
«Նրանց հաջողվեց մի քանի ամսով երկարաձգել Գետաշենի կյանքը»
Անի Պողոսյան
«Գետաշեն» գրքում գրված է Վանիկ Օհանյանի ու նրա ջոկատի առաջին լուրջ մարտական բախման մասին: Գետաշենիցները չեն մոռանում Գավառից մեկնած ջոկատին ու հրամանատար Վանիկ Օհանյանին: «Նրանց շնորհիվ հաջողվեց մի քանի ամսով երկարաձգել Գետաշենի կյանքը»,- ամրագրել է գրքի հեղինակ, երջանկահիշատակ Բենիամին Սիսյանը:
Վանիկը ծնվել է 1960 թ. Արցախի Թալիշ գյուղում: Տեղի դպրոցում միջնակարգ կրթություն ստանալուց հետո տեղափոխվել է Աբովյան: 1979-1981 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Այնուհետև սովորել է Աբովյանի պրոֆտեխուսումնարանում: Ուսումն ավարտելուց հետո երեք տարի ապրել է Մոսկվայում, ապա տեղափոխվել և բնակություն հաստատել Գավառում: Սովորել է Գավառի գյուղատնտեսական քոլեջում՝ ստանալով իրավաբան-իրավագետի դիպլոմ:
1988-1994 թթ. Վանիկը եղել է մարտի բովում, երկու անգամ վիրավորվել է: Արժանացել է 12 մեդալի՝ «Մարտական խաչ», «Մարտական արծիվ», «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» և այլն: Նա նաև Գեղարքունիքի մարզի ազատամարտիկների միության նախագահն է: Այժմ զբաղվում է գինեգործությամբ:
Բախտորոշ 1988 թվականին պետանվտանգությունն ու ոստիկանությունը միջոցներ էին ձեռնարկում՝ ժողովրդի մեջ ծայր առած հայրենասիրական ցասման ուժն ու ոգին խեղդելու համար: Պետանվտանգության ծառայության Գավառի շրջանի պետ Վահագն Հովհաննիսյանը և ոստիկանապետ Հարություն Արզաքանցյանը՝ որպես ուժային կառույցների ղեկավարներ, պարտավոր էին կանգնեցնել թափ առած շարժումը:
Սակայն անարդար կլինի չհիշատակել, որ նրանք եղել են Գավառի ջոկատի տղաների կողքին և աջակցել: Վանիկ Օհանյանը պատմում է, որ ոստիկանապետը ջոկատին տրամադրել է «Կարաբին» տեսակի 10 հրացան:
Իրադրությունը Հայաստանի սահմանամերձ գոտիներում գնալով սրվում էր. պիտի պատերազմ լիներ: «1989 թվականին արդեն սկսեցինք ջոկատ կազմավորել՝ հավաքելով զենք-զինամթերք և կապի միջոցներ: Զինվորագրվում էինք... Մեր փոքրիկ ջոկատով սկսեցինք մեր առաջին օժանդակ քայլերը սահմանամերձ գոտիներում»,- պատմում է ջոկատի հրամանատարը:
Դժվար է եղել ջոկատի համար, քանզի ոստիկանությունը, համաձայն կենտրոնի հանձնարարության, կանչել է նրանց, ովքեր զենք ունեին ու հաշվառված էին որսորդմիությունում, և հավաքել զենքերը:
Փոքրիկ ջոկատին զինամթերքով ապահովելու համար տղաներով մեկնեցին Մոսկվա, Շույա, Վլադիմիր, Կավրովո: Ջոկատի համար զենք է պատրաստել ջոկատի զինակից ընկեր, զինագործ Նորիկ Սուչյանը:
«Սկսեցինք ջոկատը նոր մարտիկներով համալրել: Այստեղ էր, որ բախվեցինք իրականության կարծր կողերին: Մարդկանց մեծ մասը, ովքեր շարժման առաջին օրերից մեր կողքին, մեզ հետ «Միացում» ու «Արցախ» էին ոգեկոչում, խոսքից գործի անցնելու պահին չկային այլևս: Նրանք այնպես անհետացան ու ապահով տեղերում պատսպարվեցին, որ կարծես չէին եղել»,- ասում է Վանիկ Օհանյանը:
Այնուամենայնիվ, նրանց հաջողվում է փոքրիկ ջոկատ հավաքագրել՝ շուրջ 15 զինակից ընկերներով: Ջոկատով մարտական առաջին օրերին եղել են Նոյեմբերյանի շրջանում, Շուշիի շրջանի Քարինտակինում: 10-15 օրով թեժ գոտի են մեկնել Շահումյանի շրջան: Օրհասական պահին շահումյանցիների կողքին են եղել՝ աջակցելով մարտիկներին և խուճապահար բնակչությանը:
1990 թ. հունվարի 13-ն էր՝ օրհասական պահ Գետաշենի համար: Այդ շրջանից մարդկանց տեղահանում էին, ուղղաթիռներով տեղափոխում Հայաստանի այլ վայրեր: Վանիկի ջոկատի տղաները տեղեկանում են, որ Գետաշենի ու Մանաշիդի շրջանում իրավիճակը լարված է: Նույն օրը Երևանից օգնություն տեղափոխելու նպատակով Գավառ ժամանած ինքնաթիռով մեկնում են Գետաշեն: Նույն ուղղաթիռում Վանիկի ջոկատի հետ է եղել նաև Չարենցավանից Ասատուրի 11 հոգանոց ջոկատը:
Հունվարի 13-ի երեկոյան ուղղաթիռը ազատամարտիկներին տանում է Շահումյանի շրջան, Ասատուրի տղաներին իջեցնում է Մանաշիդում, Գավառի ջոկատի տղաներին՝ Կամո գյուղին հարակից խաղահրապարակում: Այնտեղ տղաներին դիմավորում է Գետաշենի գյուղապետ, երջանկահիշատակ Շալիկոն:
Գետաշենում տղաներին տեղավորում են հյուրընկալ տներ: Վանիկին հյուրընկալում է գետաշենցի Գուրգենը: Առջևում երկար ու ձիգ ձմեռվա գիշեր էր: Վանիկն անկարող էր հանգիստ նստել ու սպասել լուսաբացին: Տղաներով համոզում են տանտիրոջը իրենց ուղեկցել դիրքեր և 9 հոգով, զինված մոսին հրացաններով, գիշերով բարձրանում են սահման:
«Հայ-ադրբեջանական սահմանը տեղակայված էր Ազատի խաչմերուկում: Ամայություն էր մերոնց դիրքերում, դատարկ էր ու լուռ ամեն ինչ: Ազատ գյուղից աջ ու ձախ գյուղերի բոլոր տների լույսերը վառվում էին: Զարմալի էր: Տանտեր Գուրգենը պատմեց, որ գյուղերն ամբողջությամբ հայաթափված են, մի քանի բնակիչ է մնացել: Նրանք լույսերը գիշերը վառում են, առավոտյան հանգցնում՝ հակառակորդին շփոթեցնելու և տպավորություն ստեղծելու համար, որ շեները դատարկ չեն: Գուրգենը մեզ զգուշացրեց, որ Ազատի խաչմերուկից աջ գտնվող կամրջակն ականապատված է»,- հիշում է ազատամարտիկը:
Վանիկի հրամանատարությամբ ջոկատի տղաները դիրքավորվում են ու սպասում: Արդեն հունվարի 14-ի լուսաբացն էր: Ձյուն էր, ճերմակ ու խաղաղ էր ամեն ինչ: Հանկարծ հեռվից լսվում է զրահամեքենայի ձայն: Դեպի Ազատի խաչմերուկ էր իջնում սպիտակ ներկված երկու թրթուրավոր տանկ: Նրանք անվնաս անցնում են կամրջակի վրայով: Փաստորեն, այն ականապատ չէր: Կեղծ լուրերը տարածել էին ժողովրդի մեջ՝ մոտալուտ բախումից ու գրոհից խուսափելու համար: Տղաները մի կերպ հասցնում են պատսպարվել խաչմերուկի հարևան տան բակում:
Տանկերը հասնում են Ազատի խաչմերուկ ու սկսում կրակել չորսբոլորը՝ ավիրելով շրջակա շինությունները: Հետո կրակողները նստում են իրենց տանկերի վրա ու սկսում հաղթական երգել՝ կարծելով, թե գրավել են Ազատ գյուղը:
«Մենք նրանցից մի քանի մետր էինք հեռու: Ես, լինելով թալիշեցի, թուրքերեն խոսող գրոհայիններից հասկացա, որ ցանկանում են բակ մտնել: Անմիջապես տեղափոխվեցինք լքված տան անասնագոմ, թաքնվեցինք ու շունչներս պահեցինք: Ադրբեջանցիները բացեցին հերթական կրակահերթը՝ փոշու վերածելով անասնագոմի հարդաշեն պատերը: Բարեբախտաբար, մեզ հարևանցի անցած գնդակները ոչ մեկիս չխոցեցին: Այնուհետև դուրս եկան շենքի բակից ու սկսեցին կրակել Գետաշենի ուղղությամբ: Ես զգուշորեն սկսեցի քայլել մեզ պատսպարող շենքի հետնամաս: Ես քարացա, երբ ինչ-որ մեկը զենքը պահեց ճակատիս»,- հիշում է հրամանատարը:
Սարսափած Վանիկը հայացքը հառում է վերև. զենքը ճակատին դեմ տվողը իրենցից էր: Առավոտյան տղաներին չգտնելով հյուրընկալող Գուրգենի տանը՝ թիմակիցները բարձրացել էին դիրքեր:
Բոլորով հավաքվում են և մի գծով շարվում ցանկապատի տակ: Ազատամարտիկները կրակում են՝ գործի դնելով հրացանները: Թշնամին ահաբեկվում, խուճապի է մատնվում, հետ քաշվում ու հավաքում իր զոհերին: Գավառի ջոկատի տղաներին հաջողվում է հակառակորդի ուժերին հեռացնել Ազատի սահմաններից: Նույն օրը երեկոյան և հաջորդ օրերին Երևանից ուղղաթիռներ են սկսում գալ Գետաշեն:
Հունվարի 15-ի երեկոյան Ազատի խաչմերուկում տղաներն ամրացնում են իրենց դիրքերն ու ուժերը: Մթնշաղ էր, երբ լեռնիվար մի բենզատար իջավ Ազատի խաչմերուկ: Մեքենան կանգնեց: Վարորդն ու կողքի ուղևորը հարբած և թմրած էին: Ազատամարտիկները բենզատարի վարորդին և ուղևորին գերի են տանում՝ իրենց ունեցած ադրբեջանցի գերիների թիվը հավասարեցնելով թշնամու գերեվարած հայերի թվին:
Ազատի կյանքը փրկողներին միանում է նաև Թաթուլ Կրպեյանի ջոկատը: «Մենք վերադարձանք, բայց օրեր անց տեղեկացանք, որ կատարվել է գերիների փոխանակում»,- պատմում է Վանիկ Օհանյանը:
Նրա ջոկատը շարունակում է հայրենիքի ազատագրման իր ուղին և մնում մարտական թեզ գծերում՝ մինչև զինադադարը:
Լուսանկարում աջից Վանիկ Օհանյանն է, ձախից՝ Նորիկ Սուչյանը
Մեկնաբանել