Գյումրիի քաղաքապետն ու թեմի առաջնորդը վիճաբանում են
Հետքն արդեն տեղեկացրել է, որ մի քանի օր առաջ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին պաշտոնանկ անելու նպատակով սկսել էր ստորագրահավաք կազմակերպել նրա դեմ:
Հիշեցնենք, որ ընտրություններից առաջ խիստ սրվել էին նրանց հարաբերությունները, այն աստիճան, որ թեմի առաջնորդը քաղաքապետին հրապարակավ «կեղծ բարեպաշտ» անվանելով` ընտրողներին հասկացրել էր ձայն չտալ նրան:
Այսօր Վարդան Ղուկասյանը պատասխանելով Հետքի հարցին` ասաց, որ իր ու թեմի առաջնորդի հարաբերությունները միշտ եղել են իդեալական և որ նրա` ընտրություններից մեկ օր առաջ ունեցած ելույթը անակնկալ էր իր համար: «Մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք, ես չգիտեմ` ով է դա տարածողը, մենք երբեք մի հատ թթու խոսք իրար չենք ասել, բացի հարգանքից, բացի սրբազանին ըստ արժանվույն գնահատելուց, ես ոչ մի բան չեմ արել: Ես զարմացած եմ, որ նա ընտրություններից առաջ դուրս է եկել ու իմ դեմ ելույթ է ունեցել: Ես եկեղեցապատկան հողերը չեմ վաճառել, ընդհակառակը` ես եմ եկեղեցուն հողեր տվել, կարող եմ ասել, որ հարյուրապատիկ անգամ, ինչքան որ ունեին, ավելացրել եմ, ես նորից պատրաստվում եմ եկեղեցու համար ամեն ինչ անելու: Թե նմանատիպ բաներ պտտվում է առաջնորդի կողմից` կապրենք-կտեսնենք, կա ըտենց բան, թե չկա: Ստորագրահավաքը իմ ձեռագիրը չէ, եթե բան ունենամ ասելու, ուղիղ ճակատին կասեմ: Հավանական է, որ ժողովուրդը` այն երեսունհինգ հազարը, որ ինձ ձայն է տվել, դժգոհ լինի, որ հոգևոր առաջնորդը զբաղվում է քաղաքականությամբ, կարող է և ժողովուրդը իր ձայնը, խոսքը ասի, բայց ես նմանատիպ բաներից ընդհանրապես տեղյակ չեմ, դրանք սադրանքներ են, ցավում եմ, որ հոգևոր թեմը քաղաքականությամբ է զբաղվում»,- ասաց քաղաքապետը` հոգեկան հիվանդներ անվանելով այն լրատվամիջոցներին, որոնք գրել են ստորագրահավաքի մասին:
Մենք փորձեցինք քաղաքապետ-հոգևոր թեմի առաջնորդ հարաբերությունների մասին պարզաբանումներ ստանալ նաև Միքայել եպիսկոպոս Աջապահյանից: Վերջինս շտապում էր Էջմիածին, այդ պատճառով հրաժարվեց պարզաբանումներ տալ, սակայն մեզանից հետաքրքրվեց, թե որն է իր մեղքը, ինչի մեջ է «ամբաստանվում»: Մեր այն դիտարկմանը, թե ինչու եք հրաժարվել օրհնել «Վարդանանց» արձանախումբը (քաղաքապետն է այս մասին դժգոհել), թեմի առաջնորդը հեգնեց. «Դրա համար ճիշտ կանեին ոչ թե ստորագրահավաք կազմակերպեին, այլ մահապատժի ինձ ենթարկեին":
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել