Մեսրոպ Մովսիսյան. «Ռոբերտ Քոչարյանն իմ ներկայությամբ բիզնեսմեններին ասաց՝ ինչու եք «Ա1+»-ին փող տալիս»
«Ա1+» հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսիսյանը կառավարության որոշմամբ ստեղծվելիք «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի» իմաստը բացատրում է այսպես. «Ես դրա մեջ տեսնում եմ ուղիղ գրաքննության ճանապարհ եւ վերահսկման կենտրոնացման խնդրի լուծում»: Այս մասին նա այսօր խոսեց «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան` Կառավարությունը նոյմեբերի 6-ի որոշմամբ ստեղծելու է «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ: Կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են լինելու հանրային կապերի, պետական կառույցների թափանցիկության, տեղեկատվության մատչելիության, տեղեկատվության հավաքագրման եւ տարածման գործընթացների վերաբերյալ ուսումնասիրությունների կատարումը, ԶԼՄ-ի ընդհանուր եւ թեմատիկ դիտարկմուն եւ վերլուծությունը, ԶԼՄ-ների շուկայի վերաբերյալ ուսումնասիրությունների ու դիտարկումների իրականացումը, հանրային կապերի եւ տեղեկատվության ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրությունը եւ ԶԼՄ-ների գործունեության իրավական կարգավորման հետ կապված նախաձեռնություններով հանդես գալը:
«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածներով բոլոր աշխատանքների լիազորությունները ՀՀ նախագահի աշխատակազմինն է:
Մ. Մովսիսյանը գտնում է, որ պետությունը պետք է ունենա այդպիսի մարմին, բայց, ըստ նրա, Հայաստանը այդ մարմինն ունի դեռ ԽՍՀՄ-ից. «Դա ՊԱԿ-ի բաժիններից մեկն է, որ եւ ձայնագրում , եւ վերլուծում է, ամեն առավոտ ներկայացնում է նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին»:
«Ա1+»-ի ղեկավարը երկրորդ նման մարմնի հիմնում համարում է շռայլություն: Սակայն նա նկատում է, որ այդ մեխանիզմով ուզում են ճնշում գործադրել չենթարկվող լրատվամիջոցների վրա. «Դա ակնհայտ է դառնում մի քանի տողերից, օրինակ` ԶԼՄ-ի շուկայի վերաբերյալ ուսումնասիրությունների եւ դիտարկումների իրականացում: Ես սա հասկանում եմ, որ վերլուծելով եւ վերահսկելով գովազդային դաշտը, ուսումնասիրելով ԶԼՄ-ի աշխատանքը գովազդատուների հետ, ղեկավարվելու են ԶԼՄ-ը գովազդատուների միջոցով»:
Եթե լինի հրահանգ, որ պետք չէ աշխատել որեւ լրատվամիջոցների հետ, ուրեմն ըստ Մ. Մովսիսյանի, բիզնեսմենները կհրաժարվեն:
Նա այդ փորձն ունի դեռեւս Ռոբերտ Քոչարյանի ժամանակներից. «Ռոբերտ Քոչարյանը իմ ներկայությամբ բիզնեսմեններին ասաց, որ ինչու եք «Ա1+»-ին փող տալիս, Արմենիային տվեք, տեսեք` ինչ լավ է աշխատում»: «Ա1+»-ի ղեկավարը գտնում է, որ այժմ այդ տիպի հրահանգները տալու է ստեղծվելիք մարմինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել