HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիտության եւ արդյունաբերության միջեւ կապ չկա

«Գիտությունը այսօր նորմալ երկրներում պահում է ամբողջ երկիրը` արդյունաբերությունը դնելով որակական ավելի բարձր մակարդակի վրա, իսկ մեր երկրում գիտության և արդյունաբերության մեջ կապ չկա, պետք է ծանոթացել ներկայացուցիչներին միմյանց հետ»,- Հետքին ասաց «Տեխնոստանդարտ» ՍՊԸ նախագահ Վահան Համազասպյանը երեկ` նոյեմբերի 12-ին, Արդյունաբերողների և Գործարարների կոմիտեում տեղի ունեցած քննարկման ժամանակ: Երկու ոլորտի ներկայացուցիչները հավաքվել էին քննարկելու, թե ինչ խնդիրներ կան գիտնականների և արդյունաբերողների միջև փոխադարձ կապեր և համագործակցություն հաստատելու ճանապարհին:ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը նշեց, որ անհրաժեշտ են նպատակային ծրագրեր, որոնք պետք է մշակվեն ճյուղային նախարարությունների կողմից, որպեսզի գումարներ հատկացվեն դրանց համար և մրցույթներ անցկացվեն, այսինքն` ֆինանսավորումը ռեալ ծրագրեր է պահանջում. «Կիրառական և հիմնարար հետազոտությունների համար ֆինանսավորվում է գիտնականը, ոչ թե ռեալ գիտական արդյունքը և ծրագիրը, դրա համար էլ գիտության ֆինանսավորման ծավալները այն չեն, ինչպիսին պիտի լինեին»: Ս. Հարությունյանը կարծում է, որ մեր գիտության վիճակն այսօր բավականին ծանր է, չնայած կա լուրջ գիտական պոտենցիալ: Ըստ նրա` հատկապես ծանր է վիճակը նյութատեխնիկական բազայի հետ կապված, քանի որ մեծաթիվ գիտական հիմնարկներում սարքավորումները շատ հին են և դրանց վրա էքսպերիմենտալ արդյունքներ ստանալն անհնար է: Ահա հենց այս պատճառով էլ, չնայած տարեկան տպագրվում է մոտ 4000 աշխատանք, սակայն դրանք ավելի շատ տեսական բնույթ են կրում: Ըստ նրա` մտահոգիչ է այն, որ մշակված չեն խաղի կանոններ գիտական արդյունքների առևտրայնացման համար: Էկոնոմիկայի նախարարության ճյուղային և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Հայկ Միրզոյանն ասաց, որ իրենք այժմ արդյունաբերության ընդհանուր հայեցակարգի մշակման խնդիր ունեն և գործարարներին և գիտնականներին առաջարկեց համագործակցել այդ հարցում: Նախարարությունը կլաստերների ստեղծման նպատակ ունի հատկապես հանքարդյունաբերության և քիմիայի ոլորտներում. "Կլաստերի հաջողված լինելու նախապայմանն այն է, որ մասնավոր ընկերությունները և գիտական կենտրոնները համագործակցեն, եթե համագործակցության կապը չկարողանանք ստեղծել, կլաստերները հաջողություն չեն ունենա: Արդյունաբերողների և գործարարների կոմիտեի գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը, խոսելով կլաստերների ստեղծման մասին, կարևորեց այն, որ դրանց տնտեսագիտական կողմը ֆունդամենտալ հիմնավորվի, հեռանկարների մասին մասնագիտական գնահատական տրվի, որպեսզի հնարավոր լինի խոսքից անցնել գործի: Նա ներկաներին առաջարկեց ըմբռնումով մոտենալ գործարարներին. «Երկար տարիներ տնտեսության վայրիվերումները, օրենքների հաճախ փոփոխությունները գործարարների մոտ առաջացնում են անվստահություն, ոչ երկարաժամկետ բիզնեսի պլանավորման տրամաբանություն, և այդ ամենը թույլ չի տվել գիտական գյուտը իր մոտ կիրառելու մասին մտածել»: Գիտնականներից իրենց մտահոգող բավականին շատ հարցեր ու առաջարկներ հնչեցրին: Գիտնականներից մեկը ասաց, որ գիտական աշխատանք մշակելը և համապատասխան շուկա գտնելը մոտ մեկ տարի ժամանակ է խլում, դրա համար առաջարկեց զրոյական տոկոսով վարկեր տրամադրել գիտնականներին, մեկ այլ գիտնական առաջարկեց համատեղ հանձնաժողով ստեղծել ծրագրերի մշակման համար եւ իրագործել արդեն մշակված ծրագրերը: Գ. Մակարյանն ասաց, որ պետք է քննարկել բոլոր գաղափարները, ամփոփել և գտնել ռացիոնալ ճանապարհ` դրանք իրագործելու պետության ներսում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter