Արմեն Խաչատրյան. «Յոթի գործը» փուչիկ է
«Այս քրեական գործը շատ զարմանալի է: Եղած բոլոր ապացույցները գալիս են պնդելու, որ քրեական գործ չկա, դա ընդամենը փուչիկ է»,-ասաց Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության ծառայության համակարգող Արմեն Խաչատրյանը այսօր «Հայացք» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ:
Այս պահին գործն արդեն գնում է դատարան: Նախաքննությունն ավարտվել է սեպտեմբերի 4-ին: «Յոթի գործում» ընդգրկված են հինգ փաստաբաններ` Հովիկ Արսենյանը, Լիպարիտ Սիմոնյանը, Վարդուհի Էլբակյանը, Ստեփան Ոսկանյանը, Մելանյա Առուստամյանը: Փաստաբանները հատկապես դժգոհում էին գործի նյութերին ծանոթանալու կարճ ժամկետներից: Պաշտպանական կողմին տրվել էր ժամանակ, բայց թե ինչքան ժամանակ ունենին նրանք գործին ծանոթանալու համար, այդ մասին ոչինչ չէր ասվել:
«Դա արդեն միջազգային եւ Եվրոպական օրենքների խախտում է, մենք զրկված ենք ողջամիտ ժամկետներում քրեական գործին ծանոթանալու իրավունքից»,-պնդում է Արմեն Խաչատրյանը` նշելով, որ չեն հասցրել ծանոթանալ նաեւ իրեղեն ապացույց ճանաչված բազմաթիվ ապացույցների` մետաղաձողեր, բեկորներ եւ այլն: Արմեն Խաչատրյանն ասում է, որ ստվարածավալ, 41 հատորանոց, մոտավորապես 20 հազար էջանոց գործին ծանոթանալու համար գոնե պահանջում էին տրամադրել 80 օր, մինչդեռ նախաքննական մարմինը 43 օր հետո տեղեկացրել է, որ պատրաստվում է սահմանափակվել այդ ժամկետը: Պաշտպանող կողմը բողոքարկել է այդ որոշումը եւ ժամանակը երկարացվել է մինչեւ նոյեմբերի 10-ը: Նոյեմբերի 10-ին տեղեկացրել են, որ ժամանակն արդեն սահմանափակված է:
Պաշտպանական կողմը դիմել է դատարան, բողոքարկել վարույթն իրականացնող մարմնի եւ վերահսկող դատախազ Կորյուն Փիլոյանի որոշումը: Վաղը Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում պետք է լսվի հենց այդ բողոքը: Դատական նիստը ղեկավարելու է դատավոր Արմեն Խաչատրյանը: «Ակնկալիքները մեկ տոկոս են, բայց, միեւնույն է, մենք օգտվելու ենք օրենքի ընձեռած բոլոր հնարավորություններից: Փորձելու ենք վերականգնել ողջամիտ պաշտպանության ժամկետները»,-ասաց Արմեն Խաչատրյանը:
Լրագրողների այն հարցին, թե ինչպիսի ընթացք է ունենալու դատավարությունը, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Անմեղ մարդուն արդարացնելու խնդիր չկա: Կամ դատավորը գործը կկարճի, որը օբյեկտիվ լուծումն է, կամ էլ դատավորը պատվեր կկատարի»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել