Ալավերդու հանքափորներն անհանգստացած են
Այսօր առավոտյան ժամը 10-ի սահմաններում Ալավերդու «Արմենիան Քափըր Փրոգրամ» (ԷյՍիՓի ) ընկերության վարչական շենքի հարևանությամբ գտնվող մշակույթի պալատի շենքի առաջ հավաքվել էին ընկերության պղնձի հանքերի եւ ֆաբրիկայի 200-ից ավելի աշխատողներ: Նրանք պահանջում էին հանդիպում ընկերության ղեկավարների հետ: Ժամը 11-ի սահմաններում մշակույթի պալատի դահլիճում հանքափորներին հանդիպեցին «ԷյՍիՓի» ընկերության ընդհանուր հարցերով վարչության պետ Անդրանիկ Ղամբարյանը եւ ընկերության իրավաբան Հրաչիկ Թանդիլյանը: Բանվորներն ընկերության ղեկավարությունից բացատրություն էին պահանջում հանքում սպասվելիք կրճատումների մասին և աշխատանքները դադարեցնելու դեպքում պահանջում էին երկու-երրորդով վարձատրություն: Իրավաբան Հրաչիկ Թանդիլյանը բանվորների կրճատումների հետ կապված հարցադրումներին տվեց իրավական մեկնաբանություններ: Անդրանիկ Ղամբարյանը ընկերությանն արդարացրեց այն փաստով, որ կրճատումները միայն Ալավերդիում չեն:
Ըստ հանքափորների` «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանը, կամ էլ "Վալլեքս" խմբի «Բեյս Մեթըլս» ընկերության տնօրեն Արթուր Մկրտումյանը վաղը` նոյեմբերի 15-ին, ժամանելու է Ալավերդի` հանքափորների հետ հանդիպելու եւ նրանց հարցերին սպառիչ պատասխան տալու համար:
Ըստ հանքափորների հայտարարության` վաղը, նոյեմբերի 15-ին, առավոտյան ժամը 10-ին նրանք կրկին հավաքվելու են մշակույթի պալատի առաջ: Ինչպես տեղեկացանք հանքափորներից` ստեղծված իրավիճակում «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության 300-ից ավելի աշխատողների մոտ խուճապը կրկնակի է նաև այն պատճառով, որ այս տարի ՎՏԲ-Հայաստան բանկից ընկերության 300-ից ավելի աշխատողների մոտ խուճապը կրկնակի է նաև այն պատճառով, որ այս տարի ՎՏԲ-Հայաստան բանկից ընկերության երաշխիքով նրանց ստացած միջինը 300 հազար դրամ վարկերը գործազրկության դեպքում չեն կարողանա փոխհատուցել բանկին:
Հանքափորներից տեղեկացանք նաև, որ հոկտեմբերի 30-ին Ալավերդու հանքում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է հմուտ հանքափոր, Հրազդան քաղաքի բնակիչ 48-ամյա Մանուկ Մինասյանը: Այսօր հանքափորները կոչ էին անում "Արմենիան Քափըր Փրոգրամ" ընկերության բոլոր աշխատողներին նոյեմբերի 15-ին միանալ իրենց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել