HY RU EN

Ստեփան Ոսկանյան. «Չախալյանը ազատազրկված է իր քաղաքական հայացքների համար»

Հարցազրույց «Միասնական Ջավախք» դեմոկրատական դաշինքի ակտիվիստ Վահագն Չախալյանի և նրա ընտանիքի անդամների պաշտպան Ստեփան Ոսկանյանի հետ

Պրն Ոսկանյան, Վրաստանում վերջերս համաներում է հայտարարվել: Ինչքանո՞վ դա կտարածվի Վահագն, Ռուբեն և Արմեն Չախալյանների վրա:

Եթե չեմ սխալվում, այդ համաներումը կապված է 2003 թ. նոյեմբերի 23-ին տեղի ունեցած «Վարդերի հեղափոխության» 5-ամյակի հետ: Ճիշտն ասած` բովանդակությանը դեռ մանրամասնորեն ծանոթ չեմ, չգիտեմ, թե դա որքանով է վերաբերելու Վահագն կամ Ռուբեն Չախալյաններին, բայց կարծում եմ, որ Արմեն Չախալյանի մասով ինչ-որ փոփոխություններ կլինեն:

Ի՞նչ մեղադրանքներ են առաջադրված Չախալյաններին:

Արմենը մեղադրվում է միայն զենք-զինամթերք պահելու մեջ: Իսկ Ռուբեն և Վահագն Չախալյաններին նույն մեղադրանքներն են ներկայացված զենքի, զինամթերքի կամ պայթուցիկ նյութերի ձեռքբերման կամ պահման հոդվածով (Վրաստանի քրեական օրենսգրքի 236 հոդվածի 1-ին մաս): Վահագնին նաև մեղադրում են հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման (Վրաստանի քրեական օրենսգրքի 225, 226 հոդվածների Ա և Բ կետեր), ոստիկանության աշխատակցին կամ պետական պաշտոնյային ցույց տված խմբակային դիմադրության (353 հոդվածի 2-րդ մաս), խուլիգանության` կատարված ա) խմբակային համաձայնությամբ և բ) պետական պաշտոնյայի դեմ (239 հոդվածի 2-րդ մասի Ա և Բ կետեր) հոդվածներով: Այս հոդվածների մի մասը կապել են 2006 թ. Վահագնի ծավալած քաղաքական գործունեության հետ, մասնավորապես 2006-ի հոկտեմբերին Ախալքալաքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների բողոքարկման ցույցի և 2006-ի մարտի 11-ին Ախալքալաքում տեղի ունեցած հանրահավաքի կազմակերպման մեջ:

Ինչպե՞ս են պայմանները Թբիլիսիի մեկուսարանում: Կա՞ն, արդյոք, ճնշումներ Վահագն և Արմեն Չախալյանների վրա:

Իհարկե, հոգեբանական ճնշումները ավելի ակնառու են: Փորձում են ամեն կերպ ազդել Վահագնի վրա: Նույնիսկ այլազգի բանտապան են նշանակել`ադրբեջանցու: Շատ վատ է նաև սննդի վիճակը, Վահագնը նույնիսկ ուտելու գդալ չի ունեցել: Փոխանցումներ ստանում է, բայց սկզբնական շրջանում նրան ոչինչ չեն փոխանցել` պատճառաբանել են, որ չկա, սնունդ չեն բերել: Հիմա որոշակի փոփոխություններ կան, բայց էլի զրկված են որոշակի բաներից, օրինակ` չեն կարող կարդալ թերթեր, գրքեր: Իրենց բանտի ռեժիմի պետի մոտ անձամբ եմ եղել, պատճառաբանեց, որ ընդհանրապես ոչ մեկին չի թույլատրվում թերթեր, գրքեր ստանալ, քանի որ հնարավոր է այդ գրքի թերթերը ինչ-որ մեկին թունավորեն: Արգելված է ամեն տեսակի գրականություն: Նույնիսկ ինձ հետ Աստվածաշունչ էի տարել, հայերեն-վրացերեն բառարան, ոչինչ չթողեցին:

Ինչպե՞ս ընթացավ նախորդ դատական նիստը:

Նախ` երբ դատական նիստի դահլիճ մտան Չախալյանները, ներկա գտնվողները ծափահարություններով դիմավորեցին նրանց: Դատավորը հենց սկզբից առաջարկեց միջնորդություններ ներկայացնել: Ես սկզբից միջնորդեցի դատական նիստը Ախալքալաք տեղափոխելու պահանջով, բայց դատավորը մերժեց դա` պատճառաբանելով, որ վերաքննիչ դատարանի կողմից արդեն որոշում է եղել դատական նիստը Ախալցխայում անցկացնելու վերաբերյալ: Դատաքննության` Ախալքալաքից տեղափոխման փաստը հենց սկզբից է որոշված եղել, որովհետև Ախալքալաքում հասարակական աղմուկը մեծ կլիներ, նրանք ավելի քիչ հնարավորություններ կունենային իրենց ապօրինություններով ուզածներին հասնելու, իսկ Ախալցխայում դատական նիստին չեն կարող մասնակցել բոլոր ախալքալաքցիները: Մենք դատավարության ժամանակ նաև միջնորդեցինք, որ Արմեն Չախալյանի խափանման միջոց կալանքը հանվի կամ փոխարինվի այլընտրանքային մեկ այլ միջոցով, թեկուզ գրավով` ելնելով նրա առողջական ծանր վիճակից: Մեր միջնորդությունը քննարկման փուլում էր, և քանի որ թարգմանիչը չկարողացավ հստակ թարգմանել մեր պահանջը, դատական նիստը հետաձգվեց անորոշ ժամկետով, մինչև նոր թարգմանիչ գտնելը:

Հնարավո՞ր է, որ թարգմանիչ չգտնելու պատճառաբանությամբ դատական նիստը երկար ժամանակով հետաձգվի:

Ինչու ոչ: Ամեն մի անհիմն պատճառով կարող են հետաձգել: Իմ կարծիքով, նրանք Չախալյանների դատն այնքան կհետաձգեն, մինչև ավարտեն Գուրգեն Շիրինյանի և նրա հարազատների դատական պրոցեսը: Դրա համար էլ Շիրինյանների դատը արագընթաց կարգով է արվում: Երկու դատական նիստեր արդեն եղել են, մյուսն էլ նշանակված է նոյեմբերի 19-ին:

Իսկ ինչպե՞ս է Արմենի առողջական վիճակը այժմ:

Արմենի վիճակը շատ ծանր է: Ի հայտ են եկել այնպիսի հիվանդություններ, որ նա նախկինում չի ունեցել: Մարմնի վրա սկսել է ցան դուրս գալ, փոքր ժամանակվանից հեպատիտ հիվանդություն է ունեցել, նախկինում թեթևակի գլխացավեր եղել են, բայց այժմ վիճակը սրվել է` ականջներն են ցավում, գլխացավերն ուժգնացել են, նաև ջերմությունն է բարձրանում: Ատամների խնդիր էլ ունի, բայց կալանավայրում ատամները միայն հեռացնում են, բուժելու հնարավորություն չկա:

Ինչպե՞ս էր տրամադրված դատավորը դատական նիստին:

Դատական պրոցեսը ղեկավարում էր դատավոր Ցիրա Մայսուրաձեն: Դատի ընթացքում տրամադրվածությունը արհամարհական է եղել ոչ միայն իմ, այլ նաև մնացած մասնակիցների նկատմամբ: Դատաքննությունն անցկացվում է իշխանական լիազորությունների առավելության տոնով: Եվ թարգմանչի միջոցով շփվելը բավականին խոչընդոտում է դատական պրոցեսին:

Ինչպե՞ս եք կառուցելու պաշտպանության ռազմավարությունը հաջորդ դատավարության ընթացքում:

Հուլիսի 21-ին Չախալյանների տուն ներխուժել են ոստիկանության հատուկ ջոկատայինները, բոլորին պառկեցրել են գետնին, փաթեթավորված զենքերը ներս են մտցրել, բոլորը տեսել են դա, ամենքի մահճակալի տակ դրել են մի հատ զենք` ավտոմատ, ատրճանակ և նռնակներ: Վրաստանի օրենսդրությամբ ընթերակաների մասնակցությունը պարտադիր չէ: Մեկ ժամից ոչ պակաս տրամադրվում է ընթերակաների ներկայությունն ապահովելու համար, եթե դա ցանկանում են հետախուզվողները: Նրանց նույնիսկ չի զգուշացվել այդ մասին: Ավելին, ոչ մի օպերատիվ ինֆորմացիա չի եղել, որ նրանց տանը զենք կա, անօրինական ներխուժել են, միանգամից կալանավորել Վահագնին, Ռուբենին և Արմեն Չախալյաններին, անմիջապես տեղափոխել են Ախալցխա, իսկ Գայանե Չախալյանին տարել են Ախալքալաքի ոստիականություն և հարցաքննելուց հետո բաց թողել: Մենք պետք է պահանջենք, որ իբր «հայտնաբերված» զենքերի վերաբերյալ նշանակվի դատահետքաբանական փորձաքննություն, որը չի նշանակվել, մի փորձաքննություն է արվել միայն, որով ապացուցվել է, որ այդ զենքերը մարտական են, պիտանի օգտագործման և հրազեն են հանդիսանում: Բայց թե այդ զենքերի վրա ինչ հետքեր կան, կրակված են, թե ոչ, կոնկրետ ինչով է հիմնավորվել, որ զենքը ում է պատկանում, պարզ չէ: Միգուցե բոլոր զենքերը մի մարդու են պատկանում: Հետագայում նրանք Վահագնի զենքի վրա գրառել են Վ. Չ. տառերը, որով փորձել են հիմնավորել, որ այդ զենքը պատկանում է Վահագնին: Անպայման միջնորդելու ենք, որ փորձաքննություններ կատարվեն: Բացի դրանից, միջնորդելու ենք, որպեսզի բոլոր նյութերը կցեն քրեական գործին: Երբ քրեական գործերը պատճենահանեցին և տվեցին ինձ, այնտեղ որևէ խոսք չկար մեր նախորդ միջնորդությունների մասին: Օրինակ` կցված չէր նաև այն միջնորդությունը, որով մենք պահանջում էինք դատական նիստը Ախալքալաքում անցկացնել, քանի որ բոլոր դեպքերը կատարվել են Ախալքալաքում, իրենք էլ Ախալքալաքի բնակիչներ են: Միջնորդելու ենք նաև Արմեն Չախալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու կամ այն այլընտրանքային միջոցով` գրավով փոխարինելու պահանջով:

Ի՞նչ կանխատեսումներ կան՝ որքան կտան Վահագնին, եթե, այնուամենայնիվ, համաներումը չտարածվի նրա վրա և, ինչպես ասում եք` ապօրինաբար դատեն:

Եթե կարողանան իրենց ապօրինությունները առաջ տանել և պատվերն իրականացնել, միգուցե Վահագնին 5 տարուց շատ ազատազրկում տան: Արմենի դեպքում հույսեր կան, որ կկարողանանք ազատել` թեկուզ գրավով: Բայց ես հույս ունեմ, որ նրանք կարդարացվեն: Զենքի մասով մեղադրանքը բացարձակ անհիմն է, մյուս հոդվածների վրա մենք լուրջ կաշխատենք:

Որևէ աջակցություն ցուցաբերո՞ւմ են Հայաստանի իշխանությունները այս գործի շրջանակում:

Կոնկրետ յուրաքանչյուր պետության մեջ ներքին քրեական գործերը տարվում են այդ պետության ներսում: Եթե մի կողմ դնենք Վահագնի քաղաքական մասով խնդիրը, այստեղ որևէ միջամտության կարիք չէր զգացվի: Բայց քանի որ Չախալյանների գործում քաղաքական ենթատեքստն ակնհայտ է, կարծում եմ, որ միջամտություն, ամեն դեպքում, պետք է լիներ: Բայց դեռ նման միջամտություն չի եղել: Ակնկալում էինք, որ իշխանությունների կողմից գոնե բարձրացվեր այս հարցը, որ Չախալյանի մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ են կրում, և նա ազատությունից զրկված է իր քաղաքական հայացքների համար, քանի որ ներկայացնում է հայերի շահերը: Նրա նկատմամբ հալածանքներ են իրականացվում, որոնք սկսվել են ոչ թե հիմա, այլ շատ վաղուց:

Որքանո՞վ է իրականությանը համապատասխանում այն տեղեկատվությունը, որ Չախալյանների ազգակիցների նկատմամբ տնտեսական հալածանքներ են սկսվել:

Այո, նրանց ընտանիքին կամ նրանց մերձավոր ազգականներին պատկանող տնտեսական օբյեկտների, արտադրամասերի, ձեռնարկությունների նկատմամբ սկսել են ոտնձգություններ անել: Վերջին դեպքը Վահագնի հորեղբոր որդուն` Վարշամ Չախալյանին պատկանող լիմոնադի արտադրամասի փակումն էր: 2008 թ. հոկտեմբերի 2-ին Վրաստանի ֆինանսների նախարարության եկամտային աշխատանքի հետաքննության դեպարտամենտի Սամցխե-Ջավախքի վարչությունը քրեական գործ է հարուցել Վարշամ Չախալյանի դեմ Վրաստանի Քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-րդ մասով: Իբր` լիմոնադի բաղադրության մեջ գտել են վնասակար նյութ: Միայն 10 հազար լարի գրավ մուծելուց հետո նրա նկատմամբ նշանակված պատիժը չկիրառվեց, և նա չկալանավորվեց: Դա ես համարում եմ տնտեսական հալածանք: Զուտ այդ նպատակով նրանք Ախալքալաքում փորձում են ստեղծել վախի մթնոլորտ, ճնշել բոլոր պոտենցիալ վկաներին, որպեսզի դատավարության ժամանակ ամեն մեկն իր պրոբլեմով զբաղվի:

Իսկ ո՞րն է այսօր` Ձեր Թբիլիսի մեկնելու նպատակը:

Իմ Թբիլիսի գնալու նպատակն է հանդիպել Արմենին և Վահագնին, որպեսզի նրանց առողջական վիճակներով հետաքրքրվեմ: Կան նաև որոշակի փաստաթղթեր, որ պետք է միասին կազմենք: Երկուշաբթի օրն էլ ես պետք է ճշտեմ դատական նիստի հստակ օրը: Այս գործով պատրաստվում է ներգրավվել Ֆրասիասյի քաղաքացի հայ փաստաբան Պատրիկ Արաբյանը: Կիրակի օրը արդեն Վրաստանում նրան պիտի դիմավորեմ: Նույն ընթացակարգով, ինչպես ես եմ ընդգրկվել որպես պաշտպան, նա էլ կընդգրկվի: Մինչ այդ մենք կլինենք Ախալքալաքում, կփորձենք հանդիպել ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի, դատավոր Արարատ Եսոյանի հետ, Թբիլիսիում կկազմակերպենք հանդիպումներ կամ մամուլի ասուլիսներ: