Նախարարը զեկուցեց գործուղման արդյունքների մասին
Այսօր կառավարության նիստի ժամանակ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ներկայացնել է հաշվետվություն` Սյունիքի մարզ կատարած գործուղման վերաբերյալ:
«Վերջին երկու ամիսների ընթացքում ԱՄՆ-ում սկված միջազգային ճգնաժամը իր լրջագույն ազդեցությունն է թողել ապրանքային շուկաների գների անկման վրա: Մասնավորապես` մետաղների գները երկու եւ ավելի անգամ նվազել են: Պղնձի միջազգային գները 3 ամսվա ընթացքում 8100 ԱՄՆ դոլարից նվազել է մինչեւ 4000 դոլար, մոլիբդենինը` 80 հազար ԱՄՆ դոլարից մինչեւ 24 եւ 24-ից մինչեւ 34 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում, ցինկի գները` 2800-ից 1100 ԱՄՆ դոլար, ընդ որում` գնանկումը դեռ շարունակվում է: Դրա արդյունքում, համաշխարհային մոտ 2500 խոշոր հանքարդյունահանողներ դադարեցրել են աշխատանքները` վնասաբերության պատճառով»,- ասել է նախարարը եւ նշել, որ այս իրավիճակն ազդել է նաեւ Հայաստանի հանքարդյունաբերության, հատկապես Քաջարանի, Ագարակի պղնձամոլիբդենային եւ Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատների վրա, քանի որ վերջիններիս արտադրանքը հիմնակնում արտահանվում է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-11-ը Սյունիքի մարզ գործուղված էկոնոմիկայի, էներգետիկայի եւ բնական պաշարների, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարները տեղում ծանոթացել են լեռնահանքային արդյունաբերության իրավիճակին` համապատասխան լուծումներ տալու համար:
Ըստ նախարար Մովսիսյանի` դրանք պետք է լինեն հավասարակշռված` հաշվի առնելով աշխատակիցների զբաղվածության եւ սոցիալական պաշտպանության խնդիրները, նաեւ տնտեսավարող ընկերությունների շահերը: Նախարարը տեղեկացրել է, որ այս պահին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել նշված ընկերությունների հետ` առաջիկա երեք ամիսներին չիրականացնել աշխատակիցների կրճատումներ, հնարավորինս պահպանել աշխատավարձի մակարդակը, երեք ամիս հետո, ելնելով միջազգային շուկաներում տիրող իրավիճակից, համատեղ քննարկումների արդյունքում, կայացնել համապատասխան որոշումներ: Նախնական պայմանավորվածություններից հետո, բանակցությունները շարունակվում են` վերջնական պայմանավորվածություն ձեռք բերելու համար:
«Նշված ընկերություններից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունը եւ որոշումները պետք է ընդունվեն այդ առանձնահատկություններից ելնելով: Այս պահին երեք ընկերություններն էլ աշխատում են», - ասել է Արմեն Մովսիսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել