HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Լիլիթ Գալստյան. «Երեւանը պետք է փրկել քաղաքաշինական աղետից»

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը խորհրդարանական վերջին քառօրյայի հարցուպատասխանի ընթացքում դիմելով ՀՀ վարչապետին հետաքրքրվեց, թե ինչու պատասխան չի տրվել իր ավելի քան չորս ամիս առաջ հղված նամակին ուր խոսվում էր Երեւան քաղաքում ընթացող ապօրինի, քաղաքաշինական կոպիտ նորմերի խախտումով իրականացվող շինարարությունների, նչպես նաև քաղաքաշինությանն առնչվող հայեցակարգային հարցերի մասին:

Լ. Գալստյանի նամակում մասնավորապես մատնանշվել էին հասցեներ մայրաքաղաքի կենտրոնում։

-ՀՀ վարչապետին հղած Ձեր նամակի համար ի՞նչը հիմք հանդիսացավ:

-Առիթը մայրաքաղաքում, հատկապես կենտրոնում իրականացվող բարձր խտության կառուցապատումն է, որի արդյունքում Երևանը վերածել է էկոլոգիական աղետի գոտու`

գետնամերձ օզոնը 2.2 անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը, օդային ավազանը կորցրել է ինքնամաքրման հատկանիշը, Երեւանը կորցրել է ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների 2/3-ից ավելին։ Չհամակարգված կառուցապատման արդյունքում առաջացել է տրանսպորտային ուղիների գերծանրաբեռնվածություն, ստեղծվել են մարդու կենսագործունեության համար վտանգավոր իրավիճակներ։ Այս ամենը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Երեւանում է կենտրոնացված Հայաստանի բնակչության կեսը, ու խնդիրը նաև ազգային անվտանգության համատեքստում է, ստիպում և պահանջում է խնդրի նկատմամբ լինել բացառիկ զգայուն։

-Ձեր նամակում ներկայացրել եք հասցեներ, որոնք, Ձեր բնորոշմամբ, արտառոց խախտումներ են պարունակում: Ո՞ր հասցեներին է վերաբերում խոսքը:

-Բանը հասել է նրան, որ տարածքները զավթելու ճանապարհին չեն խնայում անգամ դպրոցները: Երեք օրինակ բերեմ` Սարյան 23 հասցեում գտնվող թիվ 29 դպրոցին պատակից կառուցվել է 9 հարկանի շենք, որի արդյունքում եռահարկ դպրոցի 15 լուսամուտներ զրկվել են լույսից, Բյուզանդի 107 հասցեում գտնվող Մուշեղ Իշխանի անվան դպրոցին պատակից ցցվել են նորակառույց շենքի սյուները, եւ եթե կառուցվի շենք, դպրոցի մի մասը կլուսազրկվի: Նույն վիճակում է Եղիշե Չարենցի անվան դպրոցը. 7 հարկանի շենք է վեր խոյացել, եւ ետեւի կողմից շենքը պառկել է դպրոցի մյուս մասնաշենքի վրա, հետո էլ խոսում ենք գիտելիքի վրա կառուցված հասարակության մասին: Աբովյան փողոցի վրա հայտնվել են կառույցներ` մոտ 12-ը, որոնք, ըստ թույլտվության, պետք է լինեին տաղավարներ, այնինչ իրականում դարձել են հիմնական կառույցներ, այսինքն՝ կատարվել են բետոնի եւ քարի աշխատանքներ: Ձեւախեղվել է մեր կենտրոնական փողոցը, իսկ մենք ուզում ենք Հայաստանը դարձնել զբոսաշրջության համար գրավիչ:

«Հին Էրիվան» ռեստորանը վեց հարկանի շինություն է, բայց դա իրենց չի բավարարել եւ, զավթելով Հյուսիսային պողոտայից մի հատված մեկ հարկի բարձրությամբ ինքնակամ ապակեպատ կցակառույց են իրականացրել՝ կառուցելով արագ սննդի օբյեկտ։ Առանց համապատասխան շինթույլտվության քանդելով Թումանյան փողոցի մայթի մի հատված մուտք են բացել դեպի նկուղ:

-Դուք ստացել եք քաղաքաշինության պետական տեսչության պետի ստորագրությամբ տեղեկանք, ինչ է բովանդակում այդ տեղեկանքը:

-Տեղեկանքը փաստում է, որ իմ նշած հասցեներում քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումներ կան, մի քանի շենքեր ընդհանրապես թույլտվություն չունեն, օրինակ՝ թիվ 29 դպրոցի հարեւանությամբ կառուցվող 9 հարկանի շենքը, Աբովյան փողոցի տաղավարները: Մեջբերեմ «Հին Էրիվան»-ին վերաբերող հատվածը. «Ճշտվել է, որ մայթի վրա ինքնակամ իրականացվել է ապակեպատ կցակառույց, առանց քաղաքաշինական փաստաթղթերի, բացի այդ՝ կառուցապատողը Թումանյան փողոցից ինքնակամ կազմակերպել է մուտք դեպի նկուղային հարկ` քանդելով մայթի վրա մի հատված, շենքը շահագործվում է առանց համապատասխան փաստաթղթերի ձեւակերպման»:

-Բացի այդ տեղեկանքից, Դուք պատասխանատու մարմիններից պաշտոնական պատասխան չեք ստացե՞լ: Ձեր կարծիքով՝ ինչու՞ մինչեւ այսօր Ձեզ չեն պատասխանել:

-Պատճառը պարզ է, ի՞նչ է՝ պիտի խոստովանեին, որ այս խախտումները կատարվե՞լ են:

-ՀՀ վարչապետը նշել էր, որ քաղաքաշինության նախարարի եւ Երեւանի քաղաքապետարանի հաշվետվությունների մեջ հակասություններ կան, Ձեր կարծիքով՝ ինչու՞ են հակասություններ առաջացել:

-Ես չունեմ Երեւանի քաղաքապետարանի պատասխանը, սակայն պարզ է, որ նրանք պետք է փորձեն պաշտպանվել: Իհարկե շատ ավելի հարգելի կլիներ, եթե գործեր մեր քաղաքի շահը և խախտումների և ապօրինությունների մի մասը վերածվեր։

-Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը «Քաղաքաշինական գործունեության հսկողության եւ վերահսկողության» մասին օրենքի նախագիծ է առաջարկելու ԱԺ-ին, որը, ըստ նրա, թույլ կտա նման ապօրինություններ թույլ տվողների նկատմամբ կոշտ մոտեցում ցուցաբերել: Սա նշանակու՞մ է, որ այժմ լծակներ չկան: Պե՞տք է, արդյոք, օրենք` պայքարելու համար:

-Հստակ է, որ այս ոլորտում օրենսդրորեն կարգավորման խնդիրներ կան, բայց արդեն գործող քաղաքաշինական նորմերի սահմաններում կարելի էր հարցը լուծել: Եթե մի մարդ թույլտվություն չունի, բայց շենք է կառուցել, դրա համար ինչ-որ լրացուցիչ օրե՞նք էր պետք: Մինչեւ շինարարությունը մի տեւական գործընթաց կա, ուրեմն սա պաշտոնեական դիրքի չարաշահում է, անպատասխանատվություն, թողտվություն։ Այլ գնահատական չունեմ։

-Ու՞մ եք կոնկրետ մեղադրում պաշտոնեական դիրքի չարաշահման, անպատասխանատու լինելու համար:

-Երեւան քաղաքը «Քաղաքաշինության մասին» օրենքով քաղաքաշինության հատուկ կարգավորման օբյեկտ է, որը ենթակա է Երեւանի քաղաքապետին: Մենք բոլորս էլ մեղավոր ենք, բոլորս, ովքեր լռել ենք:

-Ի՞նչ քայլեր եք ակնկալում պատասխանատու մարմիններից:

-Իմ նշած հասցեների մի մասը այլևս քաղաքաշինական «հուշարձաններ են»։ Ես կասկածում եմ, որ եթե 9 հարկանի շենքը թույլտվություն չունի,կքանդեն, բայց պետք է մտածել հետագայի մասին, հեռանկարի մասին, օրինակ` Աբովյան փողոցի «հին շոր, հին կոշիկի» տաղավարները կարելի է վերացնել: Էլի շատ շինություններ, որոնց բացակայությունից քաղաքը չի տուժի...Քաղաքաշինության պետական տեսչության տեղեկանքի համաձայն՝ ապօրինի կառուցապատողները տեղում տուգանվել են 50.000 դրամ, բայց նման տույժի պարագայում պարզ է, որ խախտումներ կանեն: Սակայն հարցի բարձրաձայնումը, քննարկումը առիթ կհանդիսանա, որ դաշտը կանոնակարգվի, եւ այսուհետ Երեւանը փրկվի նմանօրինակ ոտնձգություններից:

-Եթե համապատասխան մարմինները չպատասխանեն Ձեր նամակին, որո՞նք են լինելու Ձեր հաջորդ քայլերը:

-Նախ՝ պիտի մինչեւ տարեվերջ խորհրդարանում լսումներ ենք կազմակերպելու, հրավիրելու ենք շահագրգիռ կողմերին` Երևանի իշխանություններին, ճարտարապետերին, բնապահպաններին, սեյսմոլոգներին, մշակութաբաններին, սրտացավ երեւանցիներին, որպեսզի հասկանանք եւ հայեցակարգային մոտեցումներ ճշտենք Երեւանի քաղաքաշինական հեռանկարի շուրջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter