Ղարաբաղցի մանուկները բուժօգնություն կստանան ժամանակակից բուժմիավորումում
Այսօր տեղի ունեցավ Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական բուժմիավորման վերանորոգված շենքի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ԼՂՀ նախագահը, գործադիր եւ օրենսդիր իշխանության անդամներ, հյուրեր: Բացմանը ներկա էր նաեւ Ռուսաստանից ժամանած հովանավոր Անդրեյ Ռապպոպորտը, ում շնորհիվ մանկական հիվանդանոցը բոլորովին նոր տեսք է ստացել:
Մասնաշենքի մի մասը երկու տարի առաջ վերանորոգվել էր «Աիդան` Հայաստանին» կազմակերպության կողմից, իսկ մյուս մասի` մասնավորապես մանկական պոլիկլինիկայի, ախտորոշիչ բաժանմունքի եւ ստացիոնար բաժանմունքի մի մասի կապիտալ վերանորոգման հովանավորչությունն իր վրա վերցրեց Անդրեյ Ռապպոպորտը: Նա ոչ միայն հովանավորեց մասնաշենքի կապիտալ վերանորոգումը, այլեւ` ժամանակակից բուժսարքավորումներով զինումն ու գույքի ապահովումը: Ծրագրի ընդհանուր արժեքը 2 610 000 ԱՄՆ դոլար է, որից տեխնիկական սարքավորումներինը` 1 259 400 ԱՄՆ դոլար:
Լրագրողների հետ ճեպազրույցում հովանավորն ընդգծեց, որ տեսել է այն, ինչ ուզում էր տեսնել: Նա շեշտեց, որ Ղարաբաղում ամեն ինչ լավ կլինի` միայն թե խաղաղություն լինի:
Բացման արարողությունից հետո Անդրեյ Ռապպոպորտին եւ նրա հետ Արցախ ժամանած մի քանի հյուրերին հանդիսավոր կերպով մեդալներ հանձնեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նախագահի հրամանագրով Ղարաբաղի տնտեսության զարգացման գործում զգալի ավանդի համար «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգեւատրվեց միասնական էներգետիկ համակարգի ցանցային դաշնային ընկերության վարչության նախագահ Անդրեյ Ռապպոպորտը: Տնտեսության զարգացման բնագավառում ԼՂՀ-ին մատուցած ծառայությունների համար «Անանիա Շիրակացի» մեդալով պարգեւատրվեց «Հայռուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը, իսկ «Երախտագիտություն» մեդալով` միջազգային էներգետիկ կորպորացիայի գլխավոր տնօրեն Մելս Հակոբյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել