HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմպրոդէքսպո 2008

Արմպրոդէքսպո 2008 ութերորդ միջազգային ցուցահանդեսին` մասնագիտացված սննդի բնագավառում, այս տարի մասնակցում են 60 անձ-կազմակերպություններ: Հրավիրված են Անգլիայից, Գերմանիայից, Բելառուսից, Ռուսաստանից, Ֆրանսիայից սնունդ արտադրող ընկերություններ: Ցուցահանդեսի կազմակերպիչը Ագրոբիզնեսի զարգացման կենտրոնն է: Ցուցահանդեսի շրջանակում ամեն տարի կազմակերպվում են փակ համտես-մրցույթներ, եւ մասնագետները ամփոփում են արդյունքները: Արցախից ցուցահանդեսին մասնակցում է "Արցախ ֆրուտ" ընկերությունը: Ընկերության նախագահի օգնական Սեյրան Հովհաննիսյանը գտնում է, որ Արցախում "գյուղատնտեսության ոչ մի ճյուղ բավականին զարգացած չէ", եւ սրանով է բացատրում տեղական արտադրողների պասիվ մասնակցությունը: "Արցախ ֆրուտ" գործարանը խնդիր ունի` "պահանջարկը շատ է, իսկ մթերքը` քիչ": Ներկայացրել են 25 ապրանքատեսակ, իսկ ցուցահանդեսի մասին Ս. Հովհաննիսյանը ասաց. "Հայաստանյան ցուցահանդեսները փոքր են շուկա մտնելու համար: Մեր մասնակցության պատճառը այստեղի սպառողներին ապրանքատեսակները ներկայացնելն է": Արտաշատի պահածոների գործարանի տեխնոլոգ Ամուր Ոսկանյանն ասում է, որ Արտաշատում զարգանում են գյուղատնտեսության բոլոր ճյուղերը, ինչը լայն հնարավորություններ է ստեղծում ընկերության համար: Գործարանը ներկայացրեց նոր պահածոներ` կանաչ լոբի, "լեչո", իսկ նոր արտադրատեսակների նպատակն է տնտեսուհու պարտականությունների նվազեցում. "Ցուցահանդեսին մասնակցում ենք, քանի որ խթան է նոր ընկերությունների հետ համագործակցելու, նաեւ սպառողների առաջարկները լսելու համար": Էջմիածինից ցուցահանդեսին մասնակցում է "Էջմիածին կաթ" ընկերությունը: Այս տարի գործարանը ներկայացրեց փափուկ պանիր: Գործարանի նախագահ Սամվել Հովհաննիսյանը ասում է, որ մասնակցության հիմնական պատճառը շուկայից դուրս չմնալն է: Նա գտնում է, որ ցուցահանդեսը գրեթե չի օգնում շուկա մտնելու գործում: "Աշտարակ կաթ" գործարանը եւս ներկայացնում է պանրի նոր տեսականիներ: Գործարանի մարքեթինգի բաժնի ներկայացուցիչ Կարինե Իսոյանը ասում է, որ մասնակցության նպատակը սպառողներին եւս մեկ անգամ ասելն է, որ իրենք կան շուկայում: Բելառուսից մասնակցում է "Կլիմայիչեսկի լիկյորովոդոչնիյ" գործարանը: Գործարանի ներկայացուցիչ Դիանա Նիկոլաեւնան ասում է, որ Բելառուսում ցուցահանդեսը ավելի մասշտաբային է, ավելի շատ գործարաններ են մասնակցում: Ցուցահանդեսից գոհ է, քանի որ շատ են իրենց ապրանքատեսակներով հետաքրքրվողները: "Արարատ" կոնյակի եւ գինու կոմբինատը հինգերորդ տարին է, որ մասնակցում է ցուցահանդեսին: Շուկայագիտության մասնագետ Լիլիթ Սանայանը ասում է, որ ցուցահանդեսի թերությունը այն է, որ մասնակիցները միշտ նույն ընկերություններն են: "Ռոյալ Արմենիա" սուրճի ընկերության հաշվապահ Կարին Թադեւոսյանը գտնում է, որ ցուցահանդեսը նպաստում է կապեր հաստատել տարբեր ընկերությունների հետ: "Դարոյինք" ընկերությունը ցուցահանդեսին ներկայացրեց մի քանի նորություն` կարամելի տեսականի, շոկոլադի նոր տեսականի: Ընկերության նախագահ Վարդան Ամիրյանը սպասումներ ունի. "Ցուցահանդեսից սպասում ենք շփում մեր սպառողների հետ": Ցուցահանդեսի այցելուները գոհունակություն են հայտնում ցուցահանդեսին ներկայացրած ապրանքատեսակներից. "Իմ քիմքին հատկապես հաճելի էին կաթնամթերքի տեսականիները: Ցուցահանդես այցելել եմ, որպեսզի ծանոթանամ մեր արտադրողների նոր տեսականիներին",- ասում է Լիանա Դավթյանը: Սակայն կան նաեւ դժգոհություններ. " Մուտքի գինը` 500 դրամ, բարձր է, անցած տարիներին 300 դրամ էր, հիմա` ինչու են բարձրացրել, չեմ հասկանում",- դժգոհում է Արմինե Պետրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter