Բակո Սահակյան. «Զինծառայողները ցույց տվեցին, թե ինչ պատասխան կստանա յուրաքանչյուրը, ով ոտնձգություն կկատարի մեր երկրի անվտանգության դեմ»
Նոյեմբերի 17-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Արցախյան պատերազմի մի խումբ հաշմանդամների ձեռքի կառավարման ավտոմեքենաների տրամադրման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը: Նույն օրը Նախագահի նստավայրում ԼՂՀ Պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողներ պարգեւատրվել են պետական պարգեւներով` 2008թ. նոյեմբերի 16-ին մարտական դիրքը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար: Հանձնելով մեդալները` Բակո Սահակյանը նշել է, որ կասեցնելով ադրբեջանական դիվերսիոն խմբի ներխուժումը մեր հանրապետության տարածք, ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողները ցույց տվեցին, թե ինչ պատասխան կստանա յուրաքանչյուրը, ով ոտնձգություն կկատարի մեր երկրի անվտանգության եւ սեփական հողում մեր ժողովրդի խաղաղ ապրելու եւ արարելու իրավունքի դեմ: Երկրի ղեկավարը հաջող ծառայություն է մաղթել զինվորներին եւ ընդգծել, որ ԼՂՀ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի անվտանգ պայմաններ ստեղծեն նրանց ծառայության համար: Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը եւ ՊԲ հրամանատարի տեղակալ Կամո Աղաջանյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել