Կոռուպցիոն ռիսկերը կարող են ավելանալ
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն Ազգային ժողովում ունեցած իր ելույթում անդրադարձել է նաեւ Հայաստանի համար միջազգային ֆինանսական ճգնաժամի ստեղծած հիմնական ռիսկերին: Դրանք են` մասնավոր ուղղակի ներդրումների նվազում եւ հետաձգում, տրասնֆերտների կրճատում, հանքահումքային արդյունաբերության ժամանակավոր սառեցում` մինչեւ հումքի գների բարձրացումը եւ շինարարության ոլորտում որոշ ներդրումային ծրագրերի հետաձգում ու ներդրումների կրճատում: Վարչապետի փոխանցմամբ`որպես հետեւանք կարող է ի հայտ գալ սպառման ծավալների կրճատում, վճարային հաշվեկշռի վատթարացում եւ վարկատուների բացասական սպասումների ձեւավորում:
«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այս պայմաններում ի հայտ է գալիս մի նոր երեւույթ. շուկայի մասնակիցների մոտ ժամանակավոր դժվարություններն ինքնուրույնաբար հաղթահարելու ցանկությունը հանգեցնում է ստվերի խորացման հնարավորությունների եւ կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը»,- ասել է Տ. Սարգսյանը: Նրա վստահեցմամբ` այս իրավիճակում կառավարության ջանքերն ուղղված են լինելու մակրոտնտեսական եւ ֆինանսական հատվածի կայունության ապահովմանը, իսկ ծրագրավորված տնտեսական աճն ապահովելու համար` լրացուցիչ խթանների բացահայտմանը եւ ներդրմանը: Այս ամենը, ըստ վարչապետի` կընդլայնի սպառումը, կխթանի տեղական արդյունաբերությունը, կտրուկ կավելացնի արտահանումը եւ կբարելավի վճարային հաշվեկշիռը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել