Վարդան Ղուկասյան. «Եթե Աստված մեծ է, ո՞վ կարող է զիս մենամարտել»
Այսօր Գյումրիի «Կինո Հոկտեմբեր»-ի դահլիճում տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը: Բացի Շիրակի մարզպետ Լիդա Նանյանից, մարզպետարանի աշխատակիցներից ու հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանից, վերջինիս շնորհավորելու էին եկել ողջ քաղաքն ու ՕԵԿ-ի, ինպես նաև Հանրապետական կուսակցության վերնախավը:
Քաղաքապետի վկայականը հանձնելու «պատիվը» տրվեց Գյումրիի պատվավոր քաղաքացի, նախկին քաղսովետի նախագահ Մուրադ Մուրադյանին, ով գովելով Վարդան Ղուկասյանին` նշեց, որ նրա օրոք Գյումրին «շտկել է մեջքը, վերափոխվել է, հաստատուն քայլերով գնում է առաջ»:
Ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանն էլ իր ու Հայաստանի հանրապետության նախագահի անունից շնորհավորելով Վարդան Ղուկասյանին` ասաց. «Հայաստանի ամենակոլորիտով քաղաքն ունի ամենակոլորիտով քաղաքապետը»: Հյուրերը վստահեցրին, որ հաջորդ քաղաքապետը եւս Վարդան Ղուկասյանն է լինելու, քանի որ նա «անսահման էներգիայի տեր է»:
Այս ամենից շոյված` քաղաքապետը երդվեց. «Մեծարգո Արթուր Բաղդասարյան, հարգարժան հյուրեր, սիրելի գյումրեցիներ, իմ համար ամեն մի խոսքը պարտավորեցնող է: Երբ որ ինձ ասում են` բարով վայելես, հավատացեք` դա վայելելու տեղ չէ, դա գիշեր ու ցերեկ տքնաջան աշխատելու տեղ է, եթե, իհարկե, մարդը եկել է աշխատելու: Կայացան ընտրությունները, որոնք եղել են առանց կեղծիքի, բոլորս լավ գիտենք դա, եթե որեւիցէ մարդիկ կան, որոնք ուզում են էս կարեւորագույն ընտրություններին պիտակներ կպցնել, դա չի կպնի, որովհետեւ դրանք ի վերուստ են եղել: Կայացել են առանց ալյուր, կաշառքներ բաժանելու, իհարկե, մնացած քաղաքացիները, ովքեր ինձ ձայն չտվեցին, դա եւս ինձ պարտավորեցնող է, ես խտրականություն չեմ դնելու, ես բոլորիդ քաղաքապետն եմ, ես կառուցելու եմ էս քաղաքը, խոսք եմ տալիս հաջորդ անգամ մասնակցել տեղական ընտրություններին, երեսունհինգ հազարից իմ ձայները դարձնել քառասուն հազար: Եվ, ամենակարեւորը, Աստծո կամքով է եղել էս ամեն ինչը, աստվածային ուժը ես զգացել եմ իմ թիկունքին, զգացել եմ Դավիթ մարգարեի խոսքը.«Եթե Աստված մեծ է, ով կարող է զիս մենամարտել»: Էսօր մեր ամենակարեւոր ձեռքբերումն այն է, որ մասնավորի կողմից Գյումրիում հիսուն միլիարդ դրամի շինարարություն է արվում, Հայաստանի հանրապետության, բացի Երեւան քաղաքից, բոլոր գյուղերում ու քաղաքներում իրար հետ վերցրած` մասնավոր էդքան շինարարություն չի արվում, ոնց որ Գյումրիում: Դա մեր քաղաքապետարանի շնորհիվ է, որ ասում են` «մի ծաղկով գարուն չի գա, մի ծաղկով լավ էլ գարուն կգա, քաղաքապետից շատ բան է կախված, ես լեզվով հավատացյալ չեմ, իմը խոսքով է»,- ասաց քաղաքապետը` Աստծուն աղոթելով չարերին հեռու տանել իր քաղաքից:
Ի դեպ, երդման արարողությանը ներկա էր նաեւ աշխարհահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը, որին Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց: Նա խոստացավ Գյումրիում իր կիսավեր բնակարանը վերանորոգել ու ԱՄՆ-ից մշտական բնակության տեղափոխվել Գյումրի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել