HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Արա Ղազարյան. «Կառավարությունը եւ Նախարարների կոմիտեն դեռ երկար կխոսեն «Ա1+»-ի գործով»

Հարցազրույց «Ա1+» և «Նոյյան Տապան» հեռուստաընկերությունների փաստաբան Արա Ղազարյանի հետ

Պարոն Ղազարյան ձեզ՝ որպես «Ա1+»-ի փաստաբանի, բավարարո՞ւմ է Եվրոպական դատարանի վճիռը:

Բավարարում է այնքանով, որ դատարանը ճիշտ հասկացավ գործի առանցքը, այսինքն՝ դատարանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին սկզբունքով ընդունել է իրավունքի խախտումը (Ազատ արտահայտվելու իրավունք):

Չի բավարարում այնքանով, որ մենք այլ հարցեր էլ էինք բարձրացրել, որոնց դատարանը չանդրադարձավ. նկատի ունեմ, որ 10-րդ հոդվածը ունի մի քանի սկզբունքներ՝ մենք վիճարկում էինք այն, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը որպես այդպիսին անկախ մարմին չէ, վիճարկում էինք նաեւ որոշումների պատճառաբանված չլինելը, հանձնաժողովի անդամների նշանակման, 7 մրցույթների ժամանակ ընդունված որոշումների անհամաչափությունը, որոնք նույնպես հիմնարար հարցեր են: Ինչեւէ, ուրախ եմ, որ Եվրադատարանը կայացրեց որոշում` հիմնվելով դրանից կես տարի առաջ Բուլղարիայի դեմ կայացված մի որոշման նախադեպի վրա, որտեղ էլ քննվում էր այն հարցը, թե արդյոք կարգավորող մարմնի որոշումները պատճառաբանված են: Ու քանի որ արդեն կար նախադեպ, ես վստահ էի, որ «Ա1+»-ի գործով հաղթելու ենք:

Նոյեմբերի 6-ին կառավարությունը ընդունեց որոշում պետական բյուջեից «Ա1+»-ին 30.000 եվրո հատկացնելու մասին: Կարելի՞ է ասել, որ դրանով նրանք լիովին կատարում են Եվրադատարանի պահանջները:

Բնականաբար ոչ, բայց դատարանը՝ որպես միջազային ատյան, որը հանդես չի գալիս որպես վերաքննիչ դատարան, կարող է ուղղակի որոշում կայացնել՝ կոնվենցիան խախտվե՞լ է, թե՞ ոչ, հետո առաջարկել միասին իրականացնել ընհանուր եւ մասնավոր բնույթի միջոցներ. մասնավորը կոնկրետ տվյալ անձի խախտված իրավունքի վերականգնումն է, ընդհանուր միջոցներն իրականացնելը ենթադրում է, որ այլեւս այդպիսի խախտում չպետք է կրկնվի երկրում: Հիմա դատարանը սահմանել է փոխհատուցում 30.000 եվրո, որը վճարելը շատ հեշտ է ու անպայման կվճարվի, բայց դա ո՛չ «Ա1+»-ին կբավարարի, ո՛չ եվրոպական կառույցներին: Եվրոպական կառույցները կառավարության հետ կմշակեն գործողությունների ծրագիր եւ առաջ կշարժվեն, որը կարող է տեւել մի քանի տարի: Կառավարությունը որոշակի քայլեր կկատարի եւ կհայտնի Նախարարների կոմիտեին: Օրինակ՝ կարող է նշել, որ փոխհատուցումը տրվել է, վճիռը թարգմանվել է եւ հրապարակվել է պաշտոնական տեղեկագրերում, անցկացվել են դասընթացներ դատավորների եւ հանձնաժողովի անդամների հետ եւ այլն: Բայց արդյոք դա բավարար կհամարվի, մենք դեռ չգիտենք, քանի որ դեռ նոր է սկսվում կատարողական վարույթը: Այսինքն՝ վճիռը չի ենթադրու՞մ «Ա1+»-ի վերաբացում: Նախ՝ վճռում նման բան գրված չէ եւ չէր էլ կարող գրված լինել: Դա մի հարց է, որը պետք է որոշեն ազգային մարմինները, քանի որ մենք գործ ունենք ինքնիշխան պետության ու ինքնիշխան իրավական համակարգի հետ, ուստի Եվրադատարանը չի կարող այդչափ առաջ գնալ ու պահանջել, որ լիցենզիա տրվի: Նա միայն արձանագրում է խախտում: Բայց հետո սկսվում է ավելի կարեւոր գործընթաց` կատարողական վարույթը, որը վերահսկվում է Նախարարների կոմիտեի կողմից եւ կարող է երկար գործընթաց դառնալ այն առումով, որ մինչեւ չվերականգնվի խախտված իրավունքը, Եվրոպայի խորհուրդը չի ասի, որ կատարողական վարույթը ավարտվեց: Բայց կառավարությունը պետք է որոշի. թե ինչ անի, որպեսզի անձի կամ կազմակերպության խախտված իրավունքը վերականգնի, այսինքն՝ այդ քայլը պետությանն է:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում վերջերս կատարված փոփոխությունների արդյուքնում առաջիկա 2 տարիներին կապուղիների մրցույթ չի անցկացվելու, սա ի՞նչ ազդեցություն կունենա կատարողական վարույթի գործընթացի վրա:

Սեպտեմբեր ամսին պետք է անցկացվեր մրցույթ, որը կարող էր դիտվել որպես խախտված իրավունքի վերականգնման համար ձեռնարկված միջոց պետության կողմից եւ ամպայման կարձանագրվեր Նախարարների կոմիտեի կողմից, բայց դա տեղի չունեցավ: Սա, իհարկե, դրական քայլ չի համարվի Նախարարների կոմիտեի կողմից, ու կառավարությունը պետք է բացատրություններ ներկայացնի, թե ինչով էր պայմանավորված այդպիսի որոշումը, եւ արդյոք դա նպաստու՞մ է խախտված իրավունքների վերականգնմանը: Բացի այդ, որպես անհատական բնութի միջոց՝ «Ա1+»-ը կարող է դիմել դատարան`որպես նոր հանգամանք հաշվի առնելով Եվրադատարանի վճիռը, որպեսզի գործը նորոգվի: Սա խախտված իրավունքները վերականգնելու կարեւոր միջոց է, ու ես կարծում եմ՝ «Ա1+»-ը կօգտվի այդ իրավունքից: Բայց պետք է տեսնել, թե ինչով կավարտվի գործը, քանի որ ամենակարեւորը ավարտն է, ու դեռ երկար մենք կտեսնենք, թե ինչպես են կառավարությունն ու Նախարարների կոմիտեն երկխոսում «Ա1+»-ի խախտված իրավունքների հարցով:

Իսկ ինչու՞ «Ա1+»-ի նախադեպը հիմք չդարձավ «Նոյյան Տապան» հեռուստաընկերության գործի համար:

«Ա1+»-ը հասավ վճռի, «Նոյյան Տապանը» վճռի չհասավ, նա չհաղթահարեց ընդունելության փուլը: Այստեղ մեծ սխալ գործեց «Նոյյան Տապանի» ղեկավարը: Դեռ մի քանի տարի առաջ, երբ «Նոյյան Տապանի» գործն առաջին անգամ ծանուցվեց, դատարանը մերժեց ընկերության պնդումները կապուղու մրցույթների վերաբերյալ, քանի որ նա չէր դիմել ազգային դատարաններին, ավելի ստույգ՝ չէր սպառել բոլոր միջոցները: Իսկ եթե ժամանակին անցներ Հայաստանի բոլոր ատյաններով, նոր դիմեր Եվրադատարան, անպայման կշահեր, քանի որ իրավունքին վերաբերող հարցերը եւ փաստերը նույնանման են երկու գործերում էլ: Դա երկու անգամ նշել է Եվրադատարանը «Նոյյան Տապանին» վերաբերող որոշումներում: Դեռ 2004 թ. որոշման մեջ նշել է, որ. «Այն փաստը, որ ներպետական դատարանների կողմից մերժվել են այնպիսի դիմումներ, որոնք նմանատիպ են եղել նրանց, որոնք ներկայացնելու մտադրություն է ունեցել դիմումատուն, դեռեւս չի նշանակում, որ իրավական պաշտպանության այդ միջոցները հանդիսացել են ոչ արդյունավետ, եւ դիմող ընկերությունը կարող էր դրանք սպառած չլինել»: Ես չգիտեմ՝ ինչն էր «Նոյյան Տապանի» նման որոշման պատճառը, բայց իր որոշմամբ նա իրեն զրկեց հետագայում պաշտպանվելու հնարավորությունից: Այսինքն՝ զրկվեց նաեւ գործի առանցքից: Նրան մնաց միայն 6-րդ հոդվածը վիճարկել «արդար դատավարության իրավունք», քանի որ դատավորը փաստաբանին դուրս էր հանել դահլիճից դատական կարգը խախտելու հիմքով, բայց Եվրադատարանն իր վերջին որոշումով չի ընդունել նաեւ այս պնդումը`գտնելով, որ դատաքննությունն իր ամբողջության մեջ արդար է անցել: Բացի այդ, «Նոյյան Տապանը» երբեւէ չի ունեցել արտոնագիր, այլ պայմանագրով վարձակալել է կապուղին, որպեսզի դուրս գա եթեր: Փաստորեն, նա անբարենպաստ վիճակում է գտնվել, բայց միեւնույնն է, որոշել է, որ պետք չէ մտնել դատարան:

Ըստ ձեզ՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը դասեր կքաղի՞ «Ա1+»-ի վճռից:

Դասեր կքաղի այնքանով, որ այսուհետև հանձնաժողովը պետք է մրցույթներ անցկացնի այն կարգով, որը նշված է «Ա1+»-ի վճռի մեջ: Եվրադատարանը ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ հանձնաժողովն ունի անսահմանափակ հայեցողության իրավունք, այսինքն՝ հանրային վերահսկողությունը չի տարածվում հանձնաժողովի որշման վրա, չնայած այն հանրային մարմին է: Նա իր որոշումերը չի պատճառաբանում ու դրանով չեզոքացնում է հանրային վերահսկողության հնարավորությունը: Բայց ես կարծում եմ, որ հանձնաժողովն այսպիսի պրակտիկա այլեւս չի կիրառի, քանի որ հեռուստաընկերությունները կարող են դիմել ազգային դատարան՝ հղում անելով «Ա1+»-ի որոշմանը, իսկ եվրոպական վճիռները պարտադիր են նմանատիպ գործերի համար: Կարծում եմ՝ սրանից հետո հանձնաժողովն իր որոշումները պատշաճ կերպով կպատճառաբանի: Ի վերջո, կազմակերպությունը պետք է իմանա՝ ինչ թերություններ ունի, որպեսզի շտկի դրանք ու մասնակցի հաջորդ մրցույթներին:

Իշխանությւոնները երկար ժամանակ պնդում էին, որ իրականում «Ա1+»-ը Եվրադատարանում չի հաղթել, քանի որ պահանջներից միայն մեկն է բավարարվել: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այդ մոտեցումը:

Նրանք իրավաբանությունը վերածել են թվաբանության, բայց չէ՞ որ դա ճիշտ մոտեցում չէ, հարցն այն է՝ խախտում եղե՞լ է, թե՞ ոչ: Եվրադատարանը 10-րդ հոդվածի առաջին մասով հայտնաբերելով խախտում՝ որոշեց, որ այլեւս հարկ չկա մյուս պնդումներին անդրադառնալու, դա շատ հաճախ է անում Եվրադատարանը, սա հատուկ մոտեցում չէր «Ա1+»-ին: Ինձ համար ամենակարեւորն այն է, որ հարցերի հարցը լուծեց Եվրադատարանը: Ես նրանց ասածը որպես կատակ եմ ընդունում: Բայց կառավարությունը հստակ ասել է, որ «Ա1+»-ը հաղթել է: Թվաբանական հայտարություններն առաջին շաբաթում եղան՝ «Ա1+»-ի էյֆորիայի համատեքստում: Հարցազրույցը՝ Աստղիկ Խաչատրյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter