Ղարաբաղում մտահոգված են մահացությունների աճով
2008թ. հունվար-սեպտեմբերին ԼՂՀ-ում ծնվածների թիվը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 11.9 տոկոսով, իսկ մահացածների թիվը` 5.8 տոկոսով: Այս մասին երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության պետ Մանուշակ Մինասյանը:
Նրա տեղեկացմամբ` մահացածների թվաքանակում 22.1 տոկոսը 85 եւ բարձր, իսկ 18.8 տոկոսը` 80-84 տարիքի անձինք են: Այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում մահացությունների հիմնական պատճառը սրտային անբավարարվածությունն ու այլ սրտային հիվանդությունները:
Դժբախտաբար, աճել է նաեւ մանկամահացությունների թիվը: Վերոնշյալ ժամանակահատվածում մահացել է մինչեւ 1 տարեկան 26 երեխա, իսկ 1-5 տարեկան` 5 երեխա: Հանրապետությունում մայրական մահացության դեպք չի գրանցվել:
Հիշեցնենք, որ հանրապետությունում մահացության դեպքերի աճի վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել նաեւ վարչապետ Արա Հարությունյանը` վերջերս առողջապահության ոլորտի աշխատողների հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ «ԼՂՀ-ում մեկ հիվանդի հաշվով զգալիորեն ավելի շատ պետական ֆինանսավորում է ապահովվում, քան Հայաստանում եւ եվրոպական բազմաթիվ երկրներում: Պետությունը շարունակում է ավելի շատ միջոցներ ներդնել համակարգում, բայց առայսօր չկան համարժեք արդյունքներ»,- նշել է Արա Հարությունյանը:
Առողջապահության ասպարեզում նպատակային նոր քաղաքականություն իրականացնելու համար նա համակարգի ղեկավարությանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ եւ հիմնավոր առաջարկությունների ու ուսումնասիրությունների հիման վրա մշակել ոլորտի զարգացման նոր ծրագիր, որի գլխավոր խնդիրները պետք է լինեն բուժծառայության որակի բարձրացումը եւ բացասական երեւույթների բացառումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել