Աշնանացանը շարունակվում է
«Նոյեմբերի 10-ի դրությամբ Ղարաբաղում իրականացվել է 41457 հա հերկ, որն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ համարյա կրկնապատկվել է, ինչը պայմանավորված է նրանով, որ անցյալ տարի շուրջ 14 հազար հա սեւ ցելի տակ վարելահող կար: Նշված 41457 հա-ից արդեն ցանված է 16184 հա` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 3931-ի դիմաց»,-այս մասին Հետքին տեղեկացրել է ԼՂՀ փոխվարչապետ, գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը:
Նրա խոսքերով, սեւ ցելի փոխհատուցման պետական ծրագիրը շարունակվում է, ինչի համար պետբյուջեով նախատեսված է 350 մլն դրամ: Ծրագրի համաձայն, համայնքների տարածքում սեփականաշնորհված եւ մինչեւ 20 հա վարձակալած տարածքներում սեւ ցելի համար յուրաքանչյուր հա-ի համար տրամադրվում է 35 հազար դրամ:
«Իսկ ինչ վերաբերում է պետական պահուստային հողերին վարձակալները կօգտվեն վարկային միջոցներից: Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը 6 տոկոս տոկոսադրույքով վարկեր է տրամադրելու նշված հողօգտագործողներին, որոնք ազատվելու են նաեւ հողի վարձավճարից, ինչպես հիմա»:
Նախարարի խոսքերով, ընդհանուր առմամբ հանրապետությունում կա 122 հազար հա վարելահող: Աշնանացանը շարունակվում է, նշված տարածքի մի մասը մնալու է գարնանացան կուլտուրաների ցանքսի համար: Որոշակի խոչընդոտ են հանդիսանում նաեւ եղանակային պայմանները:
Վարելահողերի մի մասն էլ, Արմո Ծատուրյանի հավաստմամբ, գտնվում է իրավական դաշտից դուրս: Այս մտահոգությունը նախարարը արտահայտել է նաեւ օրերս հանրապետության նախագահի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հանդիպման ժամանակ, շեշտելով. «Հանրապետությունում առկա ավելի քան 122 հա վարելահողերից օրինավոր կարգով մշակվում է մոտ կեսը, երկրորդ կեսը թողնվում է անմշակ: Հետեւությունը մեկն է` չափազանց մեծ է անօրեն հողօգտագործվողների թիվը: Երեւույթն անբարոյական է եւ վիրավորական բարեխիղճ հողօգտագործողների եւ պետության հանդեպ, մանավանդ որ տարեցտարի իջեցվում են վարձավճարները, տրամադրվում լրացուցիչ արտոնություններ: Այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ պետք է տարվեն: Անօրեն հողօգտագործողները պետք է պատժվեն օրենքի խստությամբ»,-ասել է գյուղատնտեսության նախարարը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել