HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տնտեսական գործընթացներում պետության դերը բարձրանալու է

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում պետության նախաձեռնողական դերը տնտեսական գործընթացներում զգալիորեն բարձրանալու է: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: “Հայաստանում, գների էլաստիկության ցածր մակարդակի պայմաններում, էապես կարեւորվելու է Տնտեսական մրցակցության պաշպանության պետական հանձնաժողովի դերը: Մասնավորապես` համաշխարհային եւ ներքին շուկաներում ձեւավորված գների միջեւ անհիմն շեղվածության վերացման գործում, գերիշխող դիրքի չարաշահումների բացառման ուղղությամբ եւ այլն: Մենք պատրաստ ենք աջակցելու Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ցանկացած նախաձեռնություն”,- ասել է վարչապետը: Նրա խոսքերով` բացի պետական բյուջեով նախատեսված միջոցառումներից, գլոբալ ճգնաժամի ազդեցությունները մեղմելու համար կառավարությունը ձեռնարկելու է լրացուցիչ միջոցառումներ. 1. Աջակցելու է գործող եւ նոր ստեղծվող ձեռնարկություններին` խրախուսելով մրցունակության բարձրացումը եւ նոր աշխատատեղերի ստեղծումը: Իսկ դա ենթադրում է ֆինանսական միջոցների ներգրավման համար պետական երաշխիքների տրամադրում, սուբսիդավորման գործիքների կիրառում եւ կառավարության կողմից սահմանված չափանիշներին համապատասխանող ձեռնարկությունների կապիտալում պետության մասնակցություն: 2. Փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացումը խթանելու նպատակով ձեռնարկվելու են մեծածավալ վարկային միջոցների հասանելիության ապահովում ՀԲ, ԵԲ, Ասիական Բանկի օժանդակությամբ (բանակցություններն այս առումով կավարտվեն դեկտեմբեր ամսվա ընթացքում եւ շուրջ 350 մլն դոլարի վարկային ռեսուրսներ կհայթայթվեն այս նպատակին հասնելու համար): Բացի այդ, հարկային վարչարարությունն էապես պարզեցվելու է: Մասնավորապես, մինչեւ 100 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկությունների համար հաշվապահական հաշվառման վարման պարտադիր կանոնի վերացում եւ պարզեցված հարկային հաշվետվությունների ներդրում: 3. Կառավարությունն աջակցելու է բիզնես ծրագրերի մշակմանը եւ նախապատրաստմանը` հատկացնելով դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ: Վարչապետին կից ստեղծվելու է ինովացիոն նախագծերի հանձնաժողով, որի կողմից հայտարարվելու են բիզնես նախագծերի մրցույթներ: 4. Բիզնեսի համար առավել բարենպաստ միջավայր ձեւավորելու նպատակով մեր միջազգային օդանավակայանում եւ Գյումրիում ազատ տնտեսական գոտիների հիմնում, որի նպատակով ԱՄՆ-ից ստանալու ենք տեխնիկական օժանդակություն Գյումրի քաղաքում, իսկ օդանավակայանում արդեն իսկ համաձայնություն ենք ձեռք բերել կոնցեսիոների հետ` հայեցակարգի վերաբերյալ: 5. ԵՄ եւ ԱՄՆ հետ առեւտրային պայմանագրերի կնքում, որոնք կստեղծեն բարենպաստ պայմաններ մեր արտահանողների համար (պայմանավորվածությունները ձեռք են բերվել: Աշխատանքային խումբը գործուղվում է ԱՄՆ` նախապատրաստելու այս պայմանագիրը): 6. Պետական գնումների իրականացման ժամանակ, այլ հավասար պայմանների դեպքում, նախապատվությունը տրվելու է հայկական ապրանքներ եւ ծառայություններ մատակարարողներին: 7. Հազարավոր մեր հայրենակիցներ ԱՊՀ երկրներում, որոնց հարվածեց ֆինանսական ճգնաժամը փնտրում են հուսալի ներդրումների եւ խնայողությունների պահպանման հնարավորություն: Մեր պարտքն է ուղղորդել նրանց եւ ստեղծել առավել նպաստավոր պայմաններ իրենց խնայողությունները հայկական բանկային համակարգում տեղաբաշխելու համար: Այսօր մեր բանկային համակարգը կայուն «նավահանգիստ է» խնայողությունների պահպանման համար: Դա համահունչ է մեր` ֆինանսական կենտրոն դառնալու ձգտումներին: 8. ՀԲ-ի հետ համատեղ լրացուցիչ միջոցառումներ են իրականացվելու պետական ռեզերվների կառավարման արդյունավետ համակարգի ներդրման ուղղությամբ: Այդ նույն ծրագրով մենք նպատակ ունենք ապահովել պարենային եւ ռազմավարական պահուստների պատշաճ մակարդակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter