Մատաղիսի գործը նորից հետաձգվեց
Այսօր Հյուսիսային քրեական դատարանում շարունակվեց ժամկետային զինծառայողներ Արայիկ Զալյանի, Ռազմիկ Սարգսյանի և Մուսա Սերոբյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են Լեռնային Ղարաբաղի Մատաղիս գյուղի զորամասում կատարված երկու զինվորների` Հովսեփ Մկրտումյանի ու Ռոման Եղիազարյանի սպանության մեջ:Դատարանն այսօր քննեց սպանված զինծառայող Ռոման Եղիազարյանի հորեղբոր` Արթուր Եղիազարյանի միջնորդությունը: Նախորդ դատական նիստի ավարտին Արթուր Եղիազարյանը դատարանին խնդրել էր ապահովել իր անվտանգությունը` պաշտպանել իրեն ամբաստանյալների հարազատներից: "Ես ուզում եմ լիարժեք մասնակցել դատական նիստերին, բայց նրանք ընտանիքներով հավաքվում ու սպասում են իմ դուրս գալուն, ինձ կոնֆլիկտի մեջ են ներքաշում",-բողոքում էր տուժողի իրավահաջորդը: Փաստաբան Ստեփան Ոսկանյանն էլ առարկել էր այս միջնորդության բավարարմանը` ասելով. "Էդ որ Ստեփանակերտում բոլորի վրա հարձակվում էին, ինչու չէիք մտածում պաշտպանվելու մասին, հիմա նոր մտքներդ ընկավ":
Այսօր նախագահող դատավոր Հարություն Մովսիսյանը կիսով չափ բավարարեց Արթուր Եղիազարյանի միջնորդությունը` նրա անվտանգությունը հանձնելով դատարանի կարգադրիչներին: Եվ քանի որ ամբաստանյալների շահերի պաշտպան Ստեփան Ոսկանյանը չէր ներկայացել դատարան եւ միջնորդություն էր ներկայացրել այն մասին, որ մասնակցելու է հանրապետությունից դուրս տեղի ունեցող մեկ այլ դատավարության, դատը հետաձգեցին մինչև նոյեմբերի 20-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել