«Երրորդ հանրապետությունն առաջացել է Ղարաբաղի հիմնահարցի շուրջ ընթացող պայքարի արդյունքում»
Այս փաստը, ըստ «Ժառանգության» վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանի, ղարաբաղյան հիմնահարցի ներկա փուլում պետք է շատ կարեւորել: Վ. Խաչատրյանը գտնում է, որ մադրիդյան սկզբունքների հիման վրա կնքված Մայենդորֆյան հռչակագիրը «լուրջ ասիմետրիայի մասին է խոսում»: Այսօր «Հայելի» ակումբում Վարդան Խաչատրյանի ընդդիմախոսը ՀՀԿ-ական, ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանն էր: Նա հռչակագիրը հայերի համար դրական է գնահատում, չնայած. «Նոյեմբերի 2-ին ընդունված հռչակագիրը թե Ադրբեջանը, թե Հայաստանը որակում են որպես հաղթանակի փաստաթուղթ»: Գ.Մելիքյանը գտնում է, որ փաստաթուղթը դրական լիցքեր է տալիս երկու կողմին էլ: Գ. Մինասյանը կարեւորում է ինքնորոշման սկզբունքի առկայությունը, իսկ Վ. Խաչատրյանը հիշեցնում է, որ Ադրբեջանական կողմը բազմիցս նշել է, որ ինքնորոշումը կարելի է ի կատար ածել Ադրբեջանի ամբողջականությունը չխախտելով:
Ղարաբաղի մասնակցության հարցը, ըստ Գ. Մինասյանի միայն ժամանակի խնդիր է, նա համոզված է, որ վերջին փուլում հաշվի կառնվի Ղարաբաղի ժողովրդի կարծիքը եւ առանց նրանց դրական կարծիքի հարցի լուծում չի կարող լինել: Վ. Խաչատրյանն էլ նկատում է. «Մի բան է, երբ ասում ենք, որ Ղարաբաղի մասնակցությունը կլինի, մի այլ բան է, երբ նրանց կիրառական մասնակցությունը կա գործընթացում»: Ղարաբաղի մասնակցության բացակայության համար Վ. Խաչատրյանը մեղադրում է երկու իշխանություններին էլ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել