«Հայաստան» համահայկական հիմնադրամը ծրագրեր է սկսում Լոռու մարզի սահմանամերձ գյուղերում
Հայաստանի սահմանամերձ գյուղերի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների շրջանակում` «Հայաստան» համահայկական հիմնադրամն ազդարարում է Լոռու մարզի Ապավեն եւ Ձորամուտ համայնքներում խմելու ջրի ցանցերի վերակառուցման ծրագրերի մեկնարկը: Այս մասին նշված է հիմնադրամի տարածած մալո հաղորդագրության մեջ:
Ծրագրերի իրականացումը հնարավոր է դարձել Կանադայի եւ Ֆրանսիայի հայ համայնքների օժանդակության շնորհիվ: Այս նախաձեռնությունները կյանքի կոչելով` Հիմնադրամը մոտ ապագայում կլուծի շահառու համայնքների բնակիչների խմելու ջրի հիմնախնդիրը:
Արդեն մեկնարկել են Ապավեն գյուղի խողովակաշարի վերակառուցման շինարարական աշխատանքները, իսկ Ձորամուտի ծրագիրը նախագծումը մոտենում է ավարտին:
130 բնակիչ ունեցող Ապավենը եւ Ձորամուտը` բնակչությունը` 420, այսօր կանգնած են բազմաթիվ հիմնախնդիրների առջեւ, որոնց մեծ մասը հատկանշական է Հայաստանի բոլոր սահմանամերձ համայնքների համար եւ այս կամ այն կերպ առնչվում է գյուղերում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների բացակայությանը: Հենց այս հիմնախնդիրների լուծմանն է ուղղված «Հայաստան» հիմնադրամի Գյուղերի զարգացման ծրագիրը:
«Մարդիկ հաճախ հիվանդանում էին ժանգոտ խողովակներից վերցված ջուրը խմելուց»,- ասում է Անուշ Սաղաբալյանը Ապավենից: «Մենք արդեն հուսահատվել էինք եւ սկզբում դժվարությամբ էինք հավատում, որ «Հայաստան» հիմնադրամը կօգնի մեզ: Հետո եկան շինարարական բրիգադները` մեր գյուղ նոր հույս բերելով իրենց հետ»:
«Հուսով ենք, որ Ապավեն եւ Ձորամուտ համայնքներում խմելու ջրի հարցի լուծումը կթեթեւացնի սահմանից ընդհամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող եւ մեր հայրենիքի համար կարեւոր նշանակություն ունեցող այս գյուղերում ապրող մարդկանց կյանքը»,- ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը: «Իմ երախտագիտության խոսքն եմ ուղղում Կանադայում եւ Ֆրանսիայում ապրող մեր հայրենակիցներին, որոնց հայրենասիրությունը եւ առատաձեռնությունն կյանքի կոչեցին այս կարեւոր նախաձեռնությունները»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել