HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վստահության ամրապնդումը քայլ առ քայլ պետք է լինի»,-կարծում է Մեթյու Բրայզան

Այսօր Ղարաբաղ են այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները, որոնք շուրջ 2,5 ժամանոց հանդիպում են ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը լրագրողների հետ ճեպազրուցի ընթացքում հանդիպումը գնահատել է բովանդակալից ու կառուցողական: Նրա խոսքերով, Բակո Սահակյանը, համանախագահներին ծանոթացրել է Լեռնային Ղարաբաղի վերջին շրջանի ձեռքբերումներին, ինչպես նաեւ ներկայացրել է մոսկովյան հռչակագրի իր կարծիքով ամենադրական հղումները: «Ազդեցություն կունենա այդ հռչակագրի ստորագրումը բանակցությունների հետագա զարգացմանը» հարցին ի պատասխան Յու. Մերզլյակովը շեշտել է, որ այն պարզապես չի կարող ազդեցություն չունենալ, քանի որ առաջին անգամ ստորագրված է բարձր մակարդակով փաստաթուղթ` ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ, որտեղ կան Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների ստորագրությունները: «Նման բան դեռ չի եղել: Եվ այն, որ այնտեղ հղում է արվում կարգավորման այն բազային սկզբունքների վրա, որոնք երկու կողմերին առաջարկվել էին համանախագահների կողմից մեկ տարի առաջ Մադրիդում, եւ այն, որ այնտեղ արտահայտվում է միջնորդների ջանքերի աջակցությունը, բացում է մեզ համար լրացուցիչ հնարավորություն գործել այդ ուղղությամբ: Դա մեծ խթան է հետագա աշխատանքի ակտիվացման համար»,-շարունակել է ռուսաստանցի համանախագահը: Իսկ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեի կարծիքով, հռչակագրում շատ կարեւոր մի կետ կա: «Այն է, որ եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի, եւ Ռուսաստանի նախագահները մտածում են, որ չի կարող գոյություն ունենալ այլ կարգավորում, քան` քաղաքականը: Դա նշանակում է բանակցություններ, բանավեճեր, փոխզիջում, բայց ոչ ուժի կիրառում»,-նշել է նա եւ կարեւորել նաեւ երկու երկրների միջեւ վստահության ձեւավորման եւ ամրապնդման վերաբերյալ կետը: Իսկ Ղարաբաղի ժողովրդի վստահությության մասին հարցին ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան պատասխանել է, որ իրենք Ղարաբաղում են հենց դրա համար: «Վստահության ամրապնդումը քայլ առ քայլ պետք է լինի: Դա շատ լուրջ գործ է, որով զբաղվում է նաեւ Անջեյ Կասպշիկը : Ուղղակի չարժե կորցնել ոչ մի կյանք դրա, շփման գծի լարվածության մակարդակի պատճառով: Դա կլինի շատ կարեւոր մի ուղղություն մեզ համար»,-շարունակել է Մ. Բրայզան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter