HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը փորձում է զարգացնել Շիրակի մարզը

Այսօր Շիրակի մարզի մի շարք գյուղապետերի ու բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ մարզպետարանում քննարկվեց կառավարության կողմից ընդունված «Մարզային զարգացման ծրագրի» հայեցակարգը: Ինչպես ներկայացրեց ծրագրի ղեկավար Արմեն Քեշիշյանը, 2003 -2005 թթ. Մեծ Բրիտանիայի և ՀՀ կառավարության համատեղ ջանքերով այն փորձարկվել է աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկու մարզերում`Գեղարքունիքում և Տավուշում:

Եվ քանի որ արդյունավետ է եղել, որոշել են այն իրականացնել նաեւ Շիրակի մարզում: «Ծրագրի ամենակարևոր ասպեկտն այն է, որ հաշվի են առնում մարզի առանձնահատկությունները, մարզի բնակիչների կարծիքները, խնդիրները քննարկվում են մարզի ներսում և նոր միայն ներկայացվում կառավարությանը: Ծրագիրը պետք է թափանցիկ ու հասկանալի լինի, օրինակ` պիտի կարողանանք հիմնավորել, թե ինչու մի համայնքում ջրագիծ ենք կառուցում, մյուսում` ոչ»,- ասաց ծրագրի ղեկավարը:

Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն էլ հավելեց, որ այս ծրագրի շրջանակում Գեղարքունիքում ու Տավուշում Մեծ Բրիտանիայի թագավորության տրամադրած 2 մլն ֆունտ ստեռլինիգ դրամաշնորհով և ՀՀ պետական բյուջեի միջոցներով արդեն իսկ հարյուր միջոցառումներ են իրականացվել, լուծվել են մանկապարտեզների, ջրագծերի, ներհամայնքային ճանապարհաշինության, նույնիսկ գյուղերի բժշկական ամբուլատոր ծառայությունների հարցը: Ըստ փոխնախարարի` Շիրակի մարզի համար ծրագիրը կմշակվի երեք տարի կտրվածքով, ու կփորձեն հաղթահարել աղքատությունը:

Եվ մինչ վերջիններս խոսում էին աղքատության հաղթահարումից, շիրակցի գյուղապետերը թերահավատորեն լսում էին: Մեզ հետ զրույցում նրանցից շատերը ելույթ ունեցողներին անվանեցին «թղթեր սևացնողներ»: Տեղեկացնենք, որ գրեթե ամեն տարի շիրակցի գյուղապետերը մարզպետարանի դահլիճում առիթ են ունենում ունկնդրել կառավարության մշակած Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը, սակայն, իրենց իսկ խոսքերով, «աղքատության մեջ դեռ փտում են»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter