Սամցխե-Ջավախքի հասարակական կազմակերպությունների խորհրդի ներկայացուցիչն Անկարայում մասնակցել է կլոր սեղանի
Հոկտեմբերի 31-ին Անկարայում տեղի ունեցած “Հարավային Կովկասի անվտանգության նոր ճարտարապետությունը 2008 թ. օգոստոսի 8-ից հետո” թեմայով կլոր սեղանին մասնակցել եւ համապատասխան ելույթով հանդես է եկել Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամ Խաչատուր Ստեփանյանը: Կլոր սողանը կազմակերպել էր “Եվրասիական հետազոտությունների ինստիտուտ” հիմնադրամը, որին մասնակցել են Ռուսաստանից, Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Աբխազիայից, Հարավային Օսիայից, Թուրքիայից հրավիրված ներկայացուցիչներ: “Ա-ինֆո” գործակալությունը ներկայացնում է Խ. Ստեփանյանի վերոնշյալ ելույթն ամբողջությամբ:
Հարավային Կովկասում անվտանգության նոր ճարտարապետության մի քանի ասպեկտներ
2008 թ. օգոստոսի 8-ին Հարավային Օսեթիայում սկսված պատերազմը լրջորեն փոխեց երկրաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում: Եթե մեկ նախադասությամբ փորձենք ներկայացնել այդ իրավիճակը, ապա կարելի է ասել այսպես. “Անհավանական բաները դարձան հավանական, իսկ հավանական բաները` անհավանական”: Օրինակ` անհավանական կարելի էր համարել այն, որ Ռուսաստանն այդքան արագ եւ կտրուկ կգնար Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունների ճանաչմանը: Մյուս կողմից, եթե մինչեւ պատերազմը հավանական էր Վրաստանի անդամակցումը Հյուսիսատլանտյան դաշինքին, ապա դա հիմա խիստ անհավանական է: Այս վերջին անհավանականությունը պայմանավորում ենք հետեւյալ պատճառաբանություններով:
Եվրոպան գիտակցում է, որ հիմա բոլորովին աննպատակահարմար է Վրաստանը ՆԱՏՕ-ի կազմում ընդունելու գնով վտանգել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Հատկապես պետք է հաշվի առնել այն, որ Ռուսաստանը պատրաստ է գնալ կտրուկ քայլերի: Նմանապես Վրաստանի հասարակությունը եւս չի պատրաստվում ՆԱՏՕ մտնելու գնով հրաժարվել երկրի տարածքային ամբողջականությունից:
Տարծաշրջանում տեղի ունեցած փոփոխություններից մեկն էլ այն է, որ Թուրքիան փորձում է կարեւորել նաեւ Հայաստանի դերը: Սա շատ կարեւոր է այն առումով, որ անկախ ամեն ինչից Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետները նախեւառաջ պետք է տարածաշրջանի երկրները լինեն: Հարավային Կովկասում միջազգայնորեն ճանաչված պետություններն իրենք են մշակելու իրենց տարածաշրջանի անվտագնության մեխանիզմները: Եթե այդ մեխանիզմները ներկրվում են դրսից, ապա սա յուրօրինակ ձեւով ազդեցության գոտիների նոր բաժանարար գծի ստեղծում կարելի է համարել: Մյուս կողմից, տարածաշրջանի անվտանգությամբ մտահոգված պետությունների մոտեցումները պետք է անկեղծ լինեն, այլապես իսկական անվտանգություն չի կարող լինել: Կարճ ասած` այժմյան Կովկասը 1921 թ. Կովկասը չէ, եւ նրա սահմանների ձեւափոխումը միայն Թուրքիան եւ Ռուսաստանը չպիտի որոշեն:
2008 թ. օգոստոսի 8-ին Հարավային Օսեթիայում սկսված պատերազմը հաստատեց, որ ռազմական ճանապարհով խնդիրներ լուծելը հեռանկարային չէ եւ վտանգավոր է: Սա պետք է լրջորեն գիտակցեն բոլորը եւ փորձեն խնդիրները կարգավորել խաղաղ ճանապարհով: Հարավային Կովկասի անվտանգության համար շատ կարեւոր է հակամարտությունների կանխարգելումը: Ազգամիջյան, միջկրոնական հողի վրա կարող են նոր հակամարտություններ առաջ գալ, որի կանխարգելումը կապված է փոխադարձ իրավունքների հարգման հետ: Շատ է խոսվում միջազգային իրավունքի կողմից սահմանված տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների մասին, որոնք ակամայից կարող են իրար հակասել: Սակայն որոշ դեպքերում, երբ չկա տվյալ երկրի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու որեւէ փաստ, երբ նույն դեպքի առումով այդ երկրում ոտնահարվում են փոքրամասնությունների իրավունքները: Այստեղ, ի միջի այլոց, նշենք մի կարեւոր հանգամանք: Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի, ԱՄՆ եւ արեւմտյան մի շարք պետությունների կողմից Կոսովոյի անկախության ճանաչումը շեշտեցին ազգերի ինքնորոշման իրավունքի հիմնարար սկզբունք լինելու փաստը:
Տարածաշրջանում համընդհանուր անվտանգության համար էական է յուրաքանչյուր երկրի ներքին կայունությունը: Որպես Հարավային Կովկասում թերեւս կարեւոր աշխարհագրական դիրք ունեցող պետություն տարածաշրջանի անվտանգության համար առավել կարեւոր է Վրաստանի ներքին կայունությունը: Մեր կարծիքով Վրաստանում վերջնական կայունություն ապահովել հնարավոր է միայն դաշնային պետություն հռչակվելու դեպքում: Որպես բազմազգ եւ բազմակրոն պետություն Վրաստանը պարտավոր է գնալու այդ քայլին: Ի դեպ, դաշնային Վրաստանի սուբյեկտ պետք է հանդիսանան ոչ միայն ցայսօր գոյություն ունեցող ինքնավարությունները, այլեւ` փոքրամասնություններով հոծ բնակեցված շրջանները: Խոսքս նախեւառաջ վերաբերվում է Սամցխե-Ջավախքում եւ Քվեմո Քարթլիում ապրող հայերին եւ ադրբեջանցիներին: Վրաստանի սահմանադրության մեջ օր առաջ պետք է հստակեցնել եւ կիրառել պետության կառուցվածքի վերաբերյալ գլուխը, որն այսօր չի հստակեցված Հարավային Օսիայի եւ Աբխազիայի տարածքների վրա պաշտոնական Թբիլիսիի կողմից վերահսկողություն չունենալու պատճառաբանությամբ: Փոքրամասնությունների իրավունքները ոտնահարելու, նրանց կոտրելու ճանապարհով ունիտար պետության կառուցումը հղի է լուրջ վտանգներով: Մինչդեռ հայերին եւ ադրբեջանցիներին ինքնավարություն տրամադրելով Վրաստանը կարող է հավատ ներշնչել իրենից առանձնացված ինքնավարություններին համաձայնվելու վերադառնալ Վրաստանի կազմ: Հիմա կարող է թերեւս ուշացած թվալ խոսքս, բայց, այնուամենայնիվ, հայերին եւ ադրբեջանցիներին ինքնավարություն տալով, Վրաստանը կարող է ապացուցել, որ երաշխավարում է աբխազների եւ օսերի անվտանգությունը Վրաստանի կազմում: Մինչդեռ Վրաստանը փորձ արեց վերացնել նաեւ Աջարիայի ինքնավարությունը: Այն այսօր միայն ձեւականորեն գոյություն ունի եւ դա էլ պայմանավորված է միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորություններով: Մի կարեւոր փաստ եւս, Պաշտոնական Թբիլիսին երկար ժամանակ երկրի օրինական իշխանությունների դեմ զենք բարձրացրած մարդկանց ամենալայն ինքնավարություն է առաջարկում, իսկ օրինապահ եւ ծանր պահին պետության նեցուկ կանգնած քաղաքացիների հանդեպ վարում է ձուլման եւ վտարման քաղաքականություն:
Ամփոփեմ` Վրաստանի տարածքային ամբողջականության եւ ներքին կայունության միակ երաշխավորը դաշնայնության (ֆեդերալիզմի) սկզբունքի կիրառումն է: Իր հերթին դաշնային, կայուն Վրաստանը անվտանգ Հարավային Կովկասի գրավականն է: Դաշնայնության որդեգրումով Վրաստանը կարող է Կովկասում յուրօրինակ Շվեյցարիա համարվել բոլոր առումներով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել