HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երիտասարդ կուսակցականներին մտահոգում է ԼՂ-ի` բանակություններին չմասնակցելը

Այսօր ՀՅԴ, ՀՀկ, ՀՀՇ եւ ՍԴՀԿ երիտասարդական թեւերի ներկայացուցիչները քննարկեցին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մոսկովյան հռչակագրի դրական եւ բացասական կողմերը: Չորս կուսակցությունների երիտասարդներին մտահոգում էր Լեռնային Ղարաբաղի` բանակցություններին չմասնակցելը: ՍԴՀԿ անդամ Նարեկ Գալստյանը հայտարարեց, որ ինքը մեղադրում է ՀՀ իշխանություններին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը բանակցության գործընթացից դուրս մղելու համար. "Որ համաձայնագրով է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը լիազորել Հայաստանի Հանրապետության իշխանություններին` լուծել Արցախի խնդիրը առանց Արցախի մասնակցության: Մեր կուսակցությունը կարծում է, որ ՀՀ-ն պետք է դուրս գա բանակցության պրոցեսից եւ թողնի, որպեսզի Լեռնային Ղարաբաղը բանակցի Ադրբեջանի հետ: Միեւնույն ժամանակ, ՀՀ-ը պետք է գարանտ կանգնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդունած յուրաքանչյուր որոշմանը": Ընդդիմության մյուս ներկայացուցիչը` ՀՀՇ կուսակցության վարչության անդամ, կուսակցության երիտասարդական թեւի ղեկավար Կարեն Կարապետյանը հայտնեց, որ ինքը համոզված է, որ հռչակագիրը պարտադրված էր Հայաստանին, եւ որ Ռոբերտ Քոչարյանի հայտնի "ոչ մի թիզ հող" արտահայտությունը այժմ ընդհանրապես չի գործում, եւ իշխանությունները պատրաստ են զիջել ամբողջ Ղարաբաղը: Միեւնույն ժամանակ, Կարեն Կարապետյանն ասել է, որ իրենք ծանոթ են մադրիդյան սկզբունքներին, եւ նրա համոզմամբ` դրանք խիստ անհայանպաստ են: Նույն կարծիքին էր նաեւ Նարեկ Գալստյանը, ով մեջբերեց "Զերկալո" օրաթերթից մի հատված, որը վերաբերում էր մադրիդյան սկզբունքներին. "Օկուպացիոն իշխանությունները իրավունք չունեն որեւէ շինարարություն կատարել գրավյալ օկուպացված տարածքներում, մինչեւ պայմանագրի վերջնական հստակեցումը: Մեկ այլ կետով` 85.000 ադրբեջանցի պետք է վերաբնակեցվի Լեռնային Ղարաբաղում, որոնցից 45.000-ը` միայն Շուշի քաղաքում, քանի որ այդքան ադրբեջանցի է բնակվել Շուշիում մինչեւ պատերազմական գործությունները": ՀՅԴ բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Հայկ Ասատրյանն էլ նշեց, որ արդեն ակնհայտ է, որ Հայաստանի կողմից զիջումները ավելի շատ են լինելու, քան Ադրբեջանի կողմից, ինչն անթույլատրելի է, եւ Հայաստանի իշխանությունները պարտավոր են Լեռնային Ղարաբաղը եւս ընդգրկել բանակցություների գործընթացում: ՀՀԿ երիտասարդական թեւի փոխնախագահ Էդգար Հովհաննիսյանն էլ ասաց` թող չթվա, թե Հանրապետական կուսակցությունը դեմ է դրան, ինչին Նարեկ Գալստյանը արձագանքեց. "Էդգար, այլ բան է` դեմ չլինել, այլ բան է` որեւէ քայլ ձեռնարկել դրան հասնելու համար": "Համենայնդեպս, ես համոզված եմ, որ յուրաքանչյուր քայլ, որ արվում է ՀՀ իշխանությունների կողմից, համաձայնեցվում է Լեռնային Ղարաբաղի իշխանության հետ",- ասաց հանրապետական Էդգար Հովհաննիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter