Ախալքալաքի շրջանի գյուղացիներին հուզող հիմնախնդիրներն ուշադրության են արժանանում
Նոյեմբերի 4-ից 18-ը Ախալքալաքի շրջանի գյուղերի հիմնախնդիրներին ծանոթանալու եւ 2009թ-ին դրանց շուրջ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով մունիցիպալիտետի ժողովի ղեկավարության գլխավորությամբ ստեղծված հատուկ հանձնախումբն այցելություններ է կատարում շրջանի գյուղեր: Այս մասին հայտնում է “Ա-ինֆո” գործակալությունը: Մի քանի գյուղեր այցելելուց հետո հանձնախումբը պարզել է, որ բնակիչներին ամենաշատ հուզում են խմելու ջրի կարգավորման, ճանապարհների կառուցման ու բարեկարգման, ինչպես նաև դպրոցների վերանորոգման խնդիրները:
Գյուղաբնակները մեծ ոգեւորությամբ են դիմավորել պաշտոնյաներին ոչ միայն առկա հիմնախնդիրների կարգավորման ակնկալիքով, այլեւ նրա համար, որ հատկապես վերջին տարիներին վարչության կողմից նմանօրինակ այցելություններ քիչ են եղել: Շրջանի տարբեր գյուղերի բնակիչներ հույս են հայտնել, որ իրենց թվարկած խնդիրները հնարավորինս շուտ լուծում կստանան, իսկ վարչության աշխատակիցներն էլ, իրենց հերթին, խոստացել են չհիասթափեցնել նրանց:
Այցերի ընթացքում պետք է գրառվեն շրջանի բոլոր գյուղերին հուզող խնդիրները, եւ արդեն հաջորդ տարում կոնկրետ քայլեր ձեռնարկվեն դրանց կարգավորման համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել