Տ.Սարգսյան. «Բեռը հավասարաչափ պետք է կիսեն բոլոր կողմերը»
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել Սյունիքի մարզ կատարած նախարարների գործուղման արդյունքներից. «Որովհետեւ նաեւ աշխատավորական կոլեկտիվները գիտակցեցին, որ անտեսված չեն, նրանց կարծիքը հաշվի է առնվելու, եւ շատ խնդիրներ, որ բարձրացվում են նրանց կողմից, ուղղակի սոցիալական արդարության ապահովման խնդիրներ են»,- ասել է վարչապետը:
Վերջինս շեշտել է, որ այդ դժվարությունների բեռը հավասարաչափ պետք է կիսեն բոլոր կողմերը, այն չպետք է միայն ընկնի աշխատողների վրա. «Սեփականատերերն իրենց մասը պետք է վերցնեն, կառավարությունը` իր մասը, աշխատավորական կոլեկտիվը` իր”: Տիգրան Սարգսյանի խոսքերով` վերջին երկու տարիների ընթացքում ընդհանրապես հանքային արդյունաբերությունը եղել է շահութաբեր, եւ ազգային վիճակագրական ծառայության կողմից կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ շահութաբերության մակարդակը այդ ոլորտում եղել է ամենաբարձրը ՀՀ-ում:
«Ընդհանուր առմամբ` մարզում մենք ունենալու ենք լուրջ խնդիր, քանի որ պաշտոնապես 25 հազար գրանցված աշխատողներից շուրջ 10 հազարի աշխատանքը պայմանավորված է այս երեք խոշոր ձեռնարկությունների աշխատանքով: Դրանցից 6 հազարը անմիջական կոմբինատներում են, եւ շուրջ 200 ձեռնարկություն էլ զբաղված է սպասարկմամբ: Մենք օպերատիվ միջոցառումներ ենք իրականացնելու լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելու, ներդրումների ներգրավման առումով, խթանելու ենք նոր բիզնես-ծրագրերը: Նաեւ չափազանց կարեւոր է, որպեսզի երեք կոմբինատների սեփականատերերի հետ հստակ ծրագրեր մշակվեն, որոնք ապահովելու են աշխատանքներ, վերապատրաստման դասընթացներ, մինչեւ որ համաշխարհային շուկաներում գները կվերականգնվեն, եւ այս ոլորտները նորից դառնան տնտեսապես շահավետ: Հասկանալի է, որ դա անխուսափելիորեն լինելու է: Երբ համաշխարհային տնտեսության մեջ տնտեսական անկումը կդադարի, հասկանալի է, որ հումքի գները փուլ առ փուլ կբարձրանան, բայց այդ ժամանակահատվածում մենք պարտավոր ենք սեփականատերերի, աշխատավորական կոլեկտիվների հետ միասին մշտապես լինել երկխոսության մեջ եւ մշակել այնպիսի ծրագրեր, որոնք երկկողմանի հասկանալի են լինելու, առաջին հերթին` հենց այդ 10 հազար աշխատողներին»,- նշել է վարչապետ Սարգսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել