HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրեցի պաշտոնյան մեղադրյալի աթոռին

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը շարունակեց լսել Գյումրիի քաղաքապետարանի ապօրինի շինությունների և հողազավթումների վերահսկման բաժնի պետ Աշոտ Քալաշյանի դեմ հարուցված քրգործի քննությունը: Հիշեցնենք, որ պաշտոնյան մեղադրվում է Գյումրիի բնակիչ Սվետլանա Մովսիսյանին պատկանող տնակն առևանգելու ու 240.000 դրամով Թադևոս Շիրվանյանին վաճառելու մեջ: Այսօր դատարանը լսեց ևս երկու վկաների` քաղաքապետարանի ապօրինի շինությունների և հողազավթումների բաժնի աշխատակից Արթուր Պարունակյանին, որի անունը հաճախակի է շոշափվում այս պատմության մեջ, և տուժողի հարևան Գարեգին Տոնոյանին: Արթուր Պարունակյանը դատարանում պաշտպանելով իր ղեկավարի շահերը` հայտարարեց, որ տնակը վաճառվել է տանտիրոջ գիտությամբ, ավելին` գնի մասին նրա հետ "երկար- բարակ" սակարկել են: Ըստ վկայի` քանի որ տնակը "տեղափոխելու բան չէր", տանտերը համաձայնել է այն վաճառել, սակայն սկզբում 300.000 դրամ է պահանջել, իսկ Աշոտ Քալաշյանի միջամտությունից հետո դարձրել է 240.000 դրամ: Վկա Արթուր Պարունակյանը նաև պնդում էր, որ գործարքի մասին ստացական է գրվել, սակայն մի օրինակից, ու իր ղեկավարը, տանտերերին վստահելով, այն թողել է նրանց մոտ: Մյուս վկան` տուժողի հարևանը, դատարանում փոխեց իր տված նախաքննական ցուցմունքը. եթե քննչական մարմնին ասել էր, որ տնակի առուվաճառքի մասին անձամբ լսել է քաղաքապետարանի պաշտոնյաներից, ապա դատարանում վախվորած հայտնեց, որ դա միայն իր ենթադրությունն է եղել: Գլխավոր վկան` Թադևոս Շիրվանյանը, ում վաճառվել է տնակը, "Ջերմուկում բուժվելու պատճառով" այս դատական նիստին չէր ներկայացել: Դատը նորից հետաձգվեց Շիրվանյանին բերման ենթարկելու պայմանով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter