HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Ինքներս մե՞զ խաբենք, կամ ինչպե՞ս կարելի է արտագաղթը չհամարել զանգվածային

«Հենարան» մամուլի ակումբում երեկ հրավիրված ասուլիսում ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը նշեց, որ, որոշ պնդումների համաձայն, Հայաստանից վերջին երկու տարիներին արտագաղթի նոր ալիք, ահագնացող ծավալներ կան, մինչդեռ ինքը չի հանդիպել դրանց աղբյուրների վերաբերյալ տեղեկությունների: Նա հրապարակայնորեն խնդրեց բոլոր անձանց, ովքեր նման աղբյուրներ ունեն, այդ մասին տեղեկացնեն նաև իրենց, որպեսզի իրենք էլ ուսումնասիրեն:

Հրապարակայնորեն բավարարենք պարոն Եգանյանի հրապարակային խնդրանքը` ներկայացնելով ինչո՞ւ վերջին երկու, այլ վերջին երեք տարիներին արտագաղթի նոր ալիքի ահագնացող ծավալների վերաբերյալ պնդումների աղբյուրը: Որքան էլ զավեշտալի կամ տարօրինակ թվա, այդ աղբյուրը հենց միգրացիոն պետական ծառայության պաշտոնական կայքն է:

Այդ կայքով ծառայության հայտնած պաշտոնական տեղեկատվության համաձայն` Հայաստանից մեկնածների և Հայաստան վերադարձածների բացասական տարբերությունը կամ սալդոն 2008 թ. կազմել է 23,1 հազար մարդ, 2009 թ.` 25 հազ. մարդ, 2010 թ.` 29,9 հազ. մարդ:

Այսինքն` Հայաստանից մեկնածներից տարեկան միջինը 26000 մարդ չի վերադարձել, ընդ որում` 2001 թվականից հետո այսպիսի տագնապալի իրողություն դեռ չի գրանցվել: Ամենամեծ բացասական տարբերությունը` 10161 մարդ, արձանագրվել է 2003 թ., սակայն վերջին երեք տարիներից յուրաքանչյուրի ցուցանիշը ավելի քան կրկնակի գերազանցում է դրան:

Դժվար չէ հենց նույն պաշտոնական տեղեկատվության հիման վրա հաշվարկել, որ 2008-2010 թթ. ընթացքում Հայաստանից մեկնել, բայց չի վերադարձել ընդհանուր առմամբ 77891 մարդ:

Ավելին. եթե վերջին 10 տարում (2001-2010 թթ.) Հայաստանից մեկնածների ու մեր հանրապետություն վերադարձածների բացասական տարբերությունը կազմել է 118047 մարդ, ապա դրա ավելի քան 65%-ը` 7891 մարդ, բաժին է ընկնում միայն վերջին երեք տարվան:

Այսպիսով, չնայած հանրությանը հակառակը հավատացնելու պարոն Եգանյանի ճիգին, հենց միգրացիոն պետական ծառայության տվյալներն են փաստում, որ արտագաղթի ծավալների կտրուկ աճ կա: Իհարկե, այդ աճը կտրուկ չէ, եթե ծառայության պետի գործադրած յուրօրինակ հնարքին հետևելով` հիշյալ բացասական սալդոյի 2010 թ. ցուցանիշը համեմատենք 2009 թ. ցուցանիշի, 2009 թ. ցուցանիշն էլ` 2008 թ. ցուցանիշի հետ, քանզի վերջին երկու տարիներին բացասական սալդոյի աճի տարեկան միջին ցուցանիշը կազմում է մոտ 3500 մարդ:

Սակայն ո՞վ կարող է մեզ ու հանրությանը բացատրել, հիմնավորել, որ պետք է հենց այդպիսի համեմատություն կատարենք և ոչ թե վերջին երեք տարիների ցուցանիշները համեմատենք 2002 թվականից մինչ այդ եղած ցուցանիշների հետ:

Փորձելով հերքել, որ վերջին երեք տարիների արտագաղթը զանգվածային բնույթ ունի, Գ. Եգանյանը որպես զանգվածային արտագաղթի օրինակ բերեց 90-ական թվականների շատ ավելի բարձր ցուցանիշները: Այո, այն ժամանակվա ցուցանիշներն անհամեմատ բարձր են եղել, բայց անժխտելի է և՛ 90-ական թթ., և՛ ներկայիս արտագաղթի զանգվածային բնույթը, քանզի եթե ՀՀ-ում մշտապես բնակվող մարդկանց թիվն այսօր, ըստ վարչապետի, 3 մլն է, միայն վերջին երեք տարում Հայաստանից մոտ 78000 մարդու մեկնել-չվերադառնալը ուղղակի հնարավոր չէ զանգվածային արտագաղթ չհամարել:

- Դրանք ուղևորահոսքեր են, դրանք ուղևորներ են,- նկատի ունենալով Հայաստան չվերադարձած հիշյալ մոտ 78000 անձանց` փորձեց պատճառաբանել հիշյալ ծառայության պետը:- Ընդհանրապես, նայելով այս ուղևորահոսքին` իհարկե պետք է անմիջապես այստեղից հետևություն անել, որ գերակշռում է արտագաղթելու տրամադրությունը: Սա քննարկման ենթակա չէ, որովհետև երեք տարի ի վեր տեսնում ենք, որ բացասական ուղևորահոսք կա: Եթե մեկ տարին լիներ բացասական, հաջորդ տարին` դրական, այդ պնդումը չէինք անի, բայց եթե երեք տարի շարունակվում է, ուրեմն բնակչության մոտ առկա է արտագաղթելու միտումը: Հիմա ինչքա՞ն է այդ արտագաղթի միտումը, ի՞նչ ծավալների է հասնում` դա միայն կարող ենք ասել հետազոտության արդյունքներով: Հետազոտության արդյունքները կախված կլինեն մարդահամարի տվյալներից:

Ըստ Գ. Եգանյանի` վերջին շրջանի արտագաղթը զանգվածային որակելու համար հետազոտություն է պետք: Հետազոտությունը` հետազոտություն, բայց եկեք, ինչպես ասում են, ծուռ նստենք, շիտակ խոսենք: Այո, տեսականորեն հնարավոր է, որ վերջին երեք տարում Հայաստանից մեկնած ու չվերադարձած մոտ 78000 հոգուց 1-2 հազարը, լավ, թող 8000-ը այս կամ հաջորդ տարիներին վերադառնան, ինչպես և հնարավոր է այն, որ այդ տարիներին վերադարձածների մի մասն առաջիկա տարիներին Հայաստանից կարող է ընդմիշտ հեռանալ:

Հետևաբար` հաշվարկները պետք է կատարել ոչ թե առաջիկա միգրացիոն հոսքերի վերաբերյալ ենթադրություններից ելնելով, այլ զուտ տվյալ տարիների փաստացի ցուցանիշների հիման վրա: Բացի դրանից` ում հայտնի չէ, որ արտագնա աշխատանքի մեկնածները, չնչին բացառությամբ, տարեվերջին, գոնե Նոր տարվա շեմին վերադառնում են` Ամանորը, ազգային սովորույթի համաձայն, իրենց ընտանիքի գրկում նշելու համար, հետևաբար` եթե չեն վերադարձել, ընդ որում` բացասական սալդոն շարունակվում է արդեն երեք տարի անընդմեջ, ուրեմն խոսքը ոչ թե սոսկ ուղևորների և ուղևորահոսքի, այլև արտագաղթողների և արտագաղթի մասին է: Ի վերջո, ինքներս մե՞զ խաբենք:

Մեկնաբանություններ (2)

ARS
Gnum en u het chen galis, ete petytyuny chi mtacum ir zoxovrdi masin, el inch a mnum anel, ov piti iranc yntaniqy pahi, artagaxty ahreli caperov nor a sksvel, u ete migocner cdzernarken, aveli vat a linelu, lav ban chem tesnum
Maria (hunastan)
Yes wonc chem havatum ayd himar tvabanutyany, aveli shat mardik en hayastanic gnum, mi havataceq, isk artagaxri harcy irakanum karcum em wor ishxanakan marminnerin el e anhangstacnum, qani wor shutov el chen unena joxovurd wor irenc barqery partadren, miayn im yntaniqic 23 andam gnacel e hayastanic miayn verchin 5 amsum, ev woch sezonayin ashxatanqi, yes el em gnacel im yntaniqov, u aysor aravotyan mtacum em wor inchu chem karotum hayastany, ev chunem cankutyun veradarnalu, axr inchi tenc areciq?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter