«Տաք շոկոլադը» հետաքրքրվում է Ախալքալաքով
Ախալքալաքի «Փոքրամասնությունների գործերով Եվրոպական կենտրոն»-ում տեղի ԶԼՄ-ի ներկայացուցիչները հանդիպում ունեցան թբիլիսյան «Տաք շոկոլադ» ամսագրի լրագրողի հետ: Ինչպես պարզվեց, վերջինիս այցի հիմնական նպատակը Ախալքալաքի ներկայի, բնակիչներին հուզող էական խնդիրների, երիտասարդության ապրելակերպի լուսաբանումն է: Լրագրողի խոսքերով, իրենք պատրաստվում են լայնածավալ հոդվածի տեսքով վրացի ընթերցողին համապարփակ տեղեկատվություն տրամադրել Ախալքալաքի մասին: Այս մասին տեղեկացնում է «Ա-ինֆո» գործակալությունը:
Տեղական ԶԼՄ-ի ներկայացուցիչներին տրված «Տաք շոկոլադի» հիմնական հարցերը վերաբերում էին լրատվամիջոցների ներկայիս կարգավիճակին, նրանց գործունեությանն ու ոլորտում առկա հիմնախնդիրներին: Ամսագրին հետաքրքրեց նաեւ տեղի մշակութային, զվարճանքի կենտրոնների գործունեությունը, բայց, ցավոք, այս առնչությամբ այնքան էլ հարուստ ինֆորմացիա չտրամադրվեց:
«Տաք շոկոլադ»-ի լրագրողը հարցուփորձ արեց նաեւ ջավախքահայ երիտասարդների հիմնական զբաղմունքի, նրանց հուզող խնդիրների մասին: Շեշտվեց նաեւ լեզվի խնդիրը, մասնավորապես այն, թե տեղի բնակչության մեծամասնությունն ինչո±ւ չի տիրապետում վրացերենին: Հարցադրումը ստացավ մանրամասն պատասխան` մասնավորապես այն, որ խնդիրը տեղաբնակների եւ վրացիների հետ անմիջական շփման բացակայության հետեւանքով է առաջացել: Այսժամ լրագրողին հետաքրքրեց, թե ջավախահայերն արդյոք պատրաստակամ են սովորել վրացերեն: Տվյալ պատասխանն, անշուշտ, դրական եղավ, սակայն ներկաների կողմից կարեւորվեց հայոց լեզվի, հայկական մշակույթի պարտադիր պահպանումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել