HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ, 2008թ. առաջին ամիսներին Հայաստանն ու հայությունը ականատես եղավ 1995-ից սկիզբ առած խայտառակ ընտրությունների հերթական ամոթալի դրսևորմանը և դրա դեմ արտահայտվող ժողովրդական բողոքի արյունալի ճնշմանը, որոնցից, իրենց բովանդակ բացասական հետևանքներով, խորապես տուժեցին և պետությունը, և հանրությունը, և յուրաքանչյուր պետության կայունության հիմք հանդիսացող ժողովուրդ-իշխանություն համերաշխությունը:2008թ. վերջին ամիսները և 2009թ.-ը ավելի մեծ վտանգով են սպառնում Հայաստանին և հայությանը: Վրաց-օսական և վրաց-ռուսական օգոստոսյան պատերազմով տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակի, ինչպես նաև ընդհանրապես ռուս-ամերիկյան հարաբերությունների սրացման հետևանքով Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան մրցարշավի են դուրս եկել` Ղարաբաղյան հակամարտությունը յուրաքանչյուրը հօգուտ իր ռազմավարական շահերին ծառայեցնելու նպատակով: Բոլոր "միջնորդությունների" և "հակամարտությունը կարգավորելու" ուղղությամբ կատարվող "օգնությունների" առանցքը հայկական ուժերի կողմից ազատագրված տարածքների հանձնումն ու այդ տարածքներում օտար ուժերի տեղակայումն է: Ամենասարսափելին այն է, որ ՀՀ իշխանությունները սկզբունքորեն համաձայն են հանձնմանը և այդ առնչությամբ Ադրբեջանի հետ նրանց տարակարծությունները վերաբերում են մանրամասնություններին և տեխնիկական բնույթի հարցերին, մինչդեռ բուն Ղարաբաղի` Ադրբեջանից անկախանալն ապագայում իրավականորեն երաշխավորվելու պարագայում նրանք պատրաստ են ազատագրված տարածքները հանձնել գրեթե ամբողջությամբ: Միանշանակ է, որ հերթական անգամ, ու գուցե այսօր նախորդներից ավելի մեծ հավանականությամբ, գտնվում ենք մեր ազգի ու պետության անվտանգությունը սասանող պարտվողական համաձայնագրի կնքմանը ականատես լինելու շեմին: Արցախյան գոյամարտի ընթացքում մեր ժողովրդի հերոս զավակների արյան գնով ազատագրված տարածքները մեր հայրենիքի անօտարելի մասն են: Նրանք մեր ժողովրդի համար ունեն պատմական արդարությունը վերահաստատելու սկզբունքային նշանակություն: Այդ տարածքները հայկական էթնոսի պատմական ծագումնաբանության արեալի անբաժանելի մասն են: Ազաատագրված հողերի այդ գոտին ազգի ու պետության համար ունի գոյութենական նշանակություն, որովհետև արևելյան սահմանների անվտանգությունը ապահովող միակ երաշխիքն են: Այդ տարածքների ազատագրումը հայոց վերջին հազարամյակի պատմության մեջ շրջադարձային նշանակություն ունի այն առումով, որ հազարամյա տևական նահանջից ու կորուստներից հետո հայկական ոգու վերելքի արդյունքում այն սեփական հողի վերատիրացման առաջին և առայժմ միակ փաստն է: Վճռականապես մեկընդմիշտ բացառենք հայրենի հողը հանձնելու ցանկացած մտադրություն: Վերջնականապես փակենք ազատագրված հայրենի տարածքների հանձնման առանցքի շուրջ ձևավորված ավելի քան 15-ամյա ամոթալի պարտվողական դիվանագիտության էջը, դիվանագիտություն և զուգահեռ ընթացող ներքին քարոզչություն, որոնց նպատակներից մեկը եղել է վճռական պահին մեր ժողովրդին հոգեբանորեն նախապատրաստել լուռ համակերպման: 14.11.2008թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter