ունենալու է իր մասնաճյուղերը: Նրանք արդեն ստացել են կոնկրետ առաջադրանքներ, կառավարությունը ձեռք է բերել համապատասխան ճանապարհաշինարարական տեխնիկա»,-նշել է նախագահը:
Ընկերության տնօրեն Էդուարդ Այդինյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ մոտ օրերս կստանան եւս 10 համապատասխան մեքենաներ, իսկ հաջորդ շաբաթվանից ճանապարհների վերանորոգման աշխատանքներ կսկսվեն Շուշիի շրջանի Բերդաձոր գյուղի, Բերձոր քաղաքի տարածքում, ինչպես նաեւ Շահումյանի շրջանում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել