Գոտիավորում Սեւանում
Կառավարությունն այսօր սահմանել է Սեւանա լճի կենտրոնական եւ անմիջական ազդեցության էկոլոգիական գոտիներում ընդգրկված տարածքները, ըստ կառուցապատման ռեժիմների` տարանջատել միմյանց հարող երեք հաջորդական ենթագոտիների:
Դրանք են` Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրածածկման եւ ողողման ենթակա տարածքները, առաջին ենթագոտու սահմանից դեպի ցամաք` մինչեւ «Սեւան» ազգային պարկի սահմանն ընդգրկող տարածքները, եւ նախատեսվում է «Սեւան» ազգային պարկի սահմանից դուրս` դեպի ցամաք մինչեւ 500 մ լայնությամբ շերտն ընդգրկող տարածքները: Մասնավորապես, առաջին ենթագոտում նախատեսվում է արգելել հիմնական (կապիտալ) օբյեկտների կառուցումը, իսկ հանգստի եւ սպասարկող օբյեկտների ֆունկցիոնալ կահավորումն ու բարեկարգումն իրականացնել միայն ոչ հիմնական շինություններով: Բացի այդ, նշված ենթագոտում նախատեսվում է սահմանափակել կառուցապատման կամ վարձակալության իրավունքով հողամասերի տրամադրման ժամկետները` հաշվի առնելով ջրի մակարդակի աստիճանական բարձրացման իրողությունը: Միմյանցից տարբերվող կառուցապատման ռեժիմներ են նախատեսվում նաեւ այլ ենթագոտիների համար, ընդ որում` վերջիններիս` ինչպես նաեւ լողափի, բուֆերային եւ այլ գոտիների տարանջատումն ու դրանց կառուցապատման չափորոշիչները պետք է ամրագրվեն սահմանված կարգով մշակված ու հաստատված գոտիավորման նախագծերով եւ կառուցապատման էսքիզներով:
Որոշմամբ, սահմանվում են նաեւ ազգային պարկի տարածքների համար մշակված փաստաթղթերի համաձայնեցում Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել